Հրազենային 9 վնասվածք է ստացել
Ռոբերտ Հովհաննիսյանն ապրում էր հոր եւ տատիկ-պապիկի հետ: Ծնողներն ամուսնալուծված էին, քույրը մոր հետ ՌԴ-ում էր բնակվում, իսկ ինքը 6 տարեկանից հոր խնամքի տակ էր:
Ռոբերտի հայրը` Միքայել Հովհաննիսյանը, հույս ուներ, որ որդին` որպես միակողմանի ծնողազուրկ, մոտ տեղ կծառայի: Նրանից նույնիսկ տղայի ծնողազուրկ լինելու հանգամանքը հաստատող փաստաթղթեր էին ուզել: Հետո ասել էին, որ օրենքը փոխվել է. թեկուզ ծնողազուրկ, եթե ծնողը կենդանի է, նա կարող է զինվորակոչվել սահմանային գոտի: Զինվորակոչվեց Մարտունի, 2009 թ. մայիսի 15-ին:
«Էդ մի էրեխեն ունեի, տարան հասցրին ընդեղ: Մոտիկ տեղ քցեին, տենց բան չըլներ երեւի»,-ասում է հայրը: Ինչպես հարազատներն են պատմում, զինծառայության ընթացքում կարգապահ, հանգիստ վարք է դրսեւորել: Վերադասից ու բանակային ընկերներից բողոքներ չեն ստացվել: Թե խախտում է թույլ տվել ու պատիժ կրել դրա համար, այդ մասին հարազատները չգիտեն: Դժգոհել է միայն շոգից ու ջրից: Ընկեր-ընկերուհիներին, հարազատներին գրած նամակներում բարեւներ է ուղարկել ու հայտնել, որ ողջ-առողջ է:
«Մենք լավն ենք միշտ իրանից իմացել, լավն ենք լսել: Կոնկրետ բողոք չի էղել: Հա դե սկզբից ասում էր մի քիչ խիստ չաստ ա: Ինքը չէր վախըմ, ասում էր թեկուզ պոստերը ըլի, կգնամ, չի խանգարըմ: Ուզըմ էր վարորդ ըլի, գնաց վարորդ էլավ պոստերում, էդ դեպքը պատահեց»,- պատմում են:
Դեպքի հետ կապված ոչինչ չեն կարողանում ասել, արժանահավատ չեն համարում նաեւ ներկայացվող պատմությունը:
«Դե, մենք ինչ կարանք ասենք, կոնկրետ չեմ կարա ասեմ` ինչ եղած կըլնի: Իրանց ասածները չգիտեմ` ճիշտ ա, թե սուտ: Ինչ-որ մի հոգի քանի հոգու խփել ա ու վերջում էլ իրան: Ռոբերտն էլ մոտիկացել ա, որ` էդ ինչ ես անըմ, արա, իրան էլ են խփել: Բայց իրանց ասածներին էդքան չեմ հավատում: Շատ բաներ են խաբում, ոչ մի բան ճիշտ չեն ասում»,- ասում է հայրը:
Հարազատներին վրդովմունք է պատճառել, որ դիակն անմիջապես չի դիահերձվել: Այն միայն երեք օր հետո է բերվել Վանաձոր եւ արդեն նեխած:
«Խաղաղ պայմաններըմ գնըմ են զոհվըմ, նորմալ ժամանակին էլ չեն հասցնըմ տեղ: 3-րդ օրն ա, նոր էսօր առավոտը բերել են Կիրովականում հերձել: Էրեսը տենալու չի: Որ արդեն ուզըմ ենք փակենք երեսը: Էն աստիճանի են հասցրել, որ արդեն հոտ ա ընկել: Սենց ջարդված վիճակում են բերել` հոտը հետը: Կարային ընդեղ ինչ-որ մի բան անեին, լավ մաքրեին, որ սենց չըլներ»:
Ռոբերտի հոր քեռին, որ ներկա է եղել դիահերձմանը, ասում է, որ դիակի վրա փամփուշտի 9 հետք է եղել: Ուրիշ նշաններ չի տեսել: «Կապտած տեղեր էլ կային, բայց ասում են` գլխին որ խփել ա, արյունը թափել ա, դրանից ա: Ուրիշ բան չեմ տեսել»,- ասում է:
Հարազատների ու բարեկամների բնորոշմամբ` հանգիստ բնավորությամբ, ոչ կոնֆլիկտային անձնավորություն էր Ռոբերտը: Դպրոցը միջին առաջադիմությամբ ավարտելով` նաեւ ավտոդպրոց է ավարտել եւ վարսահարդարման դասընթացներ: Բայց չհասցրեց աշխատել ձեռք բերած արհեստով:
«Հանգիստ, խելոք երեխա ա եղել, մարդամոտ, շփվող: Իրա հարգանքով, իրա ջերմությամբ, մարդկային մոտեցմամբ, հասկացող, մեծին հարգող: Կին ա, մեծ ա, ծնող ա` հարգել ա: Ինչ գործ ասել ենք, խելոք արել ա: Կռիվ, բան ոչ մեկի հետ չի եղել: Նենց խասիաթ չի ունեցել, որ մուռ քշի: Ընտանիքի, ընկերների նկատմամբ լավն ա եղել: Խաթրով, հընգերական տղա էր»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել