Դատական նիստերը հետաձգվել են
«Գուգարք» ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Հովսեփյանի գործով առաջին դատական նիստը նշանակված էր հուլիսի 30-ին: Հիշեցնենք, որ Սամվել Հովսեփյանը մեղադրվում է Հնեվանքի և Քոբայրավանքի վերանորոգման նպատակով պետբյուջեից հատկացված ֆինանսական միջոցների յուրացման մեջ:
Սամվել Հովսեփյանը դատական նիստին չեր ներկայացել: Ըստ վերջինիս պաշտպան Ադելինա Հակոբյանի ներկայացրած տեղեկանքի` նրա պաշտպանյալն այս պահին գտնվում է Վ.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում, որտեղ ճառագայթային բուժում է ստանում: Դատարանն, ընդունելով պաշտպանի` գործի քննությունը առնվազն մեկ ամսով հետաձգելու միջնորդությունն ու նախագահող դատավորի` օգոստոսի 9-30-ը հերթական արձակուրդի մեջ գտնվելու հանգամանքը, դատական նիստը հետաձգեց մինչև սեպտեմբերի 7-ը:
Անորոշ ժամանակով հետաձգվեց նաև Մարինե Մկրտչյանի քրգործի քննությունը: Հիշեցնենք, որ Մարինե Մկրտչյանը մեղադրվում է դրամաշորթության մեջ (աշխատանքի ընդունման պատրվակով բնակչից գումար վերցնելն ու յուրացնելը): Ամբաստանյալի` նշանակված առաջին երկու դատավարություններին չներկայանալուց հետո դատարանը վճիռ կայացրեց բերման ենթարկել նրան: Սակայն նրա չգտնվելու պատճառով երրորդ նիստն էլ չկայացավ: Մարինե Մկրտչյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել