«Նոր աշխարհի ֆլեշ-մոբերներից էլ Նոյն էր ու իր տղաները»
Ֆլեշ մոբը հասարակության մեջ գաղափարներ արթնացնելու համար մեծ գործիք է, իսկ թե ինչպես է այն օգտագործվում Հայաստանում, ցույց կտա ժամանակը: Ֆլեշ-մոբը Հայաստանում ունի իր կարճ, բայց յուրօրինակ պատմությունը: Ֆլեշ-մոբի մասնակիցները հայաստանյան միջոցառումներում աստիճանաբար ավելանում են, բայց նրանցից շատերը իրական ֆլեշ մոբի մասին աղոտ պատկերացում ունեն:Հայաստանում այժմ գործում է «Հայկական ֆլեշ-մոբ դիվիզիան», որի նվիրյալ հիմնադիրների շնորհիվ Հայաստանում արդեն կազմակերպվել են մի քանի ֆլեշ-մոբեր:
Ֆլեշ մոբը հայերեն բառացի թարգմանվում է «կայծակնային ամբոխ»: Այն նախօրոք պլանավորված միջոցառում է, որի ժամանակ մարդկանց մի մեծ խումբ անսպասելի հայտնվում է որևէ հասարակական վայրում, մի քանի րոպեի ընթացքում կատարում նախօրոք պայմանավորված գործողություններ, իսկ հետո միաժամանակ արագ ցրվում այնպես, կարծես ոչինչ էլ չէր պատահել: Ֆլեշ-մոբն ունի իր հստակ կանոնները:
Հայկական երկրորդ ֆլեշ մոբը խախտեց որոշ կանոններ և հայտարարեց կայանալիք ֆլեշ մոբի մասին` զանգվածային տեղեկատվություն տրամադրելով: Սակայն սա ևս ուներ իր պատճառները: Նպատակն այն էր, որ ֆլեշ մոբ-շարժմանը մասնակցեին որքան հնարավոր է շատ մարդիկ և Հայաստանում շատերն իմանային, թե ինչ այն իրենից ներակայցնում:
Աշխարհում առաջին ֆլեշ-մոբը կազմակերպվել է Մանհեթենում 2003 թվականին: Մինչ այսօր բազում հետաքրքիր ֆլեշ-մոբեր են տեղի ունեցել ամբողջ աշխարհում: Չինաստանում մարդիկ հավաքվել են մեկ տեղում, որպեսզի միասին իջեցնեն խանութի գները: Լոնդոնում հայտնի «Լուռ դիսկո» ֆլեշ-մոբը ամենահայտնիներից է: Երիտասարդները 2006 թվականի ապրիլին հավաքվել էին Լոնդոնի անցումներից մեկում, դրել իրենց ականջակալները և բոլորով միասին պարել լռության մեջ: Սրան մասնակցել էր մոտ 4000 մարդ:
Կան նաև միջազգային ֆլեշ-մոբեր: 2008 թվականի մարտի 22-ին աշխարհի 25 տարբեր քաղաքներում միաժամանակ կազմակերպվել է բարձերի կռիվ:
Ֆլեշ-մոբերը հիմնականում պարունակում են որևէ իմաստ, ասելիք են ունենում:
«Հայկական ֆլեշ-մոբ դիվիզիայի» կողմից կազմակերպված առաջին ֆլեշ-մոբը նվիրված էր Մեծ Եղեռնի 95-րդ տարելիցին: Երկրորդ ֆլեշ-մոբն ապացուցում էր, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր իսկապես անտարբեր չեն գրքի նկատմամբ: Երիտասարդները բոլորը միաժամանակ սկսեցին գիրք կարդալ:
«Ֆլեշ-մոբերը միշտ էլ եղել են: Նոր աշխարհի ֆլեշ-մոբերներից էլ Նոյն էր և իր տղաները, որ կայծակնային արագությամբ իջան Արարատի լանջին, հետո կայծակնային արագությամբ էլ ցրվեցին տարբեր ուղղություններով: Պարզապես այդ ժամանակ դեռ անգլերենը տարածված չէր, և Նոյը չգիտեր, որ դա ֆլեշ-մոբ է»,- կեսկատակ-կեսլուրջ ասում է «Հայկական ֆլեշմոբ դիվիզիայի» հիմնադիրներից Արմեն Սուքիասյանը:
«Այն, որ բոլոր անցորդները քեզ են նայում ապշած և փորձում հասկանալ, թե դու ինչ ես ուզում դրանով ասել, արդեն հաճելի է ինձ նման ուշադրություն սիրող մարդու համար: Էլ չեմ խոսում, որ այդ հաճույքը նաև օգտակար է հանրությանը»,- ասում է ֆլեշ մոբերի մասնակից Աննա Ներսիսյանը:
«Փոքր-ինչ ժամանակատար և աշխատատար էր մեր հանրության մեջ ֆլեշ մոբ հասկացությունը մտցնելը, բայց մեզ` խենթ ու խելառներիս, դա հաջողվեց: Մենք այսօր արդեն շատ ենք և ուժեղ»,-ասում է Արմեն Սուքիասյանը:
Հայերը փոքր-ինչ բարդույթավորված ազգ են, և ֆլեշ-մոբն իր տարօրինակ, խենթ արարքներով Հայաստան բերելը դժվար է եղել, իսկ թե ինչպես այն կդիմանա հայկական իրականության փորձություններին, ցույց կտա ժամանակը:
Մարինե Քոչարյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել