Ֆեյսբուքցիները պահանջում են Սեյրան Օհանյանի եւ Ալիկ Սարգսյանի ինքնասպանությունը
Facebook սոցիալական ցանցը վերջին օրերին հեղեղված է հայկական բանակի վերջին իրադարձությունների քննարկումներով եւ բանակում առկա հիմնախնդիրներին ուղղված սուր քննադատությամբ: Հայկական տիրույթներում ստեղծվել է բաց խումբ, որի ադմինիստրացիան եւ արդեն հարյուրից ավելի անդամները պահանջում են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ինքնասպանությունը:
«Հայաստանում երկու պետական կառույց կա, որոնց պատերից ներս Հայաստանի քաղաքացիները, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, պարբերաբար ինքնասպան են լինում շատ կասկածելի հանգամանքներում՝ Ոստիկանություն եւ Պաշտպանության նախարարություն: Վերջին այդպիսի երկու դեպքերից են պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի, իսկ մինչ այդ ... Խալաֆյանի դեպքերը:
Նորմալ գործող պետական եւ քաղաքական համակարգի պայմաններում ոլորտի պատասխանատուները պետք է անհապաղ հրաժարական տված լինեին այսպիսի դեպքերից հետո: Սակայն Հայաստանում դա տեղի չի ունենում: Պաշտոնյաները մնում են իրենց տեղում, իսկ քննչական եւ դատական համակարգը ամեն ինչ անում է նման գործերը հնարավորինս կոծկելու եւ «մեղմելու» համար:
Մինչ` տեղի ունեցած դեպքերի մեծ մասը ակնհայտ սպանություններ են: Դրանց կապակցությամբ ինքնասպանության պաշտոնական վարկածի հապճեպ առաջքաշումը նշանակում է ուղղակի ձեռ առնել եւ «գժի տեղ» դնել հասարակությանը: Հետեւաբար այս իրավիճակում մեզ մնում է միայն մեկ ելք՝ պահանջել ՊՆ նախարարի եւ Ոստիկանության պետի ինքնասպանությունը»,- նշված է «Սեյրան Օհանյան եւ Ալիկ Սարգսյան՝ ինքնասպան եղե՛ք» խմբի նկարագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել