
«Ես իմ տունս գուզեմ»,-պնդում է գյումրեցի կալանավորը
2005-ին ինչի մեկ սենյականոցը Լեննականի մեջ 7 հազար դոլար արժեր հա՞, որ ես էլ 8 հազար ուզեի, 7-ով տայի, դու էլ էնքան հարիֆ էղնեիր, որ իմ քանդած տանս ըդքան գումար տայիր, սուտ կըսեն, պարոն դատավոր, ես մե քոռ կոպեկմ էլ չեմ ստացել տանս դիմաց,-պնդեց բնակարանային վեճում որպես պատասխանող կողմ հանդես եկող Լյովա Սիմոնյանն ու, շրջվելով հայցվորի կողմը, հորդորեց,- դե երեխեքիդ արեւ երդվի, որ դու ընձի թեկուզ 70 կապեկ փող ես տվել»:
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Լյովա Սերգոյի Սիմոնյանը (գործով պատասխանող կողմ ճանաչված) «Լինսի» հիմնադրամով Անտառավան թաղամասում կառուցված շենքի իր մեկ սենյականոց բնակարանը 2005 թ. ապրիլի վերջերին ցանկացել է վաճառել: Այդ մասին իմացել է Վահագն Ազարյանը, ով այդ ժամանակահատվածում ժամանակավոր աշխատեցրել է Մանուշյան փողոցում գտնվող փակ շուկային հարակից կրպակներից մեկը: Վերջինս ցանկություն է հայտնել գնել բնակարանը եւ նախնական պայմանավորվածությամբ Լյովա Սիմոնյանին առձեռն տվել է 350 դոլար եւ նույնքան գումարի էլ սննդամթերք իր խանութից:
Որոշ ժամանակ անց Վահագնը Լյովային հայտնել է, որ չի կարող գնել բնակարանը եւ ետ է պահանջել 700 դոլարը: Լյովան հրաժարվել է այն վերադարձնել` պատճառաբանելով, թե ծախսել է: Վահագն էլ որպես խնդրի լուծում առաջարկել է բնակարանը վարձակալությամբ տալ իր մորը` նշված 700 դոլարի դիմաց: Լյովա Սիմոնյանը դատարանում հայտարարեց, որ Վահագնը խաբել է իրեն` առաջարկելով տված գումարի դիմաց նոտարական կարգով գրավ դնել բնակարանը: Գործարքը վավերացնելու նպատակով հանդիպել են 2005 թ. մայիսի 2-ին` Մանուշյան փողոցում: Լյովայի պատմելով, Վահագնը իր հետ եկած կնոջը` Սյուզաննա Մուրադյանին ներկայացրել է որպես իր քույրը: Բացի մեքենայի վարորդից, եւս մեկ տղամարդ է եղել Վահագնի հետ, ում Լյովան չի ճանաչել: Գյումրիի նոտարական գրասենյակում գործարքը վավերացնելու փոխարեն խումբը մեկնել է Մարալիկ քաղաք:
«Ընձի ըսեցին, թե իբր մեր նոտարը հիվանդ է,-տեղի ունեցածը մեկնաբանեց Լյովա Սիմոնյանը,- բայց ես Մարալիկում իրանց խոսալու ձեւից հասկցա, որ նոտարն իրանց ծանոթն է»:
Լյովան հիշեց, որ գործարքը դեռ չվավերացրած` նոտարին զանգահարել եւ դուրս են կանչել: Իրենք իջել են շենքի բակ, որտեղ Վահագնը Սյուզաննայի պայուսակից օղի է հանել եւ հյուրասիրել: Ինքը երկու բաժակ խմել է: Դրանից հետո, երբ կանչել են նոտարի մոտ` թղթերը ստորագրելու, եղել է շշմած վիճակում եւ բոլորովին չի հիշում, թե ինչ թղթեր է ստորագրել: Արդյունքում Սյուզաննա Մուրադյանի ձեռքում հայտնվել են փաստաթղթեր, որտեղ նշված է, որ Լյովա Սիմոնյանն իրականացրել է տան վաճառքը 7000 դոլարով: Լյովա Սիմոնյանի ստորագրած փաստաթղթերի հիման վրա Սյուզաննա Սիմոնյանն իր ընտանիքով գրանցվել է Անտառավան 4-րդ թաղամաս,1ա շենքի 23 բնակարանում:
Քանի որ «Լինսի» հիմնադրամով կառուցված բնակարաններն առնվազն 5 տարվա ընթացքում չէր թույլատրվում վաճառել, հետեւաբար Լյովա Սիմոնյանը ստորագրել է պարտավորագիր` պետական աջակցություն ցուցաբերելու մասին պայմանագրով նախատեսված ժամկետը լրանալուց հետո, անկախ դրամական արժեքից, առուծախի պայմանագիրը ձեւակերպելու Սյուզաննա Մուրադյանի անունով եւ վավերացնելու:
«Քանի որ 5 տարի ժամկետ կար բնակարանը չվաճառելու, հետեւաբար իմ սեփականության իրավունքն էլ պետական գրանցման չի ենթարկվել,- ներկայացրեց հայցվոր Սյուզաննա Մուրադյանը,- բայց ես, հարգելի դատավոր, բնակարանը գնելուց հետո այն վերանորոգել եմ` ծախսելով 4 հազար դոլարին համարժեք դրամ: 2005 թ.-ից մշտական հաշվառմամբ ապրում եմ տվյալ բնակարանում, վճարել եմ բոլոր կոմունալ ծախսերը, բնակարանի վարձը: Իսկ հիմա Լյովա Սիմոնյանը, չգիտես ինչու, բնակարանի վտարման պահանջ է ներկայացրել»: Ս. Մուրադյանի ընտանիքին իր բնակարանից վտարելու պահանջ Լ. Սիմոնյանը ներկայացրել էր նաեւ 2007 թ.-ին:
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում` նախագահությամբ դատավոր Ա. Մխիթարյանի, գործը լսվել էր, հայցը` մերժվել: Դատարանում չեն ապացուցվել Լ. Սիմոնյանի ներկայացրած փաստարկները: 2008 թ. հունվարի 25-ին Լ. Սիմոնյանը որոշել է բողոքարկել վճիռը վերաքննիչ դատարանում, սակայն վերաքննիչ քաղաքացիական դատարանը` դատավոր Կ. Չիլինգարյանի նախագահությամբ, Սյուզաննա Մուրադյանին բնակարանից վտարելու Լ. Սիմոնյանի բողոքը վերադարձրել է: Փոխարենը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բնակարանային առուվաճառքի պայմանագիրը վավեր ճանաչելու պահանջով 2010 թ. հունիսի 25-ին Սյուզաննա Մուրադյանի հայցադիմումն ընդունվել է վարույթ: «Սյուզաննա Մուրադյանն ընդդեմ Լյովա Սիմոնյանի» գործով հուլիսի 21-ի դատական նիստին եւս Լյովա Սիմոնյանը պնդեց, որ որեւէ մեկն իրեն առձեռն 7000 ԱՄՆ դոլար չի տվել:
«Կխնդրեմ ուշադրություն դարձնեք տիկին Սյուզաննայի խոսքերին,- դատավոր Հայկ Հովհաննիսյանին դիմեց Լ. Սիմոնյանը,- ինքը հենց նոր ըսեց, որ էդ փողը ընձի դուրսն է տվել, բայց իրա ցուցմունքի մեջ ու 2007 թ. դատի ժամանակ պնդել է, թե նոտարի աչքի առաջ է տվել: Մարալիկի նոտարն էլ է ցուցմունք տվել, թե իրա մոտն են փող տվել: Ըսքանը հերիք է, որ դուք կասկածեք, թե կխաբեն, հարգելի դատավոր: Հնարավոր է, որ իրան էլ Վահագն է խաբել, ուզեցել են էժան տուն ձեռք գցեն: Ու հմի էլ Վահագը թռած է, չկա»:
Լ. Սիմոնյանի պնդմամբ` գործը քննող քննիչը շահագրգիռ չի եղել վկաներ գտնելու հարցում, իսկ ինքն էլ, քանի որ անընդմեջ քրեակատարողական հիմնարկի «հյուրն» է, չի կարողացել ինքնուրույն դա անել: «Իսկ ի՞նչն է պատճառը, որ դուք անընդհատ անազատության մեջ եք»,- հետաքրքրվեց դատավորը:
«Դե, եթե մի գործով մեկ անգամ բռնվում ես, ուրեմն հա էլ պիտի նստես, էդպես չի՞, պարոն դատավոր: Ի՞նչ է, չգիտե՞ք մեր միլիցեքին, կբերեն մարիխուանան դեմդ կդնեն, թե` կամ վերցրու գնա նստի, կամ կքցենք, կերթաս կնստիս,- բացատրեց Լյովան,- ես գիտեմ, որ ես վատ քաղաքացի եմ, բայց ես երեխեք ունիմ, էդ տունն իրանց տունն է: Հո գլխիս սարքելո՞վ չէ»:
Դատավոր Հ. Հովհաննիսյանը փորձեց ճշտել` հնարավո՞ր է, որ կողմերը գան ընդհանուր հայտարարի եւ հաշտություն կնքեն: «Ես իմ տունս գուզեմ,- պնդեց Լ. Սիմոնյանը,- տիկին Սյուզաննան կըսե, թե 4 հազար դոլարի ծախս է էրել, հնարավոր է, բայց հաշվի առնինք, որ 5 տարի է անհախ տանս մեջ կապրին, ձրի` կարելի է ասել: Թող ինքն իմ տանս վարձը տա, ես էլ` իրա 4000 դոլարը»,-հայտարարեց Լյովա Սիմոնյանը:
Հայցվոր կողմը եւս հաշտության որեւէ տարբերակ չուներ եւ ամբողջությամբ պնդեց հայցը: Նոտարի հաստատած բոլոր փաստաթղթերում առկա էր Լյովա Սիմոնյանի ստորագրությունը, դա ապացուցվել էր նաեւ դատաձեռագրաբանական հետազոտության արդյունքում: Գյումրու ոստիկանության անձնագրային բաժանմունքի անձնագրավարն էլ բացատրություն էր տվել, որ Ս. Մուրադյանն իրենց մոտ եկել է բնակարանատիրոջ հետ եւ անձամբ իր ձեռքով Սյուզաննայի դիմումի ետնամասում գրել, որ համաձայն է, որպեսզի Ս. Մուրադյանը գրանցվի նշված հասցեում: Դատարանը վճռեց Սյուզաննա Մուրադյանի եւ Լյովա Սիմոնյանի միջեւ 2005 թ. մայիսի 2-ին կայացած առք ու վաճառքի պայմանագիրը վավեր ճանաչել, իսկ Լյովա Սիմոնյանի` բնակարանը վերադարձնելու պահանջը` մերժել:
Մեկնաբանել