HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արժանապատիվ» ծերություն` մրջյունների «ընկերակցությամբ»

Երեւանին կից` Հաղթանակ գյուղի (4-րդ գյուղ) ծերանոց կարելի է հասնել 56 համարի երթուղայինով, այն էլ` մոտ 2 կանգառ պետք է ոտքով քայլել: Ցանկապատված եւ պահակակետով տարածքը ճամբար է հիշեցնում, չնայած անարգել կարելի է ներս մտնել:

-Բարեւ Ձեզ, այստե՞ղ եք ապրում:

-Հա, անտերանոցում:

-Որտե՞ղ:

-Անտերանոց է, բա ի՞նչ է:

Ճշտելու համար` ծերանոցի բնակիչ է, թե ոչ, զրուցելու ակնկալիքով մոտեցա տաղավարում նստած ծերունուն: Ծերերի համար նախատեսված այս տուն-ինտերնատն իր համար անտերանոց դառնալու երկու պատճառ նշեց. նախ` որովհետեւ զավակներն են իրեն այստեղ բերել ու թողել, հետո էլ` այստեղ էլ առանձնապես տիրություն անող չկա:

«Կարտոշկով սուպ են տալիս, մեկ էլ փլավ են տալիս, դրա լավը ո՞րն է: Մանի կաշա են տալիս, բայց ես մանի կաշան չեմ ուտում: Իսկ եթե չես ուտում, մնում ես սոված»,- ասաց Ռազմիկ պապը:

«Կաշան օգտակար է, ինչո՞ւ չեք ուտում»,- հարցնում եմ:

«Ահ, ի՞նչ օգտակար, օգտակարը տնականն է, կաթով-բանով սարքածը, իսկ ստեղ ջուր են լցնում, բրինձն էլ են խաշում ջրով»: Կերակուրներից դժգոհ են նաեւ մյուս բնակիչները: Արսեն պապն ու կինը իրենց սենյակում են կերակուր պատրաստում, էլեկտրական ջեռոցի վրա:

«Մեզ ասին` ճաշարանում եք հաց ուտելու, մենք ասինք` մենք այդ ճաշը տանում ենք տուն, սոխառած ենք անում, յուղ ենք դնում ու նոր ուտում ենք: Մենք էնտեղ կերանք` սովից կմեռնենք»,- պատմեց Արսեն պապը:

«Բայց վատ բան մի գրե, լավ բան գրե, վատ բան գրեցիր, մեզ դուրս կհանեն,- զգուշացրեց նա եւ գովեստի խոսքեր ասաց մաքրության մասին,- հիվանդապահները շաբաթը մեկ մաքրում են, շորերս են լվանում, բաղնիք կա` մտի լողացի»:

«Չհաշված ոջիլները»,- ականջիս շշնջաց կողքի ծերունին: Սենյակային պայմաններից նրանք չեն դժգոհում, հարմարվում են: Վեց մասնաշենքից երկուսը վերանորոգված է: Օլյա տատը վարագույրներն ինքն է կախել, որ ճանճերը ներս չգան: «Ամեն ինչն էլ մենք ենք անում, եղած վարագույրը բանի պետք չէր»,- ասում է նա: Առանձին շենքում տեղավորված են արդեն անշարժունակ, անկողնային ծերերը, որոնք հատուկ խնամքի կարիք ունեն: Ծերանոցի բնակիչներն այն հիվանդանոց են անվանում, իսկ քիչ հետո տնօրենի տեղակալ Արթուր  Մարկոսյանը այն կանվանի Անկողնային բաժանմունք:

«Ո՞ւր ես գնում, ընդեղ մտար` կխեղդվիս»,- հիվանդանոցի մասին զգուշացրեց ծերանոցի տաղավարում նստած ծերերից մեկը, երբ տեսավ, որ ուղեւորվում եմ այն կողմ: Արտաքինից կոկիկ տեսք ունեցող երկհարկանի շինության հենց մուտքից զգում ես, որ հայտնվել ես «վտանգավոր գոտում»: Առաջին հակազդեցությունը սրտխառնոցն է: Հիվանդանոցում մոտ 50 ծեր հիվանդ կա: Խնամակալ Անահիտն ասում է, որ այստեղ են տեղափոխվում արդեն «մահվան ուղին բռնած հիվանդները»: Ոմանք նույնիսկ անգիտակից վիճակում են: Մի քանի սենյակներում բարձր խոսում էին. մեկը դժգոհում էր, որ իր թոշակը չեն տալիս, մյուսն իր դառը ճակատագրի մասին էր պատմում, բայց նրան լսող չկար. «գիժ» էին անվանում: Հիվանդի դարակի վրա 5 րոպե առաջ դրված քաղցր թխվածքաբլիթի կտորը շրջապատվեց մրջյունների հոծ խմբով:

«Մաքուր է, բայց սրանք հավաքվում են»,- քշելով մրջյուններին` նկատում է հիվանդանոցի բնակիչ տիկին Աննան: «Աղջիկս, մոտեցիր, այս սրբիչը գցիր ամանների վրա, որ մրջյունները չմտնեն, որ մեր սեղանը մաքուր մնա»,- խնդրեց կողքի մահճակալին պառկած մյուս հիվանդը` տիկին Ազնիվը:

Մոտ 20 քմ սենյակներում 4-5-ական մահճակալ է դրված, շնչելու օդ չկա: Ձմռանը մեր առաջին այցելության ժամանակ սենյակի օդափոխության համար հիվանդապահ Անահիտը պատուհանը բացեց, որ օդը մաքրվի. սառը օդը միանգամից թարմացրեց սենյակը, բայց այն փչեց ուղիղ հիվանդ ծեր կնոջ գլխի վրայով: Այնտեղ քնած Էմմա տատը դրանից արթնացավ: Քիչ հետո ընթրիքն են մատուցում. մետաղյա ամանի մեջ լցված երկու գդալ հնդկացորեն: «Էլի գրեչկա,- դժգոհում է տիկին Աննան,- գոնե մածուն լիներ հետը»: Հացը հիվանդներից մեկը իր տոպրակից հանեց: Երեկոյան ընթրիքի բաղկացուցիչն էր նաեւ մեկ բաժակ թեյը` առանց շաքարավազի: «21 հազար եմ ստանում, բայց 8 հազարը պահում են ուտելիքի եւ այլ բաների համար: Կոֆե եմ առնում, պեսոկ, գլխացավ ունեմ, դեղ եմ առնում, հիմա 200 դրամ փող ունեմ, ամսի երկուսին թոշակ եմ ստանում: Ի՞նչ փող է սա, սիրտդ մի բան է ուզում, չես կարող առնել»,- ասում է տիկին Աննան: Կողքի մահճակալի հիվանդի` հատակին թափթփված շորերի վրայով, մահճակալի տակից հորանջելով դուրս եկավ կատուն: «Մեր փիսիկն է»,- նկատեց սենյակի կանանցից մեկը: Քիչ անց հայտնվեցին եւս երկու կատուներ: «Նրանք գնում են այն հիվանդների մոտ, ովքեր շուտով մահանալու են,- արդարացավ խնամակալը,- իսկ ընդհանրապես ասում են` կատուները հիվանդությունը վերցնում են իրենց վրա»:

75-ամյա Համլետ պապն արդեն 11 տարի է` խնամակալության բաժանմունքում է: Համլետ պապն աշխատակիցների ուշադրությունն «արտակարգ» գնահատեց. «վրեդնի ցեխ» բնորոշելով հիվանդների այս կացարանը` նա գովաբանեց խնամակալների աշխատանքը. տակաշորեր են փոխում, եղունգները կտրում, լվանում, լողացնում ծերերին, որի համար նրանք ստանում են ընդամենը 40 հազար դրամ աշխատավարձ: Տնօրենի տեղակալ Արթուր Մարկոսյանն էլ է ասում, որ եթե մեկը գործից դուրս է գալիս, նոր աշխատող դժվարությամբ են գտնում. ամիսներ շարունակ այդ տեղը թափուր է մնում:

«Ամենացավալին այն է, որ դեղորայքը շատ սակավ է, պետությունը չի սպասարկում դեղորայք, պետությունը սննդի մասին էլ չի կարողանում նորմալ մտածի: Այստեղ պետք է ոչխարի միս չտալ, դիետիկ սնունդ պետք է տալ, բայց որ չունեն, ստիպված (օգնություն է գալիս ոչխարի միսը) մարդկանց ոչխարի միս են տալիս»,- ասում է Համլետ պապը: Նա ստացած դեղերի մեջ զորություն չի նկատում. «Պահեստներում մնում է, հնանում է, ուշ են բերում, ստիպված մարդիկ իրենց թոշակից են դեղեր գնում: Որպեսզի ես կարողանամ նորմալ ապրել, ես պետք է համ կատետր առնեմ, համ մոմ առնեմ, էլ չեմ ասում դրա հետ ֆիզռաստվոր է պետք, ֆուռիցիլին է պետք. պետությունը չի մտածում, պետությունը հոգ չի տանում»,- կարծում է Համլետ պապը:

«Դեղորայք առնում են, մտածում են, թե կարող է քիչ լինի, բայց որ մահանում են այնքան դեղեր ենք իրենց դարակից հանում, որ մեր պահեստում այդքան չկա»,- ասում է հիվանդանոցի մյուս աշխատակիցը: Ծերանոցի այս բաժանմունքի երկու հարկերի պատասխանատուն Վարդիշաղ Եղիազարյանն է: Ծերանոցի հիվանդանոցում երկու հերթափոխով հիվանդապահներ են աշխատում: Ասում են` ամեն շաբաթ լողացնում են ծերերին, շորերը լվանում, սպիտակեղենը փոխում, բայց հոտը, միեւնույն է, չի վերանում:

«Փոքր երեխի նման խնամք են տանում»,- ասում է Վարդիշաղը: 8 հիվանդապահ է աշխատում, ամեն օր յուրաքանչյուր հարկում` 2-ական: Վարդիշաղի խոսքերով` օրը երեք անգամ տակաշորերն են փոխում: Շաբաթը մեկ անգամ էլ լողացնում են հիվանդներին, իսկ եթե կարիք կա` նույնիսկ օրը երեք անգամ: Վարդիշաղի ասելով` ղեկավարությունը բոլոր հարցերում շատ ուշադիր է, հիվանդանոցային աշխատանքը եւս նորմալ է:

Ակնկալիքները ԲՀԿ-ական փոխտնօրենից մեծ են

Մեր վերջին այցելության ժամանակ` հուլիսի 27-ին, ծերանոցում աշխուժություն էր տիրում. տարածքն էր բարեկարգվում: Այդ օրը մաքրվում էր նաեւ հիվանդանոցը: Հոտն էլ արդեն քիչ էր: Նոր փոփոխությունները ծերանոցի բնակիչները կապեցին նոր տնօրենի հետ. Դավիթ Շահբազյանի փոխարեն օգոստոսի մեկից Արմեն Գյուրջյանն է լինելու: Հարցնում եմ` հիվանդանոցը մաքրելը նոր տնօրենի հրամա՞նն է: Վարդիշաղ Եղիազարյանը պատասխանում է. «Իմ հրամանն է, ես եմ պատասխանատուն»: Իսկ ծերերից մեկը հպարտացավ` «հայաթում արդեն լույս էլ ունենք»: Պարզվեց` տնօրենը դեռ չի փոխվել: Դավիթ Շահբազյանը սփյուռքի նախարարությունում աշխատանքի անցնելու պատճառով իր դիմումի համաձայն ազատվել է ծերանոցի տնօրենի պաշտոնից: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Խաչատրյանից տեղեկացանք, որ տնօրենը հրամանով դեռ չի ազատվել, եւ նոր պաշտոնակատար չի նշանակվել, չնայած ծերանոցի բնակիչները նոր տնօրենին արդեն նշանակված են համարում: Իսկ թե որ տեղակալը կդառնա պաշտոնակատար, դեռ պարզ չէ: Ծերերը «նոր տնօրենից» գոհ էին: «Հմիկվանը ԲՀԿ-ից է, Ծառուկյանին մոտ է, կօգնի մեզ: Նոր տնօրենն ասաց` ամսի 1-ից կգաք ճաշարան, ձեր ուզածով ճաշ կպատրաստեն ու կուտեք»,- պատմեց Արսեն պապը: Հիվանդանոցի կանայք հպարտությամբ ցույց տվեցին իրենց հագի գիշերանոցները. նոր էին ստացել: Հիվանդանոցը նաեւ նոր ներքնակներ է ստացել:

Պատասխանատուն հույս ունի, որ օդն էլ այլեւս ծանր չի լինի: Մինչդեռ, ըստ Արթուր Մարկոսյանի, փոփոխությունները կապված չեն նոր տնօրենի հետ, դրանք պետք է արվեին եւ պարզապես համընկել են այս ժամանակահատվածի հետ: Շինարարական, տարածքի ու շենքային պայմանների բարելավման աշխատանքներ են ընթանում: Միայնակ տարեցների եւ հաշմանդամների սոցիալական սպասարկման եւ խնամքի ծառայություններ տրամադրվում են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող 4 տուն-ինտերնատներում` 3-ը ընդհանուր տիպի (Երեւանի Նորքի, Հաղթանակ գյուղի թիվ 1 եւ Գյումրիի տարեցների եւ հաշմանդամների) եւ մեկը` հատուկ (նյարդահոգեբանական տուն-ինտերնատ): Նախարարության համակարգի 4 տուն-ինտերնատներում խնամվում է 1010 կենսաթոշակառու: Համաձայն Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կայքում տեղադրված տեղեկանքի` տուն-ինտերնատում բնակվողները ստանում են սոցիալական եւ բժշկական սպասարկում: Տուն-ինտերնատում խնամվողներն ապահովվում են կացարանով, օրը երեք անգամյա սննդով, հագուստով, անկողնային եւ հիգիենիկ պարագաներով, ինչպես նաեւ տրամադրվում է սոցիալ-կենցաղային, բժշկական, հոգեբանական եւ այլ ծառայություններ:

 

Տուն-ինտերնատներում խնամվող մեկ բնակչի խնամքի միջին օրական ծախսը կազմում է մոտ 2900 դրամ, որից սննդի ծախսը` միջինը 1200 դրամ: Տուն-ինտերնատը համալրված է բարձրակարգ մասնագետներով, այդ թվում` բժշկական, ինչպես նաեւ հագեցած է ժամանակակից կենցաղային եւ բժշկական սարքավորումներով ու դեղորայքով:

Ծերանոցի տնօրենի տեղակալը հետո մեր զրույցի ժամանակ ասաց, որ սննդի ծախսը իրականում 1162 դրամ է: Ծեր խնամյալների թոշակներից 8000 դրամ պահվում է նրանց սննդի համար: Իսկ մնացած գումարով նրանք գնում են իրենց անհրաժեշտ ուտելիքը, դեղորայքը եւ այլ պարագաներ: «Ինչը որ սովորական մարդն է ուտում իր տանը, նույնն էլ ուտում են այստեղ, այսինքն` առավոտ ձու, մանի կաշա, թեյ, կարագ, պեսոկ, նրբերշիկ, ճաշին` ջրիկ ճաշեր, աղցան, հյութ, միրգ, ընթրիքին` թեյ, փլավ` ինչ-որ մի տեսակի, պանիր, թխվածքաբլիթ եւ այլն»,- ասում է տնօրենի տեղակալ Արթուր Մարկոսյանը: Դեղորայքի համար պետությունը յուրաքանչյուրին օրական մոտ 50 դրամ է հատկացնում, ամսական` մոտ 1500 դրամ: Հիվանդանոցի ծանր վիճակը հաստատեց նաեւ Ա. Մարկոսյանը` նշելով, որ միշտ էլ մաքրում են, իսկ հոտը կախված է օրվա ժամից կամ նույնիսկ եղանակից:

«Այնտեղ պառկած է 50 անկողնային հիվանդ, որոնց 70-80 տոկոսը տակը անող հիվանդներ են: Այդ շենքը ի սկզբանե սխալ է կառուցված, չունի օդափոխության համակարգ, մոտ 10 տարի է` այդ շենքը կա, հոտը մտել է պատերի մեջ, չնայած հնարավորության չափ մաքրվում է»,- ասում է Ա. Մարկոսյանը:

Ըստ տնօրենի տեղակալի` վերանորոգման երկու մեծ ծրագիր ունեն, դեռ սպասում են` Սոցներդրումների հիմնադրամը հաշվարկներ է անում: 6 մասնաշենքից 2-ն է վերանորոգված. մի մասը «Հայաստան» համահայկական հիմնադրամի, մյուսն էլ` Սոցներդրումների հիմնադրամի ֆինանսավորմամբ: 1989 թ.-ից ի վեր ջեռուցում չի եղել, տաքացվել է էլեկտրական սալիկներով, այն էլ` միայն բնակելի մասերը:

Իսկ 2009 թ.-ից արդեն ջեռուցման համակարգը գործում է: 2009 թ. նոյեմբերին «ՎիվաՍելի» սպասարկման բաժանմունքի աշխատակիցները իրենց միջոցներով վերանորոգել ու կահավորել են ընդհանուր միջանցքը, տեղադրել են նաեւ հեռուստացույց: Ա. Մարկոսյանը հիվանդանոցի վերանորոգումն անհնար է համարում: Ըստ նրա` ավելի հարմար կլինի նոր հիվանդանոց կառուցել, քան վերանորոգել հինը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից փորձեցինք պարզել, թե ինչպես է իրականացվում վերահսկողությունը ծերանոցների նկատմամբ, բայց մեր գրավոր հարցմանը դեռեւս պատասխան չենք ստացել:

Հ.Գ. Հիվանդների անունները փոխված են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter