HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Երաշտից թերսնված ու նիհարած կլինեն միայն կովերը

Անցած շաբաթվա ընթացքում հանրապետության ողջ տարածքում տեղումներ չեն եղել, առաջիկա 5 օրերին նույնպես տեղումներ չեն սպասվում: Չոր եղանակը նախադրյալներ է ստեղծում երաշտի համար, հատկապես` չոռոգվող տարածքներում: Արտակարգ իրավիճակների նախարարության հայպետհիդրոմետի օպերատիվ հիդրոօդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ հաստատ չի կարող ասել, որ երաշտ կլինի, բայց տեւական չոր եղանակային պայմանները հատկապես Տավուշի եւ Սյունիքի մարզերում կարող է երաշտի վերածվել: «Արարատյան դաշտավայրում երաշտի վտանգ չկա, քանի որ հողերը ոռոգվում են, բայց Սյունիքում ու Տավուշում հնարավոր է լինի: Բայց ասածս չի նշանակում, որ հաստատ երաշտ է լինելու»,- ավելացրեց Զ. Պետրոսյանը: Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Ռազմիկ Մելիքջանյանը զարմացավ, որ իրենց մարզում կարող է երաշտ լինել: «Հիմա երաշտը ի՞նչը պիտի չորացնի, պտուղ բացարձակ չունենք, հացահատիկն էլ արդեն հնձել ենք: Կարող է արոտավայրերը մի քիչ չորանան, դրանից էլ կովերը թերսնված կլինեն ու կնիհարեն, ուրիշ ոչինչ չի կարող լինել»,- ասում է վարչության պետը: Ըստ նրա` մարզի պոմպակայաններով այնքան շատ ջուր է մատակարարվում ջրօգտագործողներին, որ վերջին 10 տարիների ընթացքում այդքան ջուր չի տրվել գյուղացիներին: «Ճիշտ է, հիմա շատ շոգ է, նույնիսկ տոթ է, բայց առայժմ վտանգ չկա»,- ավելացրեց Ռ. Մելիքջանյանը: Նույն խնդրով հետաքրքրվեցինք նաեւ Արարատի մարզպետարանի գյուղվարչության պետ Տիգրան Վիրաբյանից: Նրա ասելով, առայժմ երաշտի վտանգ չկա, իսկ լինելու դեպքում էլ կվնասվեն միայն արոտավայրերը, այն էլ` քիչ քանակությամբ: Նույն պատասխանը տվեց նաեւ Վայոց Ձորի գյուղվարչության պետ Բաբկեն Մկրտչյանը: Այստեղ էլ արդեն հնձվել է հացահատիկի բերքի մոտ 60-70 տոկոսը, իսկ առաջիկայոււմ բարձրադիր գոտում կհնձվի նաեւ խոտհարքերը: «Չգիտեմ, թե դուք որտեղից եք տեղեկացել հնարավոր երաշտի մասին, բայց օդերեւութաբանների հետ մենք միշտ կապի մեջ ենք ու այդ մասին մեզ չեն զգուշացրել»,- նշեց Բ. Մկրտչյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter