HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Մեկ տարի` «կոմայի մեջ»

Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի բնակիչ Կառլեն Մելիքյանի կացարանի պատին փակցված է ընտանիքի լուսանկարը` «Հրաշալի յոթնյակը» մակագրությամբ: Ավաղ, համեստ այս ընտանիքն այլեւս երջանիկ չէ: Ընտանիքի միակ տղան` չորս քույրերի եղբայր, 1989 թ. հուլիսի 11-ին ծնված Մանուկ Մելիքյանը, հեռավոր սահմանագոտում մեկ տարի ութ ամիս ծառայելուց հետո 2009 թ. հունիսի 27-ին անգիտակից վիճակում տեղափոխվել է Երեւանի զինվորական հոսպիտալ:

Մայրը` 44-ամյա Կարինե Մելիքյանը, ասում է, որ Մանուկը շոգից կորցրել է գիտակցությունը, նրա սիրտը կանգ է առել: Հոսպիտալում 6 ամիս պահելուց հետո 2009 թ. դեկտեմբերի 10-ին նրան դուրս են գրել: Երիտասարդին տեղափոխել են Երեւանի ծայրամաս` 16-րդ թաղամասում գտնվող վագոն-տնակ, ուր ժամանակավորապես բնակվում է մայրաքաղաքի հիմնարկներից մեկում որպես պահակ աշխատող 49-ամյա Կառլենը: Այս տարվա ապրիլի 7-ին Մանուկին տեղափոխել են հայրական տուն` սահմանամերձ Ոսկեվան: Այցելության պահին Մանուկի քույրը` 20-ամյա Մարիամը, եղբոր մազերն էր կտրում, մայրն էլ ձեռքերով պահում էր Մանուկին: Նրան արհեստական կերակրման խողովակ` «զոնդ» է միացված: Մայրը` տիկին Կարինեն, պարզաբանում է. «Մեկ տարի առաջ կոկորդում անցք են բացել: Երկար պառկած է լինում, այդ կերպ հարկ եղած դեպքում թոքերում կուտակված խորխը կհանվի, նաեւ սննդի սնուցման ապահովության համար է»:

Մանուկին միայն հեղուկ սնունդ են տալիս, բնական կարիքներն էլ հոգում է մարմնին միացված անոթի միջոցով: Բժիշկներն այդպես էլ չեն պարզել նրա հիվանդության պատճառը: Միգուցե պատճառը Մանուկի ժառանգական հիվանդությու՞նն է` հարցնում եմ մորը: Տիկին Կարինեն ասում է, որ իրենց հարազատների կամ նախնիների մեջ ժառանգական հիվանդներ չեն եղել, Մանուկն էլ սովորական երեխա է եղել, դպրոցում սովորել է միջին առաջադիմությամբ: 2001 թ. հայրը` տրակտորիստ-կոմբայնավար Կառլենը, համագյուղացի զոհված ազատամարտիկի հացահատիկի թեք դաշտը հնձելու ժամանակ կոմբայնի շրջվելու հետեւանքով հաշմանդամ է դարձել: 2002-2007 թթ. Մանուկն է տան տղամարդու գործերն արել. խոտ է հնձել, հավաքել, տավար արածեցրել: Ժամկետային ծառայության ժամանակ էլ աչքի է ընկել իր բարեխղճությամբ, լավ ծառայության համար 2009 թ. հունվարի 31-ից մինչեւ փետրվարի 7-ը արձակուրդում է եղել:

Օրինակելի ծառայության համար ցանկացել են երկրորդ անգամ արձակուրդ տալ, սակայն հաշվի առնելով, որ նոր է արձակուրդից վերադարձել, խրախուսանք են տվել: Կարինեն կասկածում է, որ հեռավոր սահմանագոտում իր տղային ոչ ճիշտ բուժում են նշանակել` ողնաշարից անզգույշ կերպով «պունկցիա կատարել»:

Կարինե Մելիքյանն ասում է, որ առավոտյան եւ երեկոյան Մանուկին սայլակով զբոսանքի են դուրս բերում: Նա գոհ է ՀՀ պաշտպանության նախարարության բուժվարչության աշխատակիցներից, հատկապես Արմեն անունով բժշկից (ազգանունը չկարողացավ հիշել), ով մշտապես զանգահարում է, հետաքրքրվում, թե ինչով կարող է օգնել, նաեւ ամեն ամիս Մանուկի զննության համար բժիշկ է ուղարկում:

Սակայն անցած մեկ տարում երիտասարդի առողջական վիճակն էապես չի փոխվել, թեեւ մոր խոսքերով` փոքր-ինչ բարելավում կա. «Նախկինում Մանուկը մի տեսակ սառած վիճակում էր, ձեռքը չէր շարժում: Հիմա գլուխը քրոջ` Մարիամի ուսին հենում է, հայացքը նրան է ուղղում, ասես սպասելիս լինի, որ նա նորից իրեն փաղաքշի»:

Կարինեն ասում է, որ մուրացկանությամբ էլ կզբաղվի, միայն թե միակ որդուն կարողանա բուժել, թեկուզ` արտասահմանում: Մինչդեռ այս ընտանիքի սոցիալական վիճակը վատթար է: Երկրորդ կարգի հաշմանդամ Կառլեն Մելիքյանի հաշմանդամության կենսաթոշակը 1-2 տարի ստանալուց հետո «կտրել են», թեեւ ներկայումս նրա աջ ոտքը եւ աջ ձեռքը չեն գործում: Մանուկի մայր Կարինե Ջանվելյանի խոսքերով` իր ամուսնու հաշմանդամության կենսաթոշակը չեղյալ է համարվել բժշկական սոցիալ-փորձաքննական հանձնաժողովի որոշմամբ: Տիկին Կարինեն տարակուսում է հանձնաժողովի այդ որոշումից, քանզի Կառլեն Մելիքյանի առողջական վիճակը ոչ միայն չի բարելավվել, այլ ավելի է վատացել:

Մելիքյանների ընտանիքը նախկինում ընտանեկան նպաստ է ստացել: Կառլենը որպես տրակտորիստ աշխատել է մի համագյուղացու ղեկավարած հիմնարկությունում, աշխատածի համեմատ ցածր աշխատավարձ ստացել: 2 տարի առաջ պարզվել է, որ նա «թաքնված աշխատող» է եղել, որի պատճառով մինչ օրս ընտանիքը զրկված է նպաստից: Մանուկը 2009 թ. հոկտեմբերից 26 հազար 600 դրամ հաշմանդամության կենսաթոշակ է ստանում:

Ծննդով ոսկեվանցի, մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանն է ընտանիքին օգնել 60 հազար դրամով, Ոսկեվանի գյուղապետարանն է մշտապես աջակից, մի անգամ էլ Տավուշի մարզպետարանն է 10 հազար դրամ օգնություն տրամադրել: Աղջիկներից ավագը` 1986 թ. ծնված Մանուշը, այս տարի ամուսնացել է, նա «Եվրասիա» համալսարանի ուսանողուհի է, սակայն ուսման վարձը չմուծելու պատճառով տարկետում է վերցրել:

20-ամյա Մարիամը սովորում է ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի ֆիզմաթ ֆակուլտետում, նա էլ է ուսման վարձի պատճառով տարկետում վերցրել, որի ժամկետն արդեն լրացել է: 17-ամյա Մելինեն էլ այս տարի նույն մասնաճյուղ է ընդունվել, դեռեւս պարզ չէ` վճարովի՞, թե՞ անվճար հիմունքներով: Ընտանիքը չգիտի` ինչպես է տալու նրա ուսման 250 հազար դրամ վարձը: Ոսկեվան գյուղի ծայրին գտնվող Մելիքյանների տունը սարի քոլիկ է հիշեցնում, միակ սենյակի պատերը սվաղված չեն, տանը գրեթե կահույք չկա: Այս տարվա մայիսի 29-ին Նոյեմբերյանի սահմանագոտի այցելած ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Ոսկեվանի գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանի խնդրանքով այցելել է Մելիքյանների տուն: Գյուղապետը նախարարի առաջ հարց է բարձրացրել, որպեսզի պաշտպանության նախարարությունը Մելիքյաններին բնակարան հատկացնի: Նախարարն էլ ասել է, որ իրենք բնակարան չեն տրամադրում, սակայն կարող են այդ նպատակով գումար տրամադրել: Իսկ Կարինե Մելիքյանին ամենից առավել իր տղայի բուժման հարցն է մտահոգում:

«Բժիշկներն ասում են, որ իրենք անզոր են: Նրանց խոսքերով` տարիների ընթացքում Մանուկը կամ ուշքի կգա, կամ էլ...»,- ասում է ավելի քան մեկ տարի անգիտակից վիճակում գտնվող Մանուկ Մելիքյանի մայրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter