HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Սփյուռքահայը Հայաստանը նմանեցնում է գեղեցիկ, բայց փշոտ վարդի

«Իմ վերադարձը հորս ու մորս վիշտը դարմանելն է»

«Սկզբից դժվար էր, ինքս ինձ չէի գտնում, հաճախ կըսէի` այս մարդիկ կըսեն` հայ ենք, բայց թրքերէն բառեր կգործածեն, բառամթերք մը, որ հայկական բառարանին մեջ գոյութիւն չունի: Շատ դժուար էր, պէտք է այդ ձայներուն վարժվէի»,- հիշում է սփյուռքահայ Հովսեփ Արզումանյանը:

2008 թ. Հովսեփ Արզումանյանը Լիբանանից տեղափոխվեց Հայաստան. «Ես էլ ցանկություն ունեի գալ, օգտակար լինել, հոգեկան հանգստություն գտնել»: Մտածում էր աշխատել Գյումրիի որբանոցում կամ «Օրրան» բարեգործական կազմակերպությունում: Նա մի քանի մասնագիտություն ունի` հոգեբան է, վերադաստիարակ, արտթերապեւտ, աստվածաբան: Հովսեփն ապրում եւ որպես կրթական բաժնի կոորդինատոր աշխատում է «Օրրանում». «Ինծի համար Հայաստանի պէս խռովուած վիճակի մէջ երթալ մենակ ապրելը քիչ մը հոգնեցուցիչ է եւ վտանգաւոր, նախընտրեցի «Օրրանին» մէջ, նախ աւելի պաշտպանուած ես, աւելի ազատ եմ իմ գործով զբաղւում, հաստատութիւնն էլ աւելի կոնտրոլի տակ է»:

Այստեղ կամավորական սկզբունքներով է աշխատում, աշխատավարձ չի ստանում, փոխարենը «Օրրանը» հոգում է իր բոլոր ծախսերը: Առաջին անգամ Հայաստան եկավ իր մեքենայով, որոշեց երկարացնել փաստաթղթերի ժամկետը, 900.000 դրամ պահանջեցին իրենից, գնաց Սփյուռքի նախարարություն, նրան անվճար տրամադրեցին իրավաբան, դատական հայց հարուցեց Հարկային ծառայության դեմ:

«Տեսան, որ ես լռելյայն չեմ, ասացին` 0-ի սխալ է, իբր 90.000 պէտք է լիներ, բայց իրականում ոչ մի բան էլ չպետք է տայի, էդ պաշտոնեան աշխատանքից ազատւեց: Արտասահմանի մարդոց կշորթեն, կասեն` էս մարդը փողով եկած է, ինքնաշարժ (մեքենա) ունի, բարեգործական կազմակերպութեան մէջ աշխատած է, ժամանակն է, որ իրեն խաբենք»,- պատմում է չխաբված սփյուռքահայը:

Նա ծնվել է Լիբանանում, հաճախել եւ հայկական, եւ ֆրանսիական դպրոց: 1915 թ. ջարդերի ժամանակ ընտանիքը ֆրանսիական նավով Կիլիկիայից Լիբանան է փոխադրվել: Արզումանյանների ընտանիքի վերջին` յոթերորդ երեխան Հովսեփն է: Նրա ծնողները արմատներով այսօրվա Անկարայի շրջանից են` Յոսղադենից:

«Իմ վերադարձը հորս ու մորս վիշտը դարմանելն է»,- ասում է Հովսեփը: Նրա պատմելով` դրսում իրենց հայությունը պաշտպանել են ոչ թե որպես մոլեռանդ ազգասեր, այլ որպես մարդ, քանի որ հոգին համընդհանուր է, եւ նախ պետք է պահպանել մարդկությունը, ապա դրա մեջ` նաեւ հայությունը: Արդեն10 տարի է, ինչ Հովսեփը ամուսնալուծված է: Երեխաները սովորում են Փարիզում, հաճախ գալիս են նաեւ Հայաստան: Իսկ եղբայրները եւ քույրերը հաճախ Հայաստանում են անցկացնում իրենց արձակուրդները: Ամեն շաբաթ եւ կիրակի նա գնում է Հայաստանի ծայրամասերը, սարեր բարձրանում, գյուղեր այցելում: Հովսեփը չի սիրում Երեւանը, մայրաքաղաքի շենքերից ավելի լավը նա Բեյրութում է տեսել: Փոխարենը շատ է ցանկանում ապրել Բյուրականում: Այստեղ տղամարդ ընկերներ չունի:

Շփվում է իր տարիքի կանանց հետ. «Տարիք ունեցող աղջիկներու հետ հարաբերություններու հետ մշակելիս կնկատեմ, որ հորը, մորը, հարեւանին կեցվածքը շատ ավելի կարեւոր է, այստեղի մարդիկը չեն ձերբազատված ահագին բաներեն, ինքնուրույն մարդիկ չեն տեսած»: Նա չի համեմատում Լիբանանն ու Հայաստանը` տարբեր երկրներ են, տարբեր հոգեկերտվածքներ, մեր ղեկավարներին էլ խորհուրդ է տալիս Հայաստանը չհամեմատել ոչ Ֆրանսիայի, ոչ էլ Ամերիկայի հետ` «իրենց չափերու մեջ մնան»:

Բայց Հովսեփը հսկայական տարբերություններ է նկատում այստեղի եւ այնտեղի մարդկանց մտածելակերպի մեջ: Ինքն էլ կամաց-կամաց սկսել է վարժվել հայաստանյան մտածելակերպին, ասում է` հաճախ չի պատասխանում, մեկ չորրորդ ականջով է «մտիկ անում»: Նշում է, որ Լիբանանում մարդիկ իրար հանդուրժում են, իսկ այստեղ դիմացինի մեջ մեղավոր են փնտրում, չեն հանդուրժում իրար: Հովսեփի խոսքերով` եթե 10 տարի առաջ այստեղի ժողովուրդը շատ դժբախտ էր, բայց նաեւ շատ հեզ էր, հիմա մակերեսային արժեքների վրա է հիմնված: Նրա կարծիքով` այսօր հայրենիքը կռապաշտ է, ոչ թե քրիստոնյա, ցանկությունն է վերադառնալ Աստծո նորոգված ոգուն, զարգացնել հոգեւոր արժեքները: Նա հասկանում է այն մարդկանց, ովքեր ուզում են հեռանալ Հայաստանից, բայց ինքը պատրաստ է մինչեւ կյանքի վերջ ապրել այստեղ, չնայած ասում է, որ հայր լինելով` պետք է հոգա նաեւ երեխաների պահանջները, եւ եթե նրանք իր կարիքը ունենան, ապա կգնա երեխաների մոտ` Փարիզ:

«Փոլիթիքալ մարդոց մեջ տհասություն կա»

«Մենք կտեսնենք ներկա վիճակը եւ կըսենք` այս ինչ տեսակ հայրենիք մըն է, մինչ այդ մենք կարդացած ենք մեր բանաստեղծներին, ոգեւորված ենք մեր հսկայական Նոյան տապանով, բայց այսօր այդ հսկայական պատմության եւ մշակույթի առջեւ երբ կուգանք եւ մեր շատ փոքր ներկան կտեսնենք, պարադոքսալ վիճակ է, երկու ծայրահեղության մեջ կապրինք»,- ասում է Հովսեփը:

Հայրենիքը նրա համար ցորենի երկիր է, մենք շատ լավ գիտենք ցորեն մշակել, բայց այն բերում ենք Կանադայից կամ Ավստրալիայից. «Հայաստանը ցորենի երկիր է, բայց անոնք անմշակ են: Երբ հարցում կընեմ` ինչու՞ է էսպես, կհասկանամ, որ տեխնիկի պակասն է: Ինչ լավ պիտի ըլլար, որ Հայաստանի մեջ օր մը տեսնեի հեծանիվներ, ոչ թե «Կադիլակներ», անոր տեղ ունենայինք տրակտորներ հող մշակելու համար: Ղեկավարը անչափ տգետ պետք է ըլլա, որ ժողովուրդն այս վիճակին ձգե, որ ժողովուրդը լավ լիներ, ինքը, թերեւս, 10 «Կադիլակ» պետք է ունենար»: Հովսեփը Հայաստանը նմանեցնում է շատ գեղեցիկ, բայց փշոտ վարդի: Այստեղ նա իրեն զգում է հողի մի մասը: Ճիշտ է` սկզբից հայրենիքի փշերը շատ էին ցավեցնում նրա մատները, բայց հիմա արդեն հարմարվել է, փորձում է այդ փշոտ վարդը մշակել:

Գալով հայրենիք` սփյուռքահայն այստեղ հոգեկան հանգստություն է գտնում, բայց տեսնելով առկա խնդիրները` ցնցվում է. «Փոլիթիքալ մարդոց մեջ տհասություն կա, էկոնոմիի մեջ ղեկավարող մարդիկ անչափ անձնասեր են, որկրամոլ են, ամեն ինչ կուզեն իրենց պահել եւ ժողովրդին բան չընծայել, այսօրվա էկոնոմին փոփուլյար էկոնոմի չէ, այլ մի քանի օլիգարխների, նրանց ընտանիքների ձեռքում է»:

Հովսեփն ասում է, որ Հայաստանում օրենքն ավելի շուտ թակարդ է, քան մարդկանց օգնելու համար, օրենքը ներել չգիտի եւ առաջին իսկ վայրկյանին կախաղան է հանում, իսկ Հարկային ծառայությունը ժողովրդի համար շատ մեծ խնդիր է: Նրա կարծիքով` կոռուպցիան սկսվում է դպրոցներից, իսկ համալսարաններում կրթական մակարդակը շատ տկար է: Մարդն այստեղ արժեք չէ, ասում է` «շատ էժան է մարդն այստեղ», մինչդեռ արտերկրում հավատում են մարդու ներքին պոտենցիալին, հարստությանը, ուժերին:

«Հայրենիքի հոգին հանգիստ չի, ժողովրդի մեջ ագրեսիա շատ կա, կոշտություն, կոպտություն, շատ քչերը ներողություն, շնորհակալություն կըսեն»,- ասում է Հովսեփը:

Կարծում է` այստեղ շատ քիչ են ստեղծագործող արվեստագետները, իսկ մյուսները «քոփիներ» են անում: Հովսեփի կարծիքով` այստեղ մտավորականները չգիտեն «ոչ» ասել, իսկ ժողովուրդը ստրկացված է: Բայց ուրախությամբ նկատում է, որ երիտասարդները շատ ավելի լավն են, համոզված է` ապագայի երիտասարդը պետք է առանց զենքի հեղաշրջում անի: Հովսեփը նշում է, որ թե ժողովուրդը, թե ղեկավարները պետք է այնքան հասունանան, որ պատրաստ լինեն ինչ-որ բան փոխելու խաղաղ ընդվզումով: Նա համոզված է, որ եթե երկու օր Հայաստանի ամբողջ ժողովուրդը գործի չգնա, Կառավարությունը կտապալվի:

«Հիմա դեմոկրատիա գոյություն չունի, դեմոկրատիայի մեջ ամեն ընդվզումները ընդունելի են, դրանք պետք է արտոնվեն, լռեցնելով ոչնչի չես հասնի, խելացի ղեկավարը նա է, ով երկխոսություն է ստեղծում ժողովրդին հետ, եթե ինքը ժողովրդին ներկայացուցիչն է, պետք է լսե նրան»: Հայաստանի առաջ ծառացած ամենակարեւոր խնդիրը համարում է այն, որ յուրաքանչյուր ղեկավար պետք է համալսարան հաճախի, քանի որ «քաղաքականությունը գիտություն է, ոչ թե ասոր-անոր զավակն ես, նույն տոհմեն ես, կարող ես պաշտոն զբաղեցնել»:

Նրան չի բավարարում այսօրվա հայ ղեկավարների կրթական մակարդակը. «Երբ հեռուստատեսությամբ իրենց գլուխները կտեսնեմ, քյաբաբեն զատ ուրիշ բան չի երեւա: Այդ մարդիկ պետք է իրենց ուսումը առնեին, օտար երկրներ երթային, այնտեղ շփվեին, խրատներ առնեին, որ իրենց ուղեղները զարգանան, բացվին, շատ փակ են»: Փոխարենը նշեց, որ զարգացած է ավազակությունը, կոռուպցիան, «ղեկավարներու մոտ` իրենցից անդին չտեսնելը»: Հովսեփը հավատում է, որ մի օր այս ամենը կփոխվի, իսկ ելքը տեսնում է տեղացիների եւ արտասահմանի հայերի համատեղ ջանքերով «հայրենիք մշակելու մեջ»:

Նա համոզված է, որ արտասահմանցի շատ հայեր մեծ կարողություններ ունեն, ըստ որում` ոչ միայն նյութական, այլեւ հոգեւոր, բայց երբ գալիս են ու տեսնում այստեղի «տակից օրենքները», կոռուպցիան, հիասթափվում են եւ չեն ուզում գործ անել` մտածելով, որ Հայաստանը այդ հասունությունը չունի: Հովսեփի փափագն է, որ մեր խորհրդանիշ արծվի երկու թեւերը լինեին Հայաստանի եւ արտասահմանի հայերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter