HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Հնարավոր է, որ դուք քաղաքացիներից ստացած լինեք արտասովոր բովանդակությամբ շատ նամակներ: Համոզված եմ, որ իմ այս նամակը կլինի դրանցից մեկը: Այս նամակով ես ձեր օգնությունն եմ խնդրում, ընդսմին` ոչ թե ֆինանսական կամ նյութական, այլ բարոյա-հոգեբանական և իրավական: Որն է իմ խնդրանքի էությունը: 2007-թվականի հոկտեմբերի 20-ին, շաբաթ օրը, օրվա երկրորդ կեսին ՀՀ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը մեր դպրոցի մանկավաժներին հրավիրել է իր մոտ` դպրոցական շենքի հետ կապված հարցերը քննարկելու: Քննարկման հենց սկզբում բոլոր մանկավարժների ու մարզպետարանի աշխատակիցների (Մարզպետ Գարեգինյան, Արտյուշա Պետրոսյան, Հովհաննես Կոստանյան, լրագրող և այլն) ներկայությամբ անսպասելիորեն ինձ վիրավորել է, ասելով այնպիսի բառեր, որոնք ես չեմ կարող գրել, թեև առկա է ներկաներից` դպրոցի աշխատակիցների կողմից կազմված գրավոր արձանագրություն, այդ մասին հրապարակվել է նաև մամուլի էջերում: Ես և իմ կինը, ով նույնպես մանկավարժ է և ներկա էր հանդիպմանը, լքել ենք այդ հանդիպումը իսկ մյուս աշխատակիցներին, որոնք նույնպես լքելու փորձ են արել, մարզպետը պարզապես արգելել է` լքել հանդիպումը: Վիրավորելուց, բառացիորեն մեկ օր հետո մարզպետը դպրոց է ուղարկել մի հանձնաժողով, որը տասը օր ուսումնասիրություններ է կատարել, կազմել տեղեկանք: Արդյունքում ինձ որևէ տույժ չի ներկայացվել վերադասի կողմից: Վիրավորանքի հետ կապված, իմ կինը նամակ է ուղարկել ՀՀ առաջին տիկին Բելլա Քոչարյանին, խնդրել  նրան` հորդորել պաշտոնավորներին, որպեսզի վերջիններս հրապարակային վիրավորանքներ չտան: Օրեր անց, Բելլա Քոչարյանի նախաձեռնությամբ ՀՀ կրթության պետական տեսչությունից Համբարձում Ավոյանի գլխավորությամբ, անսպասելիորեն հանձնաժողով է մտնում դպրոց` ստուգելու համար` արդյոք իմ կնոջ` Լուսինե Թովմասյանի գրության բովանդակությունը համապատասխանում է իրականությանը, թե ոչ, այսինքն` մարզպետը նման վիրավորանք տվե՞լ է, թե՞ ոչ: Աշխատակիցները ևս մեկ անգամ առանձին-առանձին գրավոր կերպով հաստատում են, որ իրոք, մարզպետը նման տմարդի վիրավորանք է հասցրել դպրոցի տնօրենին, այսինքն` ինձ: Այնուհետ` ՀՀ ԿԳ այնժամանակվա նախարար, դաշնակցական Լևոն Մկրտչյանը նամակ է հղում ՀՀ Կոտայքի մարզպետին (պատճենը` ինձ) և առաջարկում հարթել տնօրենի հետ միջադեպը: Դրանից հետո` 2008 թ. հունվարին, մարզպետը Հրազդանի Վ. Սարոյանի անվան N11 միջն. դպրոցից 430 ք/մ տարածք է հատկացնում մեր դպրոցին, սակայն մայիս ամսին դպրոցը տարածքի պատճառով չի լիցենզավորվում: Լիցենզավորման հանձնաժողովի նախագահ` ՀՀ ԿԳ փոխնախարար Ա. Ավետիսյանը գրավոր խնդրում է մարզպետին` որոշակի աշխատանքներ կատարել` հետագայում լիցենզավորումը ապահովելու նպատակով: Որպես դպրոցի տնօրեն, առաջնորդվելով փոխնախարարի նամակի բովանդակությունը ի կատար ածելու գաղափարով, դիմել եմ մարզպետին` դպրոցում աշխատանքներ կատարելու թույլտվություն ստանալու համար և պատրաստակամություն հայտնել` կոլեկտիվի ու ծնողների օգնությամբ աշխատանքները իրականացնելու: Թույլտվություն չի տրվել: Դպրոցի աշխատակիցները դիմում են հղել ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին` խնդրելով միջամտություն` աշխատանքներ կատարելու համար թույլտվություն ստանալու նպատակով: Նամակը վերահասցեագրվել է ՀՀ ԿԳ նախարարություն, որտեղ հանկարծ մարզպետարանի հետ համատեղ նպատակահարմար են գտել` դպրոցը վերակազմակերպման ձևով միացնել Հրազդանի Վ. Սարոյանի անվան N 11 միջն. դպրոցին` ստեղծելով հատուկ (օժանդակ) ստորաբաժանում: Կարճ են կապել: 2009թ. մարտի 19-ին ՀՀ կառավարության որոշումով Հրազդանի N1 հատուկ (օժանդակ) դպրոցը վերակազմակերպման ձևով միանում է նշված միջն. դպրոցին: Ես գրավոր կերպով նախապես թե’ մարզպետին, թե’ դպրոցի տնօրենին դիմել եմ, այն մասին, որ համաձայն եմ աշխատել նորաստեղծ հատուկ ստորաբաժանման շրջանակներում: 2009թ. օգոստոսի 7-ին մարզպետն ինձ ազատել է աշխատանքից` պատճառաբանելով, որ մեկ տնօրեն է պետք: Իմ գրությունը, պարզապես անհետևանք է մնացել: Բոլոր մանկավարժները աշխատում են նորաստեղծ ստորաբաժանման շրջանակներում: Ավելին` դասաժամեր են տրամադրվել այնպիսի մարդկանց, որոնք նախկինում` մինչև դպրոցի վերակազմակերպումը, չեն աշխատել հատուկ (օժանդակ) կրթության ցանցում և չունեն համապատասխան մանկավարժական կրթություն: Այսօր էլ առկա է աշխատելու հնարավորությունը. մանկավարժներ կան, որոնց հատկացվել են մեկ դրույքից ավելի դասաժամեր: Դիմել եմ ՀՀ վարչական դատարան, որը վճռել է. վերացնել` ինձ աշխատանքից ազատելու մասին մարզպետի կարգադրությունը, ՀՀ Կոտայքի մարզպետարանին պարտավորեցրել է` վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակաշրջանի համար, միաժամանակ մերժել է հատուկ ստորաբաժանման շրջանակներում աշխատելու իմ պահանջը: Այս մասով դիմել եմ ՀՀ վճռաբեկ դատարան: Դատարանը վճիռը թողել է անփոփոխ: Ամիսներ են անցել, ՀՀ Կոտայքի մարզպետարանը ինձ հարկադիր պարապուրդի համար չի վճարում: Երկու ամիս առաջ կատարողական թերթ եմ ներկայացրել պետական ակտերի հարկադիր կատարման բաժանմունք: Օրեր առաջ ՀՀ ֆինանսների նախարարությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել` հիմնավորելով, որ գրրծատուն ոչ թե մարզպետարանն է, այլ դպրոցը, և խնդրել է ՀՀ վճռաբեկ դատարանին` բեկանել և փոփոխել վարչական դատարանի վճիռը` ՀՀ Կոտայքի մարզպետարանի վրա պարտականություն դնելու մասով: Վճռաբեկից հետո նորի՞ց վճռաբեկ: Անորոշություն, մեկ տարի է ընտանիքի հայրը չի աշխատում: Հարգարժան պատգամավորներ, խնդրում եմ` հասկանալ աշխատանքից ապօրինի ազատված ընտանիքի տղամարդու հոգեբանությունը: ՀՀ Կոտայքի մարզպետը, չգիտես թե ինչու, թշնամանք է ցուցաբերում իմ և իմ ընտանիքի նկատմամբ: Պարզապես ինձ զրկել է մասնագիտական աշխատանք ունենալու իրավունքից: Դիմել եմ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին, խնդրելով` միջամտել և ինձ հնարավորություն տալ մասնագիտական աշխատանք կատարելու: Նախագահին ուղղած նամակում նշել էի, այն մասին, որ ինձ աշխատանքից ազատելուց հետո, նոր` այլ մարդկանց դասաժամեր է հատկացվել: Նամակը վերահասցեագրվել է ՀՀ Կոտայքի մարզպետարան, որտեղից երկրի նախագահին տրվել է ոչ ճիշտ ինֆորմացիա` իբր նոր այլ մարդկանց դասաժամեր չի տրամադրվել: Ակնհայտ կեղծ տեղեկատվություն երկրի նախագահին: Հարգարժան պատգամավորներ, կարո՞ղ եք ստուգել` արդյոք նոր մարդկանց դասաժամեր տրամադրվել է, թե՞ ոչ: Դա կարելի է ստուգել նաև աշխատավարձի ցուցակով: Ստացվում է, որ ես չեմ կարողանում իմ երկրի նախագահին տեղյակ պահել, որ իրեն խաբում են: Դիմել եմ ՀՀ ԿԳ նախարարին, նա պատասխանել է, որ հարցն իր իրավասությունից դուրս է: Դիմում եմ Ձեզ, որպես մեր երկրի օրենսդիր մարմնի պատգամավորներ`օգնելու խնդրանքով. հարցը  բարձրացնել թե’ ՀՀ ԱԺ-ում, թե’ կառավարությունում: Ըստ իս` ՀՀ Կոտայքի մարզպետը չի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ տարիներ առաջ Բելլա Քոչարյանի նախաձեռնությամբ հանձնաժողով է մտել դպրոց և ապացուցել, որ ՀՀ Կոտայքի մարզպետը ինձ հրապարակային տմարդի վիրավորանք է հասցրել: Գուցե ուշքի չի՞ գալիս: Չէ՞ որ խոսքը չի գնում հարևան երկրի առաջին տիկնոջ մասին: ՀՀ մարդու իրավունքի գլխավոր պաշտպան Ա. Հարությունյանը գրավոր կերպով ինձ բացատրել է, թե ինչ տույժ է հասնում վիրավորանքի համար, մանավանդ, որ վիրավորանքի համար պատասխանատվությունը օրենքով վաղեմություն չունի: Կոնֆլիկտը հարթելու փոխարեն, մարզպետը որոշել է ինձ հացից կտրել: Ես ունեմ երեք դպրոցահասակ տղաներ, որոնք վաղը համալրելու են հայոց բանակի շարքերը: Մարզպետը մարզի սեփականատերը չէ: Մենք ապրում ենք պետության մեջ և պետություն ենք կառուցում: Իմ աշխատելու հարցը քննարկվել է նաև Հայաստանի հանրային խորհրդում, որի նախագահ Վազգեն Մանուկյանը գրավոր դիմել է ՀՀ Կոտայքի մարզպետին, սակայն` ապարդյուն: Իմ և մարզպետի աշխատանքային փոխհարաբերությունների մասին հանրապետական մամուլում եղել են բազմաթիվ հրապարակումներ: Իմ աշխատանքի անմիջական վերահսկողը` ՀՀ Կոտայքի մարզպետարանի կրթության, սպորտի և մշակույթի վարչության պետ Հ. Կոստանյանը գտնում է, որ ես պետք է աշխատեմ, տվել է իր գրավոր կարծիքը: Սակայն քանի որ վարչության պետի և մարզպետի աշխատանքային փոխհարաբերությունները, ըստ իս, բավականին ժամանակ հեռու են պետականամետ լինելուց, ապա Հ. Կոստանյանը, կարծիք հայտնելուց բացի, ոչինչ չի անում: Ամբողջ մարզում շատերը գիտեն թե ինչպիսի աշխատանքային մթնոլորտ է տիրում այդ երկու պաշտոնյաների միջև: Դրանում համոզվելու համար բավական է ճշտել թե Հ. Կոստանյանը քանի գրավոր հանձնարարական է ստացել մարզպետից: Դուք, հարգարժան պատգամավորներ, ունեք փաստերն ստուգելու իրավունք և հնարավորություն: Հանդիսանում եմ ՀՀ նախագահի կողմից ստեղծված Հայաստանի հանրային խորհրդի կրթության ենթահանձնաժողովի անդամ: «Ժողովրդավարություն և Աշխատանք» կուսակցության (նախագահ` ՀՀ ԱԺ պատգամավոր Սպարտակ Մելիքյան) Հրազդանի տարածքային ստորաբաժանման ղեկավարն եմ: Հարգարժան պատգամավորներ, գուցե իմ խնդրանքը ձեր` որպես պատգամավորներ,  իրավասության շրջանակներում չէ, բայց երբ տունը կրակի բոցերով է պատված,  մի՞թե մենք հարցնում ենք թե ջուր բերող մարդու մազերը ինչ գույն ունի: Եթե հանրապետության առաջին տիկինը որոշել է փաստերի ճշմարտացիությունը ստուգել, կամ մարզի կրթության բնագավառի ղեկավարը համարում է, որ ես պետք է մասնագիտական աշխատանք կատարեմ, ապա ո՞րն է իմ մեղքը: Այն, որ մարզպետարանի կրթության բնագավառում ինչ-որ մթնոլո՞րտ է տիրում, թե մարզպետը իրավունք ունի և վիրավորելու և ընտանիք սովամահ անելո՞ւ: Բռնություն կարելի է կիրառել հայրենիքի դավաճանի նկատմամբ և ոչ մասնագետ մանկավարժի նկատմամբ: Իսկ գուցե մենք չափազանց բարեկիրթ վերաբերմու՞նք ունենք, նրանց նկատմամբ, ովքեր բռնության նկատմամբ մոլի հակում ունեն: Մի հարցնող լինի` էս մարդը ի՞նչ է ուզում, ընդամենը մի դասատուի աշխատա՞նք: Ինչպե՞ս է պարոն մարզպետը իրեն թույլ տալիս պայքարելու տղամարդ ուսուցիչ ունենալու դեմ: Իսկ գուցե, ես ուզում եմ, որ դատարանի վճիռը իրականացվի: Համենայնդեպս` պարոն մարզպետի մեջ ավելի շատ պետք է պետության գաղափարը նստած լինի, չէ որ նա մեր նախագահն է` մի մեծ մարզում: Նախօրոք հայտնում եմ ձեզ իմ շնորհակալությունը` հարցի նկատմամբ անտարբեր չանցնելու համար: Թող  Աստված ձեր նկատմամբ բարեգութ լինի այնքան, որքան դուք եք ուշադրություն դարձնում ձեզ դիմողին: Հարգանքով` նախկին Հրազդանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 1 հատուկ (օժանդակ) դպրոցի նախկին տնօրեն` Ա. Գյուլումյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter