Կյանքը «Նոր պետությունում»
Վերջին տարիներին սոցիալական ցանցերը փոխեցին հասարակության մեջ առանձին խմբերի հաղորդակցման ձեւը: Սոցիալական ցանցերի ազդեցությունը օրեցօր մեծանում է: Այսօր Հայաստանում ինտերնետ օգտագործողների մոտ 99%-ը գրանցված է սոցիալական որեւէ ցանցում: Աշխատավայրերում նույնիսկ արգելափակվեցին սոցիալական ցանցերի մուտքերը:
Որ սոցիալական ցանցերն են ավելի շատ նախընտրում աշխարհում
Ըստ իտալացի Վիչենցո Կոսենցայի անկախ հետազոտությունների` աշխարհում ամենահայտնի սոցիալական ցանցը facebook.com-ն է: Դրա հիմնադիրը 27-ամյա Մարկ Զուքերբերգն է: Այսօր facebook-ի բնակչության թիվը գերազանցում է ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության բնակչության թիվը: Facebook-ն ունի մոտ 500 մլն անդամ: Facebook-ը ժամանակի ընթացքում մի առանձին վիրտուալ պետության է վերածվել, որտեղ միախառնված են տարբեր մշակույթներ, մասնագիտություններ եւ նախասիրություններ: Ժամանակին myspace.com-ը համարվում էր facebook-ի մրցակիցը, սակայն այսօր այն ակնհայտորեն պարտվել է: Ռուսաստանում, Բելառուսում եւ Ուկրաինայում օգտագործում են vkontakte.ru-ն: Աշխարհում նաեւ տարածված են ազգային սոցիալական ցանցերը:
Որ սոցիալական ցանցերն են ավելի շատ նախընտրում Հայաստանում
Սոցիալական ցանցերի օգտագործումը Հայաստանում սկսվեց odnoklassniki.ru-ից: Դա մի մեծ հեղափոխություն էր հայ հաղորդակցական կյանքում: Հայերին հատուկ չափազանցությունը բազում ուշագրավ դեպքերի հանգեցրեց, որոնց մասին շատ է խոսվել: Այնուհետեւ տեղի ունեցավ «միգրացիա». հայերի մի զգալի մասը տեղափոխվեց facebook: «Facebook-ը ունի էն բոլոր հնարավորությունները, ինչ odnoklassniki.ru-ն, ու դեռ ավելին: Էլ ինչու՞ էր պետք մնալ odnoklassniki-ում»,- ասում է երիտասարդ ֆինանսիստ Շահեն Աբրահամյանը: Վիճակագրությունն արդեն ցույց է տալիս, որ Հայաստանից գրանցված օգտվողների 44%-ը տղամարդիկ են, 56%-ը` իգական սեռի ներկայացուցիչներ: Հայաստանից օգտվողների գերակշռող մասը 18-34 տարեկան են (74%): Անչափահասների թիվը մեզ մոտ կազմում է 13% (վիճակագրական տվյալները` facebakers.com-ի): Հայերի` սոցիալական ցանցերում ներգրավվածությունը շատ գործունյաների հայկական ազգային սոցցանցեր ստեղծելու միտք տվեց: Այսօր տասնյակից ավելի հայկական սոցցանց կա, որոնցից ամենատարածվածը hayland.am-ն է: Վերջինս հայկական կոլորիտով ստեղծված կայք է, ունի իր կայուն դիրքը, սակայն Հայաստանում ազգային սոցցանցերը այդքան տարածում չունեն, որքան համաշխարհային ցանցերը:
Սոցիալական ցանցերը որպես գործիք օգտագործելը
Արտասահմանում սոցցանցերը բիզնեսի զարգացման եւ ինֆորմացիայի տարածման լավագույն գործիքներն են: Սա շատ դյուրին է եւ արդյունավետ: Ընդամենը մեկ խումբ ստեղծելով` դու կարող ես facebook-ում հաղորդել քո ինֆորմացիան համապատասխան լսարանին: Վերջին տարիներին գովազդատուների համար թիրախ են հանդիսանում սոցցանցերը: Մասնավորապես, facebook-ում յուրաքանչյուրը ինֆորմացիա տարածող է: Սա երբեմն ունի իր բացասական կողմերը: Արդյունավետ օգտագործումը կարող է բերել մեծ հաջողությունների: «Կարող ես միջոցառում կազմակերպել եւ վայրկյանների ընթացքում տեսնել քո հավաքած լսարանը: Սա արդեն լուրջ կայք է: Ինձ համար facebook-ը հավասար է աշխատանքին, թերթ կարդալուն, սովորելուն»,- ասում է ուսանողուհի Կարինե Սիմոնյանը: Հայաստանում facebook-ի նման օգտագործումը համաչափ քայլերով առաջ է գնում: Հայաստանի երեք նախագահներն էլ ունեն իրենց էջերը: Նախարարներից քչերին կարելի է հանդիպել facebook-ում: Վերջերս գրանցվել է Կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Հայ հրապարակախոսներն ու լրագրողները ամենից շատն են օգտվում տեղեկատվություն տարածելու այս հնարավորությունից: Տեղի են ունենում շատ լուրջ քննարկումներ ամենատարբեր հարցերի վերաբերյալ: Ազգայնամոլ հատվածը զբաղված է ադրբեջանցիների հետ տեղեկատվական պատերազմով, որը վերջին շրջանում նույնպես շատ շոշափվող թեմա է: Այս մինի աշխարհներում արդեն հասցրել են ստեղծվել որոշակի ավանդույթներ, եւ կյանքն այստեղ իր հունով առաջ է գնում: Ըստ գիտնականների` սոցիալական ցանցերում ոչ միայն կարելի է հեշտությամբ ինֆորմացիա տարածել, այլեւ էմոցիաներ: Եթե մեկը երջանիկ է, ապա իր ընկերները 25% ավելի երջանիկ լինելու հնարավորություն ունեն: Մնում է երջանիկ հայտնվել համացանցում:
Մարինե Քոչարյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել