Հայաստանին 40 մլն դոլար տրամադրելու որոշումը հավանության է արժանացել
Երեկ ԱՄՆ-ի Սենատի Հատկացումների հանձնաժողովը հավանություն տվեց 2011թ.-ի ֆինանսաբյուջետային տարվա (FY) Օտարերկրյա հատկացումների օրինագծին: Այս մասին հաղորդում է Ամերիկայի hայկական համագումարը (այսուհետ` Համագումար): Հանձնաժողովի առաջարկությամբ Հայաստանին հատկացվելու է 40 միլիոն ԱՄՆ դոլարի օգնություն, որը մեկ միլիոն ԱՄՆ դոլարով պակաս է անցած տարվա 41 միլիոն ԱՄՆ դոլարի օգնության չափից և հավասար է վարչակազմի պահանջած 40 միլիոն ԱՄՆ դոլար հատկացնելու գումարին:
«Հաշվի առնելով Թուրքիայի կողմից Հայաստանի ներկայիս շրջափակումը և Թուրքիայի անկարողությունը` առանց նախապայմանների բարելավել հարաբերությունները` անհնար է թերագնահատել ԱՄՆ-ի կողմից ցուցադրվող օգնությունը»,-ասաց Համագումարի Կոնգրեսական կապերով գործակալ Բիանկա Կադյան-Դոդովը:
Սենատի հանձնաժողովի որոշումը հաջորդեց Ներկայացուցիչների պալատի Պետական, արտաքին գործունեության և համանման ծրագրերով հատկացումների ենթահանձնաժողովի անցած ամիս ընդունած օրինագծին, ըստ որի` 44 միլիոն ԱՄՆ դոլարի օգնություն հատկացվելու էր Հայաստանին և 10 միլիոն ԱՄՆ դոլար` Լեռնային Ղարաբաղին:
«Համագումարը շարունակելու է իր աշխատանքները Սենատի և Ներկայացուցիչների պալատի հետ` Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար հնարավոր բարենպաստ արդյունքները ապահովելու ուղությամբ»,- ասաց Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
Սենատի օրինագիծը նաև կոչ է անում Հարավային Կովկասի տարածաշրջանում իրականացնել «փոխվստահության ձևավորման գործողություններ և հակամարտությունների խաղաղ լուծմանն ուղղված նման այլ միջոցառումներ»: Ի հավելումն, ըստ օրինագծի, 25,5 միլիոն ԱՄՆ դոլար հատկացվելու է «քաղաքացիական մակարդակով հաշտեցման ծրագրերի աջակցմանը, որոնց միջոցով համախմբվելու են տարբեր էթնիկ, կրոնական և քաղաքական պատկանելություն ունեցող անհատներ կոնֆլիկտային տարածքներից»:
Հանձնաժողովը նաև պահանջեց ներկայացնել զեկույց Ազատության պաշտպանության ակտի 907-րդ ուղղման վերաբերյալ` հանձնարարելով «Պետքարտուղարին սույն ակտի վավերացումից հետո 90 օրվա ընթացքում ներկայացնել հաշվետվություն, որը կվերլուծի այն սահմանափակումների և բացառությունների ազդեցությունը, որոնք կիրառվել են Ադրբեջանին հատկացվող աջակցության չափի նկատմամբ` ըստ 102-511 Հանրային օրենքի 907-րդ ուղղման` միաժամանակ ընդառաջելով Արդբեջանի և Հայաստանի միջև կոնֆլիկտի լուծմանը: Սույն հաշվետվությունը պետք է ներառի նաև որոշակի առաջարկություններ` ուղղված կողմերի միջև հաշտեցման հնարավորությունների ընդլայնմանը»:
Օտարերկրյա զինված ուժերի ֆինանսավորման (FMF) և Միջազգային ռազմական կրթության (IMET) ծրագրերի ֆինանսավորումը նախատեսված չէր Հայաստանի և Ադրբեջանի համար: Հաշվի առնելով Ադրբեջանի շարունակաբար աճող ռազմական ծախսերը և ռազմակոչ հայտարարությունները` Համագումարը Կոնգրեսին ուղղված իր դիմումում «կոչ արեց» օտարերկրյա հատկացումների պատասխանատուներին «դադարեցնել ռազմական աջակցության ցուցաբերումն Ադրբեջանին»:
Հանձնաժողովի զեկույցում նաև արտահայտված էին որոշ մտահոգություններ «Արդբեջանում անկախ լրագրողների նկատմամբ գործադրվող ճնշումների առումով». հանձնարարվում էր Պետքարտուղարին «իրագործել խոսքի ազատության բարեփոխումներ Ադրբեջանի կառավարությանը հատկացվող աջակցության սահմաններում»:
Սենատի և Ներկայացուցիչների պալատի օրինագծերի հետ կապված հետագա զարգացումները տեղի կունենան սեպտեմբերին` օգոստոս ամսվա ընդմիջումից հետո:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել