
Ռուսաստանի կողմից Ադրբեջանին Ս-300 հակահրթիռային համակարգեր վաճառելու փաստը Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը շատ մտահոգիչ է համարում: «Ես դա անթույլատրելի եմ համարում, որովհետև եթե դա համարվում է կոմերցիոն գործարք, այսինքն` զուտ փող աշխատելու համար է, վստահ եմ, որ այդ փողը կարելի էր աշխատել նաև ուրիշ տեղ` չոտնահարելով ՀԱՊԿ-ով իր դաշնակից Հայաստանի շահերը: Իսկ որ Հայաստանի շահերը ոտնահարված են, ես չեմ կասկածում, ինչ էլ որ ասեն տնաբույծ էքսպերտները, թե իբր Ս-300-ը ոչ թե հաձակողական զենք է, այլ պաշտպանողական»,- երեկ «ՀԺ»-ի հետ զրույցում ասաց Վահան Հովհաննիսյանը:
Ըստ նրա` զենքը մնում է զենք` անկախ այն բանից` պաշտպանողակա՞ն է, թե՞ հարձակողական: «Անգրագետների փաստարկները, թե դա Հայաստանի համար ոչ մի վտանգ չի ներկայացնումմ, ես չեմ ընդունում: Ցանկացած զենք Ադրբեջանի ձեռքին, նույնիսկ կացինը, Հայաստանի համար վտանգ է»,- ասաց Վահան Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ըստ ռուսական ԶԼՄ-ների` ՌԴ-ն Ադրբեջանին է վաճառել Ս-300 հակահրթիռային 2 համակարգ: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, սակայն, այդ լուրը ոչ հերքում է, ոչ հաստատում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել