HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԱԾ-ն բեռները չի վերադարձնում տերերին

Նամակ խմբագրությանը

Սարգիս Ադամյան

05.08.2008 թ. ՀՀ ԱԱԾ պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրված հաղորդագրությամբ հայտարարվեց, որ իրենց մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վնասազերծվել է մաքսանենգությամբ զբաղվող կայուն հանցավոր խումբ, եւ կանխվել է մաքսանենգ ապրանքների ներկրման մշտական գործող ուղի:

Այս բացահայտմանն անդրադարձել է նաեւ Հանրային Հեռուստատեսության «Հայլուր» լրատվականը: «Էդիկ Էվինյան» կազմակերպությունը, որը Թուրքիայում գտնվող հայաստանցիների շրջանում առավել հայտնի է «Էդո կարգո» անվանումով, մոտ 6 ամիս զբաղվել է Թուրքիայից Հայաստան ապրանքների ներկրմամբ: Ինչպես տեղեկանում ենք, հանրապետություն ապրանքները ներկրվել են երեք ուղիներով: Մի դեպքում բեռնատարներով ապրանքը հասցվել է մինչեւ ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Դեղձավան գյուղի հարակից վրացական տարածք, որտեղից այն վերաբարձվել է բարձր անցողականություն ունեցող մի քանի փոքր բեռնատարների մեջ եւ գիշերվա ժամերին շրջանցիկ ճանապարհներով մաքսանենգորեն տեղափոխվել է Հայաստանի տարածք: Առանձնակի դեպքերում բեռի տեղափոխումն իրականացվել է փոքր խմբաքանակներով Դեբեդ գետի ծանծաղուտներով կամ էլ նավակներով:

Այս խմբավորման կողմից առանց մաքսային հսկողության հանրապետություն է ներկրվել, ընդհանուր առմամբ, 895 տոննա ապրանք: Խումբը, որի մեջ ընդգրկված են եղել նաեւ ՀՀ Ոստիկանության Նոյեմբերյանի տարածաշրջանի, ԱԱԾ Սահմանապահ զորքերի աշխատակիցներ (ապահովում էին բեռի «անվտանգ» տեղափոխումը), ՀՀ ԿԱ Մաքսային Պետական Կոմիտեի աշխատակիցներ (իրականացնում էին բեռի ձեւակերպումը կեղծ փաստաթղթերով), ղեկավարել է Յուրա Հարությունյանը: ՀՀ ԱԱԾ Քննչական վարչության կողմից ՀՀ ՔՕ 215 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել է 5 անձ:

Անցել է արդեն մոտ երկու տարի: Բեռնափոխադրող կազմակերպության գրասենյակը տեղակայված է եղել Ստամբուլ քաղաքի ավտոկայարաններից մեկում, որտեղ գտնվում են Հայաստան ապրանքներ ներկրող մի շարք կազմակերպությունների գրասենյակներ: Գրասենյակը տնօրինում էր Էդիկ Հարությունյանը (Յուրա Հարությունյանի եղբայրը), ով ընդունել եւ իր աշխատակցի միջոցով գրանցել է ապրանքները, իսկ տեղափոխման գումարը վճարվել է կամ տեղում, կամ ապրանքը Հայաստանում ստանալուց հետո: Նրանց գործունեության ընթացքում շատերն են առնչվել այս կազմակերպության հետ` չկասկածելով նրանց գործունեության օրինականությանը. օրինականությունը հաստատող համապատասխան փաստաթղթեր, «Էդո կարգո» անվանումով այցեքարտեր եւ առավել հարմար պայմաններ: Ի տարբերություն այլ կազմակերպությունների` ապրանքը հասցեատիրոջը հասել է վերջինիս նշած հասցեով (այլ դեպքերում ապրանքը կենտրոնացվում է Երեւանում գտնվող մաքսային պահեստներում, եւ ապրանքատերը կարող է ստանալ միայն այնտեղից), ուստի պատահական չէր, որ շատ արագ նրանք կարողացան ձեռք բերել հաճախորդների մեծ քանակ: Բեռնափոխադրումները կատարվել են շաբաթական երկու անգամ, 3-4 օրվա ընթացքում այն հասել է Հայաստան:

Կազմակերպության անօրինական գործունեության բացահայտման հետեւանքով շատ քաղաքացիներ ակամայից հայտնվել են տուժողի դերում: Մեր ընտանիքի մեծ մասն այդ շրջանում բնակվում էր Ստամբուլում եւ պարբերաբար օգտվում վերոնշյալ կազմակերպության ծառայություններից: 2008 թ. մայիսին տեղափոխվեցինք Հայաստան: Հուլիսին գումար եմ ուղարկել դեռեւս Ստամբուլում բնակվող հարազատներիս` խնդրելով ուղարկել մեր բնակարանի կահույքի մնացած հատվածը, որոշ անձնական իրեր եւ կոշիկի ու կարի արտադրամաս հիմնելու նպատակով անհրաժեշտ սարքավորումներ:

Հարկ եմ համարում նշել, որ գրավի դիմաց վարկ եմ վարցրել բանկից եւ ստիպված եմ եղել առանց եկամուտ ստանալու ավելի քան մեկ տարի սպառել այն` լուրջ վնաս հասցնելով ընտանիքիս բյուջեին: Դեպքից հետո ԱԱԾ-ի պահանջով բոլոր տուժածներս ներկայացել ենք եւ հարցաքննվել, քննիչի կողմից գրանցվել է ներկրված ապրանքների տեսականին եւ քանակը: Մեզ հայտնել են, որ ապրանքները կստանանք միայն դատավճռից հետո, հնարավոր է` մի քանի ամսից:

Արդեն անցել է երկու տարի: Բազմիցս ներկայացել եմ ԱԱԾ` որեւէ նորություն ստանալու հույսով: Ամեն անգամ հայտնել են, որ հաջորդ դատալսումից հետո պարզ կլինի, իսկ լուր լինելու դեպքում իրենք կզանգահարեն` չմոռանալով տեղեկացնել, որքան էլ տարօրինակ է, որ ապրանքներն անվտանգ տեղում են, եւ կարիք չկա անհանգստանալու: Այս ընթացքում պարզեցի, որ շատ ավելի վատ վիճակում հայտնված տուժողներ կան: Նրանցից մեկը Տաշիրից է: Վերջինս գրավ է դրել իր բնակարանը եւ ստացված գումարով որոշել ապրանք ներկրել Թուրքիայից: Ցավոք սրտի, պատահականորեն գործ է ունեցել վերոնշյալ կազմակերպության հետ: Այսօր այդ կինն աշխատում է Թուրքիայում` գրավի գումարը մուծելու եւ բնակարանը չկորցնելու նպատակով: Ես նույնպես ստիպված եմ եղել ֆինանսական լուրջ խնդիրների միջով անցնել: Մեկնել եմ արտագնա աշխատանքի:

Վերադառնալուց անմիջապես հետո` մայիսին, այցելել եմ ԱԱԾ, որտեղ հայտնել են, որ գործն արդեն իրենց մոտ չէ, եւ իրենք չեն կարող օգնել. «Պետք է հետաքրքրվեք Նոյեմբերյանի դատարանից»: Մոտ մեկ ամիս առաջ մեկնել եմ Նոյեմբերյան, հանդիպել դեռեւս Թուրքիայից ծանոթ եւ Նոյեմբերյանում հայտնի գործարար վերոնշյալ Էդիկ Հարությունյանի հետ: Նա ասաց, որ ապրանքները Պտղավանի իրենց պահեստներում են, սակայն պլոմբված են եւ, հավանաբար, հուլիսի սկզբին կբաժանվեն, իսկ տեղեկության դեպքում խոստացավ զանգահարել: Առ այսօր ոչ մի լուր չկա, իսկ Էդիկ Հարությունյանը չի պատասխանում հեռախոսազանգերին: Երկու տարի շարունակ մենք` հասարակ քաղաքացիներս, վնաս ենք կրում` փորձելով ձեռք բերել մեզ պատկանող ապրանքը, որի անօրինական ներկրման համար մեզանից ոչ ոք մեղավոր չէ: Ի վերջո, չէ՞ որ նույն ԱԱԾ-ում գրանցվել են բոլոր ապրանքները եւ դրանց քանակը, ինչո՞ւ չի բաժանվում այն: Ո՞վ է փոխհատուցելու մեր կրած կորուստների համար: 2 տարի շարունակ փաթեթավորված վիճակում գտնվող մի քանի տոննա ապրանք պահվում է փակ պահեստում: Արդյո՞ք այն պիտանի է օգտագործման համար... Իհարկե, խիստ կասկածելի է: «Հետքի» խմբագրությանը խնդրում ենք իրականացնել լրագրողական հետաքննություն` հուսալով, որ այս կերպ լույս կսփռվի արդեն երկու տարի շարունակվող այս լուռ եւ տարօրինակ դատավարության վրա:

«Հետք» Ներկայումս Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում (նստավայրը` Նոյեմբերյան) ընթանում է Թուրքիայից ապրանքների ներկրմամբ զբաղված Էդիկ Էվինյանի դատավարությունը: Նա մեղադրվում է խոշոր չափերի մաքսանենգության մեջ: Նշենք, որ Էդիկ Էվինյանը խոշոր չափերի մաքսանենգության համար 8 տարվա ազատազրկման դատապարտված, ծագումով կոթեցի գործարար Յուրա Հարությունյանի աներձագն է: Եվ Յուրան եւ Էդիկը չեն ընդունում, որ իրենք մաքսանենգությամբ են զբաղվել: Էդիկ Էվինյանը «Էդո-Կարգո» ձեռնարկության միջոցով քաղաքացիների բեռները փոխադրել է Հայաստան: Էդիկ Էվինյանի եղբայր Արշակ Էվինյանից տեղեկացա, որ մի խումբ քաղաքացիների պատկանող բեռները գտնվում են Պտղավանի պահեստում: Այդ քաղաքացիների ապրանքները մաքսազերծվել են Էդիկ Էվինյանի լիազորված անձ Կարեն Մելիքյանի կողմից: Այդ բեռները քրեական գործի քննությունը վարած Ազգային անվտանգության ծառայության կողմից ի պահ են հանձնվել Էդիկ Էվինյանի պահեստում որպես օժանդակ բանվոր աշխատած Հովսեփ Բաբլումյանին, որի մոտ է գտնվում այդ պահեստի բանալին: Շուրջ 2 տարի պահեստում պահվող բեռներն իրենց տերերին հանձնելու համար հարկավոր է Ազգային անվտանգության ծառայության թույլտվությունը:

Ոսկան Սարգսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter