HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Օտարալեզու դպրոցների դեմ շարժումը` արդեն մարզերում

Արդեն ապրիլի վերջին ասեկոսեներ էին շրջանառվում այն մասին, որ լեզվի ու հանրակրթության մասին օրենքներում փոփոխություններ են սպասվում, որոնք հնարավորություն կստեղծեն վերաբացելու օտարալեզու դպրոցները Հայաստանում: Եղան առաջին բողոքները համացանցում, սոցիալական ցանցերում, բլոգներում, տպագիր մամուլում: Մայիսի 12-ին մի խումբ քաղաքացիներ հավաքվեցին եւ որոշեցին հիմնադրել մի շարժում` կազմակերպված ձեւով դիմակայելու օրենսդրական փոփոխություններին: Միայն Facebook-ի հայկական հատվածում այն 3011 անդամ ունի: Ոչ քաղաքականացված մասնագետների կարծիքով` այն այսօրվա հայկական համացանցի ամենաակտիվ եւ բարձրակարգ խումբն է, որն ամենօրյա ակտիվ գործունեություն է ծավալում. մոնիթորինգի է ենթարկում ամբողջ մամուլը, հեռուստատեսությունը, անձնական բլոգները, անձնական մատյանները, կայքամատյանները, որոնք տեղակայված են համացանցում: Շարժումը միավորում է հասարակության ամենատարբեր շերտերի` անկախ տարիքից, մասնագիտությունից, կրթական ու սոցիալական ցենզից, կուսակցական համոզմունքներից: Խմբում համատեղ պայքարում են Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստն ու դաշնակը, ազգայնականն ու անկուսակցականը, մեծ թվով հանրապետականներ (վերջիններս թեեւ ոչ բացահայտ), ինչը աշխատանքի ու շփման նոր կուլտուրա է ձեւավորում նրանց մոտ: Խմբի ամենակարեւոր շերտն ակադեմիական մտավորականությունն է` հայագիտական` պատմության, լեզվի, գրականության ինստիտուտները: Բողոքի ակցիաների, մամուլում տարվող եռանդուն աշխատանքի շնորհիվ շարժումը հասել է նրան, որ նախագծի առաջին տարբերակը, ըստ որի` հանրապետության դպրոցների 2%-ը պետք է լիներ օտարալեզու, եւ չպետք է լիներ աշակերտների քանակական սահմանափակություն, արդեն անհնարին է թվում հենց նախագծի հեղինակներին: Խմբի դիրքորոշումը միանշանակ է` օրինագծերը պետք է մերժվեն: Լայն քննարկումներ պետք է ծավալվեն` գտնելու հանրակրթական համակարգի բարելավման, հանրակրթական դպրոցներում օտար լեզուների դասավանդման, արտերկրի միջնակարգ եւ բարձրագույն դպրոցների դասավանդման լավագույն   փորձը հայկական դպրոցներ ներմուծելու ամենաարդյունավետ ուղիները, հայոց լեզուն եւ հայեցի կրթությունը պահպանելով` ապահովել ժամանակակից, մրցունակ կրթություն, որպեսզի «մի տասը տարի հետո չգան ու ասեն` ձեր լեզուն հետամնաց է, դուք հետամնաց ենք, եւ առաջարկեն իրենց օտարալեզու կրթությունը»: Ժամանակակից կրթությունն է ժողովրդի համար ամենավտանգավոր ծուղակը, որը հեռանկարը շատերին կողմնակից է դարձնում օտարալեզու դպրոցների վերաբացմանը: Այնինչ պետք է տարբերել հանրակրթական դպրոցներում օտար լեզուների ուսուցումն օտարալեզու հանրակրթությունից: «Բոլորս կողմնակից ենք օտար լեզուների իմացությանը, նորմալ ենք վերաբերվում որեւէ լեզվով բարձրագույն կրթություն ստանալուն: Լեզուներ սովորելով` գործիք ես ստանում, հմտություն` աշխարհն ավելի լավ իմանալու, կյանքում ավելի մեծ առաջընթաց ունենալու: Յուրաքանչյուր մարդ, նույնիսկ հասուն տարիքում պետք է հնարավորություն ունենա օտար լեզուներ սովորելու, բայց ոչ հանրակրթության հաշվին: Հանրակրթությունը նաեւ քաղաքացի ձեւավորելու գործիք է, սոցիալական արդարության գործիք: Եթե մեզնից այդ գործիքները խլեն, անգամ մեր պետականության հետ կապված կարեւորագույն հարցերը չենք կարողանա լուծել»,- համոզված է նախաձեռնող խմբի անդամ Արմեն Հովհաննիսյանը: Նախաձեռնողները հասկացան, որ շարժումը չի կարող միայն համացանցում լինել. որոշվեց ոչ վիրտուալ, իրական պայքար մղել: Իրենց խոսքով` դիմեցին բոլոր ոչ բռնի միջոցներին` սկսած բանավեճերից, մինչեւ բողոքի ցույցեր, որոնք «հակառակորդների» կողմից որակվեցին «ագրեսիվ», եղան նույնիսկ երկխոսության փորձեր: Գիտակցելով նաեւ օտարալեզու դպրոցների ու դրանց վերաբացման հետեւանքների մասին մարդկանց իրազեկությունը բարձրացնելու անհրաժեշտությունը (խմբի անդամների խոսքով` կառավարությունը ժողովրդի անտեղյակությունը որպես մահակ է օգտագործում նրա դեմ) նախաձեռնող խումբը որոշեց տարածվել Հայաստանով մեկ, ընդգրկել Հայաստանի մարզերն ու ստեղծել հենակետեր` ակտիվ մարդկանց ներգրավելով քաղաքացիական շարժման մեջ: Առաջին արտագնա այցելությունը Վանաձորում էր, քանի որ նախաձեռնողների խեսքով` թե նախաձեռնող խմբի մեջ, թե ակտիվիստների շարքերում վանաձորցիները մեծ թիվ են կազմում: Վանաձոր էին ժամանել «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» խմբի անդամներ Արամ Ապատյանը, Արմեն Հովհաննիսյանն ու Գեւորգ Գիլանցը: Հյուրերը ներկայացրին ազգային կարեւորագույն հարցի վերաբերյալ ունեցած իրենց փաստարկներն ու մտահոգությունները: Առաջին հերթին լուրջ վտանգի գիտակցությունն է, որ բոլորին միավորում է գիտակցական պայքարի շուրջ: Նախաձեռնող խմբի անդամ Արամ Ապատյանն այսպես է գնահատում վտանգը. «Աշխարհում գոյություն ունի մոտ 6 հազար լեզու, ըստ լուրջ հետազոտությունների` 50 տարի անց դրանցից կմնա մոտ 600-ը, այսինքն` 90%-ը կձուլվի, որովհետեւ երիտասարդները կսկսեն խոսել այն լեզուներով, որոնցով իրենց ծնողներն են խոսում, որոնք ինչ-ինչ պատճառներով ավելի գրավիչ են թվում նրանց: Թե ինչ տեղի կունենա հայերենի հետ, կախված է մեր այսօրվա որոշումից. արդյոք մենք կբացե՞նք ճանապարհը դեպի օտարալեզու դպրոցներ»: Խմբի մյուս անդամ Արմեն Հովհաննիսյանի կարծիքով` նման օրինագծերով իշխանությունները հարցականի տակ են դնում ՀՀ Սահմանադրության 12-րդ կետը` ՀՀ պետական լեզուն հայերենն է: Հարցականի տակ են դնում անկախության հռչակագիրը, որը նաեւ պարտավորեցնում է, որ Հայաստանը պետք է իր սեփական անկախ կրթական համակարգն ստեղծի իր պետական լեզվով: Արմեն Հովհաննիսյանը վտանգավոր, ընդհուպ հանցավոր է համարում ազգի վերնախավը ներկայացնող մարդկանց` նախագահի, վարչապետի, պատգամավորների կողմից այնպիսի գործելաոճը, երբ մի «լոկալ» հարց լուծելու համար նրանք վտանգում են ազգային գոյությունն ու անվտանգությունը: «Օրենքի ցանկացած փոփոխություն պետք է ուղղված լինի գոյություն ունեցող խնդիրները լուծելուն: Այս նախագծերը ոչ միայն չեն լուծում գոյություն ունեցող խնդիրները, այլեւ անպիսի խնդիրների տարափ են բերելու մեր գլխին` քաղաքական, սոցիալական, էթնիկական, ազգային, հոգեբանական, որ ամեն անգամ քննարկելով`  գտնում ենք սարսափելի: Դրա համար անհնար է որեւէ կերպ համակերպվել եւ թույլատրել, որ օրինագծերն անցնեն»,- ասում է նա: Վանաձորցիները, որոնց թվում` մտավորականներ, ուսանողներ, շարքային քաղաքացիներ, ողջունեցին նախաձեռնությունը եւ հայտնեցին իրենց մտավախություններն օտարալեզու դպրոցների վերաբացման կապակցությամբ: Անդրադառնալով կառավարության` Հայաստանում օտարալեզու դպրոցներ վերաբացելու ծրագրին` պատմաբան Գեւորգ Չատինյանը զուգահեռ տարավ Ցարական Ռուսաստանի վարած քաղաքականության հետ, որով երեք անգամ` 1885, 1897, 1903 թթ., փակվեցին հայկական դպրոցները, որովհետեւ «հայ դպրոցն էր հայեցի դաստիարակողը, հայ ոգին, հայրենասիրությունը, հայոց պետությունը, պատմական աշխարհագրությունը դասավանդողը»: «Նախկին խորհրդային պետությունը կոնկրետ գիտեր ինչ է անում. նոր մարդու դաստիարակության պատվեր ուներ: Այդ ծրագրով շատ լավ դասագրքեր էլ ուներ, շատ լավ էլ կուսակցական քաղաքականություն էլ էր իրականացնում, շատ լավ էլ մասնագետներ էր պատրաստում»,- ասաց նա: Պատմաբանի համոզմամբ` 1903 թ. հունիսի 12-ի հայոց եկեղեցու գույքը բռնագրավելու մասին օրենքն էլ դիպուկ քայլ էր Ցարական կառավարության եւ հակահայ ուժերի կողմից` ուղղված դարձյալ հայկական դպրոցի դեմ, հատկապես եկեղեցուն էր պատկանում դպրոցը. «Հարվածելով եկեղեցուն ու դպրոցին` հարվածում ես ժողովրդի ինքնությանը: Հետո 1-2 սերունդ հետո կարող ես իրականացնել հայկական սպիտակ ջարդը»: Օտարալեզու դպրոցների առնչությամբ դարձյալ համեմատության մեջ խոսեց  խորհրդային շրջանում մեծ տարածում ունեցող ռուսական դպրոցների եւ հայերի ռուսամոլության մասին: «Երբ մայրաքաղաքում էինք, գնում եւ հայերեն էինք խոսում, մեզ վրա ծիծաղում էին, թե ռայոնից ա եկել, ռուսերեն չի խոսում»,- հիշեցրեց: Նրա կարծիքով` օտարալեզու դպրոցների վերաբացումը կբերի նրան, որ մեր երիտասարդությունը 5-10 տարի հետո ամբողջովին կբաժանվի էլիտարների եւ ոչ էլիտարների: Էլիտարներն օտարալեզու դպրոցներում սովորող նոր հայի, նոր պաշտոնավորի սերունդները կլինեն, ինչպես խորհրդային տարիներին անպատճառ ռուսական դպրոց հաճախող քարտուղարների երեխաները: Ու կգա օտար լեզվով դաստիարակված, օտար լեզվամտածողությունը կրող մի սերունդ, որի ներկայացուցիչները կլինեն պարզապես Հայաստանի անկախ հանրապետության կոսմոպոլիտ քաղաքացիներ: Գրող, թարգմանիչ, հրապարակախոս Խորեն Գասպարյանն էլ իր տագնապն է հայտնում, որ քաղքենի խավն անխուսափելիորեն կգա եւ մեզ կպարտադրի մտածել օտար լեզվով: «Իսկ օտար լեզվով մտածողն արդեն հայ չի»,- ասում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter