Անտառները «նայողներ» ունեն
Ամռան տապից հանգստանալու համար մարզերում ապրող գյուղացիները, ովքեր Անթալիա, Քոբուլեթի, առավել եւս Սեւան գնալու ֆինանսական հնարավորություններ չունեն, նախընտրում են մի քանի ժամով իրենց հանգիստն անցկացնել անտառածածկ տարածքներում, որտեղ, բացի իրենց խնջույքի համար նախատեսված ուտելիքից, ֆինանսական այլ ծախսեր չեն պահանջվում:
Արագածոտնի մարզի գողտրիկ անկյուններից մեկն էլ Ապարանի ջրամբարի տարածքն է, որտեղ նաեւ անտառ կա, եւ շատերն են այդտեղ կազմակերպում իրենց մեկօրյա հանգիստը: Սակայն, վերջերս «Հետքի» խմբագրություն են դիմել մի խումբ քաղաքացիներ` դժգոհելով, որ Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղի տարածքի անտառներ մուտք գործելու համար անհայտ մի տղամարդ յուրաքանչյուր քաղաքացուց պահանջում է «մուտքի գումար»` 3000-ական դրամ: Իհարկե, հնարավոր է սակարկել եւ 1500-2000 դրամով մուտք գործել անտառածածկ տարածք: Հարցն այն է, թե ո՞վ է դրամահավաքությամբ զբաղվում, եւ արդյոք մի քանի հազար դրամը օրինակա՞ն վճար է:
Խմբագրություն դիմած քաղաքացիները հասցրել են նկարել հաղթանդամ տղամարդուն: Արագածոտնի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Յուրա Ազատյանը մեզ հետ զրույցում ասաց, թե տեղյակ չէ` ովքեր են անտառ մտնելու համար քաղաքացիներից գումար պահանջում, իսկ Ջրամբարի գյուղապետ Գարիկ Գեւորգյանն էլ ասաց, որ գումար հավաքողն իրենց գյուղի հետ կապ չունի եւ ապօրինի գործունեություն է իրականացնում:
«Ջրամբար համայնքի տարածքում մարդիկ չեն վճարում, ամբողջ տարածքն անվճար է: Ես չգիտեմ, կարող է մեկը մոտենա, իրեն իրավունք վերապահի ու գումարներ շորթի, ամեն դեպքում գյուղապետարանն այդ դեպքից տեղյակ չէ»,- նշեց Գ. Գեւորգյանը:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Սահակ Սահակյանն էլ ասաց, որ եթե տարածքը վարձակալությամբ տրված չէ ինչ-որ մեկի, եւ վերջինս էլ ծառայություններ չի մատուցում տարածք մուտք գործած քաղաքացիներին, ուրեմն մարդկանցից ցանկացած գումարի պահանջ ապօրինի է:
«Ամեն դեպքում, ոչ ոք չի կարող քաղաքացիներին արգելել, որ նրանք մուտք գործեն անտառի տարածք»,- ավելացրեց Ս. Սահակյանը: Իսկ մատուցված ծառայությունների մասին խոսք լինել չի կարող, քանի որ լուսանկարներից էլ երեւում է, որ անտառի այդ հատվածը չի «սպասարկվում» եւ լցված է աղբակույտերով: Նշված հատվածը գտնվում է «Հայանտառի» Ապարանի անտառտնտեսության սպասարկման տարածքում: Վերջինիս տնօրեն Վռամ Աբրահամյանից էլ հետաքրքրվեցինք` արդյո՞ք տարածքը տրված է վարձակալության:
«Այդ տարածքն ազատ է, ոչ ոք վարձակալությամբ չի զբաղեցնում: Մենք այդ դեպքի մասին վերջերս ենք իմացել, համապատասխան միջոցառումներ ենք ձեռնարկել, որպեսզի շարունակություն չունենա»,- նշեց տնօրենը: Այն հարցին, թե ովքեր են եղել գումար հավաքողները, Վ. Աբրահամյանը նշեց, որ չի ճանաչում` հարեւան գյուղերից են եղել:
«Անտառտնտեսության տարածքից մի 50-100 մետր հեռավորության վրա ձկնորսները երկաթից դոմիկ են դրել, գալիս են ձուկ բռնելու ու մնում են այդտեղ: Վերջերս այդ դոմիկը բերել էին անտառի տարածք, մենք նկատել էինք ու շտապ հեռացրել ենք անտառից, հավանաբար իրենք էլ եղել են գումար պահանջողները»,- ավելացրեց Վռամ Աբրահամյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել