Մեկ կադր` 1/25-րդ վայրկյան
Սոնա Քյուրքչյան
«Սենյակիս մեջ մի խաչ կար, նայեցի այդ խաչին և մտածեցի, որ եթե հիվանդանոցից դուրս գամ, հայկական եկեղեցիներ եմ նկարելու` առանց հասկանալու, որ ուխտ եմ անում և առանց որևէ հեռանկարի» (Հրայր Բազե Խաչերյան):
Լուսանկարիչ Հրայր Բազե Խաչերյանն արդեն լուսանկարել է աշխարհի տարբեր ծայրերում 44 հայկական եկեղեցի, և ոչ միայն եկեղեցիներ: Նա տպագրել է բազմաթիվ ալբոմներ, ինչպես, օրինակ, «Ճախրող Բազե», «Երկիր», «40 մերկ աղջիկները» և էլի շատ ու շատ ալբոմներ:
Ինչո՞ւ Բազե:
Մարդ ունենում է մեկ անուն, որը նրան տալիս են ծնողները: Իմ անունը` Հրայր, ծնողներս չեն տվել, այլ հորեղբայրս: Նա շատ էր սիրում այդ անունը, որ նշանակում է կրակե մարդ: Հետո, երբ մեծացա և արդեն դպրոց էի հաճախում, մի դպրոցից մյուս դպրոց նամակներ էինք գրում. այն ժամանակ դեռ ինտերնետ չկար: Մեր դպրոցում Միչիգան նահանգից մի աղջիկ կար, նամակագրվում էինք: Մի օր ասաց, որ Հրայր Խաչերյանը մի քիչ բարդ է իր համար, խնդրեց, որ մտածենք մի ծածկանուն, որ իր համար ավելի հեշտ լիներ: Ես ել ասացի hawk, որ հայերեն «բազե» է նշանակում: Այդ օրվանից ես նամակներիս վերջում միշտ Բազե էի գրում: Այդպես Բազեն դարձավ իմ երկրորդ անունը, Հրայր Բազե Խաչերյան: Այսօր արդեն անձնագրիս մեջ էլ անունս այդպես է գրված:
Ե՞րբ սկսեցիք լուսանկարել:
12-13 տարեկան էի, երբ առաջին անգամ շփվեցի լուսանկարչության հետ: Իմ ընկերոջ եղբոր լաբորատորիայում լուսանկարներ էին մշակում: Մի անգամ տեսա և ասացի, որ շատ հետաքրքիր գործ է, և հարցրի, թե ինչպես են անում: Պատասխանեցին, թե շատ բարդ գործ է, և ես երբեք չեմ կարողանա այն սովորել: Ես էլ մի փոքրիկ լուսանկարչական ապարատ վերցրի և սկսեցի դրանով լուսանկարել ընկերներիս` ֆուտբոլ խաղալիս, նստած, ուտելիս… Նկարում էի կենդանիներ, բնություն, ինչ պատահեր: Եվ այդպես շարունակվեց: Լուսանկարչական ապարատը մինչև այսօր վզիցս կախված է:
Ինչպե՞ս ծագեց հայկական եկեղեցիներ լուսանկարելու միտքը:
1988 թ-ին, երբ սկսվեց Արցախյան շարժումը, մենք էլ Մոնրեալում` սովետական դեսպանատան առջև, գոռում էինք «Ղարաբաղը մերն է»: Տղերքին ասում էի «Տղերք, բայց էդ Ղարաբաղն ինչ է, որ մերն է», ու լուսանկարում էի այդ հանրահավաքը: Բոլորն էլ ասում էին, թե ինչ-որ հայկական հող է եղել: Հարցրի` ֆոտոներ ունե՞ն, բոլորն էլ ասացին, որ չունեն: Իսկ քանի որ ես շատ հետաքրքրասեր եմ, որոշեցի գնալ Ղարաբաղ:
Առաջին այցելությունս 92-ին էր: Բախտ ունեցա Հայաստան գալու, և երեք օր հետո արդեն Արցախում էինք: Այն ժամանակ Լաչինը պաշարված էր, երկու կողմից խփում էին: Հասանք Շուշի, այնտեղ էլ սկսվեց հայկական թեմաներով նկարելու առաքելությունս: Մի գիշեր Մարտունիում էինք, Լևոն անունով մի մարդ ինձ գիրք նվիրեց: Գիրքը կոչվում էր «Ղարաբաղի հուշարձանները»: Նկուղում նստած` կլանված թերթում էի այդ գիրը, տեսա` ինչ եկեղեցիներ կան Մարտունիում, և հաջորդ առավոտյան գնացի` ամենամոտ եկեղեցին լուսանկարելու: Լևոնը երևի իմ հրեշտակն էր, որ ինձ ցույց տվեց իմ կյանքի ուղին: Հետո տարբեր եկեղեցիներ լուսանկարեցի, ապա ծանոթացա Զավեն Սարգսյանի` Փարաջանովի թանգարանի տնօրենի հետ: Նա ինձ տարավ Անիի ավերակները:
Հետո հիվանդացա թոքերի քաղցկեղով, և բժիշկներն ասացին, որ մի 10 օրից մահանալու եմ: Այդ ժամանակ էր, որ մտքովս անցավ ուխտ անել: Սենյակիս մեջ մի խաչ կար, նայեցի այդ խաչին և մտածեցի, որ եթե հիվանդանոցից դուրս գամ, հայկական եկեղեցիներ եմ լուսանկարելու` առանց հասկանալու, որ ուխտ եմ անում, և առանց որևիցե հեռանկարի: Այդպես սկսվեց հայկական եկեղեցիների շարքը, և արդեն 44 երկրներում հայկական եկեղեցիներ եմ լուսանկարել:
Ձեր նկարած հայկական եկեղեցիներից ո՞րն է, Ձեր կարծիքով, ամենագեղեցիկը:
Կան մի քանիսը, որոնք մեծ տպավորություն են թողել ինձ վրա, օրինակ` Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցին, Երուսաղեմի Սուրբ Հակոբը, Գանձասարը, նաև Հաղպատը, Սանահինը: Շատ են, ամեն մեկն իր գեղեցկությունն ու յուրահատկությունն ունի:
Ի՞նչ տպագրված գրքեր ունեք:
Առաջին գիրքը Արցախին էր նվիրված, կոչվում էր «Լուսանկարչական ուղևորություն»: Ուզում էի Արցախը ներկայացնել աշխարհին ու այն ընկերներիս, որոնք ինձ նման չգիտեին, թե ինչ է Արցախը: Երկրորդ գիրքը կրկին Արցախի մասին էր, սև ու սպիտալ ալբոմ էր` բաղկացած հարյուր լուսանկարներից: Երրորդ ալբոմը «Երկիրն» է, որ նվիրված է Արևմտյան Հայաստանի եկեղեցիներին և գավառների բնությանը, չորրորդը` «40 մերկ աղջիկները»: Հետո 45-ամյակիս եմ հրատարակել «45 մերկ աղջիկները»: Մյուս ալբոմն է «Ճախրող Բազեն», որի մեջ ուղղաթիռից լուսանկարված Հայաստանն ու Արցախն է:
Վերջերս «Հայկական զարդարվեստ» գիրքը հրատարակվեց, որ արել եմ Արմեն Քյուրքչյանի հետ համատեղ, որտեղ ներկայացվում են 800-ից ավելի հայկական զարդանախշերի լուսանկարներ, և դրանց գծապատկերները, որոնք կան նաև CD-ի վրա, որը գտնվում է գրքի մեջ: Այս բոլոր գրքերս և լուսանկարներս նաև հնարավոր է նայել իմ ինտերնետային կայքում` www.hrairhawk.com:
«Երկիր» անունով ալբոմ ունեք, ո՞րն է երկիրը Ձեզ համար:
Դա շատ հեշտ է ինձ համար, որովհետև երկիրն Արևմտյան Հայաստանն է, Հայաստանի Հանրապետությունն է, Արցախը, Վրաստանի մի մասը և Պարսկաստանի մի մասը: Այն տարածքը, որտեղ հայերն ապրել ու ստեղծագործել են, ես համարում եմ իմ երկիրը, և կարող եմ ասել, որ Արևմտյան Հայաստանում կամ Ջավախքում կամ Արցախում ինձ զգում եմ ինչպես իմ երկրում:
Ի՞նչ գրքեր եք նախատեսում լույս ընծայել մոտ ապագայում:
Շուտով 50 տարեկան կդառնամ. այդ առիթով պատրաստվում եմ լույս ընծայել «50 մերկ աղջիկները»: Ընթացքի մեջ է «Heaven on Earth» կամ «Հայաստան դրախտավայր» ալբոմը, որը Հայաստանն է և Արևմտյան Հայաստանը` ուղղաթիռից նկարված: 2011 թ.-ին արդեն նաև պատրաստ կլինի հայկական եկեղեցիների ալբոմը, ինչպես նաև Արմենի հետ շարունակում ենք աշխատել զարդանախշերի վրա:
Այն աշխարհը, որին նայում ես օբյեկտիվից, ինչո՞վ է տարբերվում այն աշխարհից, որին նայում ես սովորական աչքով:
Ինձ համար ֆոտոն արդեն կյանք է: Առավոտյան երբ զարթնում եմ, առաջին հերթին նայում եմ Արարատին. եթե լավն է, պետք է լուսանկարեմ, եթե չի երևում, սկսում եմ ուրիշ բան փնտրել` լուսանկարելու:
Այն, ինչ տեսնում ենք Ձեր լուսանկարներում, արդյոք կյանքում նույն տեսքն ունի՞:
Չէի ասի` կյանքում նույն տեսքն ունի: Իմ լուսանկարներում իմ բնավորությունն է երևում: Կարող են երկու լուսանկարիչ կողք կողքի կանգնել և միևնույն կադրը լուսանկարել, սակայն երկուսի լուսանկարածներն էլ բոլորովին տարբեր կլինեն: Ինձ համար շատ հաճելի է, որ մարդիկ արդեն ճանաչում են իմ գործերը, նայում են լուսանկարին և ասում են` Բազեինն է:
Կա՞ ինչ-որ կադր, որ շատ կուզեիք լուսանկարել, սակայն մինչ օրս չի հաջողվել:
Ընդհանրապես շատ համառ բնավորություն ունեմ. այն ինչ մտքովս անցնում է, պետք է անպայման իրագործեմ, և միշտ ստացվում է: Հնարավոր է, որ կյանքում լինեն ինչ-որ կադրեր, որ բաց եմ թողել, մեկ աչքով եմ նայել, բայց ընդհանրապես կադրեր բաց չեմ թողնում:
Ինչո՞ւ եք միշտ լուսանկարում լավը, գեղեցիկը, սակայն Ձեր լուսանկարներով ցույց չեք տալիս նաև կյանքի վատ և պրոբլեմատիկ կողմերը:
Վատը, պրոբլեմատիկը լուսանկարել եմ, սակայն այնպես եմ լուսանկարում, որ վատն էլ գեղեցիկ երևա, դրա համար էլ որոշել եմ վատը չլուսանկարել: Առաջին հերթին` որովհետև չեմ սիրում այն մարդկանց, որ օգտվում են ուրիշի ցավից:
Երբևիցե չե՞ք մտածել զբաղվել ֆոտոլրագրությամբ:
Զբաղվել եմ, սակայն հասկացել եմ, որ պետք է անկախ լինեմ և ստեղծագործեմ այնպես, ինչպես ուզում եմ, ոչ թե պարտավորված լինեմ անել այն, ինչ շուկան է պահանջում: Ես ստիպված կամ պարտադրված չեմ աշխատում: Ճիշտ է, սկզբնական շրջանում հարսանիքներ էլ եմ նկարել, բայց դա արել եմ գումարի համար, որովհետև պետք է ընտանիքս պահեի: Սակայն շատ շուտով հասկացել եմ, որ դա ինձ ավելի շատ վնաս է բերում, քան օգուտ: Հիմա ստեղծագործական և վավերագրական ասպարեզի մեջ եմ, որովհետև վավերագրականն անելու համար արկածախնդրություն է պետք` գնալ, գտնել, պրպտել:
Ի՞նչ կցանկանաք ընթերցողներին:
Կյանքն ակնթարթ է: Լուսանկարչական մեկ կադրը 1/25-րդ վայրկյան է: Կյանքն էլ այդպես է: Հիվանդանոցում, որտեղ պառկած էի, կար վեց սենյակ, ամեն սենյակում մեկ ծանր հիվանդ կար, նրանցից մեկը ես էի, մյուս հինգը մահացել են, միայն ես եմ մնացել: Միգուցե պատճառն իմ համառությունն էր, սերը կյանքի և ապրելու նկատմամբ: Ֆոտոն էլ իմ կյանքն է, սիրում եմ նկարել, սիրում եմ ապրել, ուրեմն ցանկանում եմ մարդկանց, որ ամեն ինչին նայեն դրական: Այդ դեպքում և իրենց հոգին կթեթևանա, և իրենց շրջապատող մարդկանց կյանքն ավելի գեղեցիկ կդառնա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել