HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Պեչա-կուչա»` ասել-խոսել

Սոնա Քյուրքչյան Հուլիսի 30-ին «Ակումբ» սրճարանում առաջին անգամ Հայաստանում տեղի ունեցավ «Պեչա-կուչան»: Բազմաթիվ նոր գաղափարներ, հետաքրքիր մտքեր հնչեցին այդ օրը «Ակումբում»: Մարդիկ եկել էին տեսնելու, թե ինչ է այդ երկար սպասված «Պեչա-կուչան»: «Պեչա-կուչա», որ ճապոներեն նշանակում է ասել-խոսել, առաջին անգամ կազմակերպվել է 2003-ին Տոկիոյում`այն նպատակով, որ երիտասարդ ճարտարապետները կարողանան հանդիպել իրար և ցուցադրել իրենց աշխատանքները: Շուտով այն վերածվեց մասսայական իրադարձության, որն այժմ կազմակերպվում է աշխարհի 327 երկրում, որտեղ արդեն կարող են ելույթ ունենալ ոչ միայն ճարտարապետները` իրենց նախագծերով, այլ յուրաքանչյուր մարդ`իր գաղափարներով: «Պեչա-կուչայի» Երևանի կազմակերպիչ Վահե Բալուլյանն ասում է. ««Պեչա-կուչան» մարդկանց համար արտահայտվելու լավ հնարավորություն է: Շատ մարդիկ հետաքրքիր գաղափարներ, աշխատանքներ ունեն, սակայն հնարավորություն չունեն դրանք ներկայացնելու, առիթ չունեն դրանց մասին խոսելու: «Պեչա-կուչան» հնարավորություն է տալիս մարդկանց խոսելու, նոր մտքեր արտահայտելու»: «Պեչա-կուչան» հիմնված է շատ պարզ գաղափարի վրա` 20 պատկեր X 20 վայրկյան: Յուրաքանչյուր ելույթ ունեցող ներկայացնում է 20 պատկեր և ամեն մի պատկերի համար խոսում է 20 վայրկյան: Սա արված է նրա համար, որ մարդիկ իրենց գաղափարները, որքան հնարավոր է, կարճ ներկայացնեն և իրադարձություններն արագ առաջ ընթանան` առանց մարդկանց ձանձրացնելու: «Այս ելույթը կոչում են ինտելեկտուալ կարաոկե: Մեր իրականության մեջ սա շատ ուրախալի երևույթ է, որ մարդ կարողանում է կարճ ներկայացնել ինչ-որ բան: Սա հույս է ներշնչում, որ մեր երկրում կան մտածող և կարճ-կոնկրետ խոսող մարդիկ»,- ասում է «Պեչա-կուչայի» այցելու Հովակիմ Սաղաթելյանը: Այս անգամ «Պեչա-կուչայի» բախտավորները, նաև խիզախները շատ տարբեր բաներ ներկայացրին. մեկը` իր ֆիլմը, մյուսը` իր գիրքը, երրորդը` իր յուրատեսակ արվեստը… 10 ելույթ լսեցին այդ օրը մարդիկ, բոլորը` տարբեր, բոլորը` հետաքրքիր: «Սպասվածից ավելին էր, շատ լուրջ, կայացած մարդիկ եկան այնպիսի բաներ ներկայացրին, որ ես, զբաղված լինելով, դժվար թե նման բաներ ուրիշ տեղ կարողանայի կարդալ: Ցանկություն ունեմ հաջորդ անգամ մասնակցելու, ինչպես նաև ներկա գտնվելու բոլոր «Պեչա-կուչաներին»,- ասում է «Պեչա- կուչայի» այցելու Վարդգես Պետրոսյանը: Երևանը դարձավ երկրորդ քաղաքը ողջ ետխորհրդային տարածքում, ուր անկացվեց «Պեչա-կուչա»: Իսկ թե ինչպես այն հայտնվեց Հայաստանում, պատմում է «Պեչա-կուչայի» Երևանի կազմակերպիչ Աննա Բալուլյանը. «Վահեն  ինչ-որ ամսագրում շատ պատահական կարդաց հոդված «Պեչա-կուչայի» մասին: Նրան շատ դուր եկավ «Պեչա-կուչայի» գաղափարը և մտածելով, որ «Ակումբը» շատ հարմար վայր է «Պեչա-կուչա» կազմակերպելու համար` որոշեց կազմակերպել «Պեչա-կուչա» Հայաստանում»: «Պեչա-կուչայում» ներկայացրած բոլոր ելույթները տեղադրվելու են «Պեչա- կուչայի» պաշտոնական ինտերնետային կայքում` pecha-kucha.org: Այսպիսով Հայաստանում ներկայացվող ելույթները ոչ միայն կհնչեն «Ակումբում», այլ նաև` աշխարհի տարբեր անկյուններում: Հաջորդ «Պեչա-կուչան» տեղի կունենա օգոստոսի վերջին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter