HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«10 տարի հետո եթե Ջավախքում մի հայ մնա, Գուրին է լինելու»

«Հավատացյալ անհավատ եմ, տարիներիս հավատում եմ, շուտով 60 տարեկան եմ, ծերանալուս չեմ հավատում, վեցից հետո յոթն ունեմ...»: 2009 թ. գրած բանաստեղծության այս տողերը բնութագրում են Գուրի Եթերին: Գուրի Ավետիսյանին Ջավախքում ճանաչում են որպես բանաստեղծ Գուրի Եթեր:

Նրա բանաստեղծությունների լավագույն ու մշտական ասմունքողը կինն է` բանաստեղծուհի Սիլվա Սիփանուհին: Երկուսն էլ Հայ գրողների միության անդամ են: Բանաստեղծների ընտանիքն ապրում է Ախալքալաքի շրջանի Տուրցխ գյուղում: 8 երեխա ունեն` 6 աղջիկ եւ երկու տղա: 5-ին արդեն հասցրել են ամուսնացնել եւ 9 թոռ ունենալ: «Աշխարհում երեխուց թանկ ի՞նչ կարող է լինել. եթե երեխան չլինի` Թումանյանի գրած «Անուշը» կամ «Թմբկաբերդն» ո՞ւմ են պետք, ո՞վ պիտի կարդա այդ գրածները: Ազգը հավերժացնողը մարդն է, մայրենի լեզուն է: Հողն էլ սուտ է, սահմանն էլ, կարեւորը լեզուն է»,- ասում է 59-ամյա Գուրի Եթերը: Հայկանուշը, Նաիրուհին, Ռուզաննան, Տիգրանուհին, Նարեկը, Նարեն, Անին, Օզիոսը. «Բնականից տաղանդավոր երկու երեխա ունեմ, մնացածները լրիվ առողջ են, գեղեցիկ»,- կատակում է Գուրի Եթերը:

Նա բոլորին միանման է սիրում, ասում է` եթե տարբերակեր, ապա միայն նրան, ով ֆիզիկապես խեղճ կլիներ, ինչպես, իր խոսքերով, ինքն է: Բնիկ տուրցխեցի գրողի նախնիները լեզգիների ներխուժման ժամանակ տեղափոխվել են Արդահան, այնուհետեւ կրկին վերադարձել Տուրցխ: 1947 թ. Ավետիսյանների մի մասը տեղափոխվել է Մախարաձեի շրջան` Շերոմ գյուղ, այդ թվում եւ բանաստեղծի ծնողները: Գուրին այնտեղ է ծնվել, 5 տարեկանում կրկին վերադարձել են Տուրցխ: Գուրիի անունը գրանցելիս գրել են «Ավետիսով Գուրիո», ազգանունը ինքն է հետագայում փոխել` Ավետիսյան: Իսկ մոր անունը եղել է Անթառամ, գրանցելիս դարձրել են Էթերի: Մոր անունն էլ դարձրել է իր գրական անվան մի մասը` Գուրի Եթեր: Մի քանի լեզուների վերլուծությամբ տալիս է իր անվան մեկնությունը. «գուրի» նշանակում է ավանակ, ետդարձ, գուրգուրել. նման անվանումով շրջան է եղել Վրաստանում: Ավետիսյանի սերունդը 750 «ծիլ» է տվել, բայց 600-ը գաղթել են Վրաստանից: Գյուղում այժմ 50 հոգի է մնացել:

Տուրցխը Ախալքալաքի շրջանի կաթոլիկ գյուղերից է: Ջավախքում նրանց «ֆրանկ» են ասում, բայց Գուրին իր ընտանիքի անդամներին «առաքելական-ընդհանրական» է գրանցել: «Քրիստոնեությունը չի կարելի բաժանել մասերի»,- ասում է գրողը: Ավելին, ըստ նրա` սա չի նպաստի նաեւ վրացանալուն. «Վրացիները նախ հային հանում են Առաքելական եղեղեցուց, դարձնում են կաթոլիկ, հովանավորչություն են ցուցաբերում, հետո վրացացնում»: Նրանց տունը ցույց տալիս համագյուղացիներն ասում են` «այ, այն փարթամ այգին ու մեղուները տեսնու՞մ եք, կողքն էլ տունն է»:

Գյուղի ամենամեծ պտղատու այգիներից մեկը նրանցն է, բանաստեղծն է պատվաստել ու աճեցրել, չնայած Ջավախքի ոչ այնքան տաք բնակլիմայական պայմաններին: Իր այգու մասին հպարտությամբ է խոսում նաեւ Գուրին. ամեն ինչ կա այնտեղ, 40 տարեկանում ընկուզենի է տնկել, որն արդեն 4 տարի է` բերք է տալիս: Այգում կաղին էլ է աճում, տարբեր տեսակի հատապտուղներ` սեւ ու կարմիր հաղարջ, մորի, ելակ, խնձորենու ու տանձենու տեսականիներ, սալորի տեսականի: Հիմա փորձում է խաղող ու ծիրան աճեցնել, վերեւի հողամասում տարբեր տեսակի ծիրանի կորիզներ է դրել, եւ այս ամենը` ընդամենը հեկտարի մեկ չորրորդ մասում: 40 տարեկանում «կոտրվել է». «Ասի` ամենածույլ մարդու գործը մեղվապահությունն է` մեղուն աշխատի, ես ուտեմ»: Եվ այսպես սկսել է մեղուներ պահել` շարունակելով պապի 30 տարվա գործը:

«Նա Ջավախքի զարկերակն է»

«Եվ իր գրելատիպով, ասելիքով, եւ ինքնատիպությամբ Տերյանից հետո միակն է: Ոչ մեկին չի նմանվում, կրակոտ խենթ գրածները որ արտասանում ես, ոնց որ Սասունցի Դավթի ձին նստես ու գնաս կռիվ: Նրա գրածները տանում են դեպի ազատություն, նրա գրածներում չափ ու սահման չկա»,- ասում է Սիլվա Սիփանուհին: Գուրիին բնութագրելիս Սիլվան չի մոռանում նշել, որ նա պաշտում է Նժդեհին, ապրում է` «իր հոգին Նարեկացու հոգուն խառնած»: «Նա Ջավախքի այսօրվա եւ վաղվա զարկերակն է: Ախալքալաքը տխուր, խղճուկ վիճակում է. 10 տարի հետո եթե այստեղ մի հայ մնա, Գուրին է լինելու»,- ասում է կինը:

«Մարդը չի կարող միայն բանաստեղծ լինել»

Գուրի Եթերը մի քանի արհեստների է տիրապետում. ժամանակին եղել է լուսանկարիչ, աշխատել է «Վրաստան» եւ «Փարոս» թերթերում: Այնուհետեւ գրամեքենաներ, կարի մեքենաներ է վերանորոգել, նույնիսկ լվացքի մեքենաների շարժիչներ է փաթաթել, էլեկտրական լարեր է փոխել: «Մարդը չի կարող միայն բանաստեղծ լինել. եթե միայն բանաստեղծ լինես, Պետրոս Դուրյանի նման կապրես ընդամենը 20 տարի, այդպես լարված նունիսկ 5 տարի ապրել հնարավոր չէ, դրա համար Միսաք Մեծարենցը չդիմացավ, որովհետեւ միայն բանաստեղծ էին, ուրիշ գործի չէին տիրապետում, իսկ ուղեղը չի դիմանա դրան»,- մեկնաբանում է Գուրի Եթերը: Փոքր տարիքում կարմրուկից սկսվել է Գուրիի հիվանդությունը, երեք տարի անընդմեջ ջերմություն է ունեցել, նյարդային համակարգը խախտվել է, եւ հիմա նա դժվարությամբ է քայլում ու շարժում վերջույթները: Բարձրագույն կրթություն չի ստացել, բայց ազատ ունկնդրի կարգավիճակով մասնակցել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի դասընթացներին: Ստեղծագործել սկսել է վաղ տարիքում: Բանաստեղծությունների առաջին գիրքը` «Յոթ անունը», տպագրել է 1983-84 թթ.: 1986-ին լույս է տեսել «Վեց անուն»-ը, 1982 թ.-ին` «Հեթանոս աշխարհ»-ը: Դրանից հետո գրքեր է խմբագրել: «Չգիտեմ` 55 տարեկանից հետո հնարավո՞ր է լավ բան գրել, թե՞ ոչ: Համո Սահյանն ապացուցեց, որ հնարավոր է, Շիրազն էլ ապացուցեց, ամեն դեպքում, մեկն էլ ես եմ, երեւի կկարողանամ ապացուցել»,- ասում է նա: Գուրին այժմ ուզում է պատմվածքներ գրել հաշմանդամների, հանցագործների, խուլ ու համրերի, կաղերի մասին: Գրելու է պատմություն այն մասին, որ ոտքերից տկար մարդը կարող է առողջ մարդուց էլ առողջ ապրել, ամենասիրուն կնոջ հետ ամուսնանալ, 8 երեխա, թոռներ, ամենալավ այգին ու մեղուներ ունենալ եւ ոչ մի բանում չպարտվել: Իր գլուխգործոցը «Սեւ աղվեսն» է համարում, որի վրա հիմա աշխատում է: «Վրաստանն է սեւ աղվեսը»,- ասում է նա: «Սեւ աղվեսը» արձակ ստեղծագործությունների ժողովածու է, որտեղ ամփոփված է Ջավախքի անցյալն ու ներկան: «Սեւ աղվես»-ում նաեւ 40 ժողովրդական երգ է լինելու, որոնք այսօր արդեն գոյություն չունեն, ոչ մեկը գրառված չէ. այն երգերն են, որոնք Արդահանում հայերն են երգել` կիսաթուրքերեն-կիսահայերեն: Գուրին մշակել է դրանք, դարձրել հայերեն: Մի քանիսը երգում է նաեւ նրա աղջիկը` Անին:

Գուրին գրում է սյուժետային պատումներով. «Եթե շատախոսում ես, ձանձրալի ես դառնում, սիրում եմ երկխոսություններ տալ»,- ասում է գրողը: Սիլվան Ծննդով լոռեցի` օձունցի Սիլվան Գուրիի հետ Երեւանում է ծանոթացել. «Իրա գրածները շատ սիրելով` մտերիմ ենք եղել` 3-4 տարի, ու հետո փախել եմ իր հետ»,- խոստովանում է Սիլվա Սիփանուհին: Սիլվան 10 գրքերի հեղինակ է` արձակ ու չափածո: Բանաստեղծությունների 3 ժողովածու ունի, գրում է սիրո թեմայով: «Լոռեցու Ջավախքը» արձակ ստեղծագործությունների ժողովածուն ամփոփում է բանաստեղծուհու մտքերն ու պատկերացումները Ջավախքի մասին: «Լոռին` հոգուս մեջ», «Դաժան սիրախաղ» ժողովածուները բանաստեղծուհու կյանքն են արտացոլում:

Սիլվան Գուրիին է նվիրել «Ոգեղեն խոսքի ասպետը» գիրքը, «Մի Ջավախք է` մի Գուրի» շարքն էլ բանաստեղծի բանավոր խոսքերն են, որոնք կինը մշտապես գրի է առնում: «Չուղարկված նամակներ» վեպ-օրագիրն էլ դեռ ընթացքի մեջ է` նամակներ են, որոնք նա գրել, բայց չի ուղարկել: «Սիլվան ավելի հանգիստ ու անկեղծ է գրում»,- խոստովանում է ամուսինը եւ հավելում, որ իր կինը ներկայիս «ուժեղ» գրողներից է: Սիլվա Սիփանուհին Ախալքալաքի հեռուստատեսությամբ իր միջոցներով վարում էր գրական հաղորդում, բայց մեկ տարի է` այն եթերում չէ ֆինանսական պատճառներով: Բանաստեղծի ընտանիքն ուզում է Արվեստի միություն բացել եւ «մարդկային մոտեցում» ցուցաբերելու խնդրանքով ու ֆինանսական աջակցության ակնկալիքով դիմել է նախագահին: «Բայց նրանց ի՞նչ պետք է, որ հայն այստեղ շատանա, կամ երգի-պարի խումբ լինի, կամ գրողներ լինեն ու մնան: Վրացերենի դասատուն հայերենից լա՞վն է, որ ավելի շատ է փող ստանում»,- հարցնում է Սիլվա Սիփանուհին: «Հատուկ ոչինչ չեն անում, որ ջավախքցին գնա»,- ավելացնում է ամուսինը:

Ենթակառուցվածքներ բարելավելը եւ վերջին շրջանում ընթացող ճանապարհաշինությունը, ըստ Գուրի Եթերի, եւս նպատակային է. Ջավախք-Թբիլիսի ճանապարհն են կարճացնում: Այս տարվա գյուղապետի ընտրություններին աղջկա թեկնածությունն են առաջադրել` ընդդիմության կողմից, յոթ անգամ զգուշացում են ստացել` հանել թեկնածությունը: Նույնիսկ սպառնացել են, ինչպես գրողն է ասում, բարոյական շանտաժի ենթարկել` ասել են, թե մյուս դստերը կազատեն ուսուցչի աշխատանքից: Բանաստեղծն ասում է, որ Ջավախքը կարելի է դարձնել տուրիստական կենտրոն, բացել հրատարակչություն, միջազգային ճամբար, պատմական հուշարձանների ու քարանձավների այցեվայր: «Ջավախք կորցնելը նշանակում է կորցնել դեպի Սեւ ծով ճանապարհը: Ջավախքով են անցնում բոլոր ճանապարհները»,- ասում է բանաստեղծը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter