HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Պետք է Շենգավիթը ոտքի կանգնեցնել

Երեւան քաղաքի կենտրոնում գտնվում է 6000 ամյա պատմություն ունեցող հուշարձան, որը կարող է դառնալ Հայաստանի զբոսաշրջության մարգարիտներից մեկը: Հուշարձանի գտնվելու վայրը հայտնի է եղել 1930-ականներին, այստեղ մի քանի անգամ պեղումներ է իրականցվել: Շուտով հուշարձանը նորից աչքաթող է արվել: 2000թ. Շենգավիթ համայնքի նախաձեռնությամբ եւ պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը սկսել են հուշարձանի հետազոտումները: 2009թ. Շենգավիթի հետազոտական աշխատանքներին միացավ նաեւ Պենսիլվանայի Ուայդների համալսարանի անտրոպոլգիայի ամբիոնը: «Գիտության կոմիտեի տրամադրած միջոցներով իրականացող պեղումները նոր հայտնագործությունների հիմք են հանդիսացել»,- ասում է Մշակույթի նախարարությանն առընթեր պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյան: Այսօր Շենգավիթի հերթական տարվա պեղումների արդյունքների եւ բնակատեղի հավակնող քաղաքի մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հակոբ Սիմոնյանից բացի խոսում էին նաև ԱՄՆ Պենսիլվանայի Ուայդների համալսարանի անտրոպոլգիայի ամբիոնի վարիչ Միտչել Ռոթմանը եւ Շենգավիթի արգելոցի տնօրեն Վլադիմիր Ճաղարյանը: Պեղումներն ընդգրկում են 800 քմ տարածք: Պեղել են 1,5 մետր եւ 4 շերտ են հայտնաբերել. «Ես Հայաստան եմ եկել, քանի որ խիստ հետաքրքրվում էի Կուր-Արաքսյան հետաքրքիր մշակույթով: Այն բոլոր հույսերը, որ ակնկալում էի ունենալ, իրականանում են այստեղ»,- ասում է Միտչել Ռոթմանը: Նրա ընկերներից` Գրիգոր Արեշյանը, որը դասավանդում է ԱՄՆ-ում, խորհուրդ տվեց հանդիպել Հակոբ Սիմոնյանին եւ բացահայտել պատմությունը: Նրանց նպատակն է ոչ միայն պեղել, այլ պատկերացում կազմել, թե ինչպես են ապրել անցյալում: 2012թ. մտադրվել են գիրք հրատարկել հայերենով եւ անգլերենով իրենց եւ իրենցից առաջ կատարված ուսումնասիրությունների մասին: Նախատեսում են կազմակերպել նաեւ ցուցահանդես` նվիրված Շենգավիթյան պեղումներին: Վերջին երկու տարվա պեղած նյութը տալու են Շենգավիթի թանգարանին: «Ավելի շատ ճանաչում են մետրոն, քան թե Շենգավիթի հուշարձանը»,-ցավով արձանագրում է Շենգավիթի արգելոցի տնօրեն Վլադիմիր ճաղարյանը: Աշխատանքներին մասնակցել է 70 ուսանող մի շարք բուհերից: Նախկինում ընդունված էր, որ Շենգավիթում եղել է երեք կամ չորս շինարարական հորիզոններ: Յուրաքանչյուր քառակուսի մետրի վրա գտնվում է 1,8 տուն, եւ, ըստ հաշվարկների, Շենգավիթ համայնքում եղել է 5000-ից ավելի բնակչություն եւ 1500 տուն. «Կյանքն այստեղ եռացել է, բոլոր հորիզոններում հայտանաբերվում են բազմաթիվ բաներ, մի հսկայական դահլիճ բացահայտեցինք, թախտեր, քաղաքը ունեցել է պարիսպ, գաղտնուղի»,- ասում է Հակոբ Սիմոնյանը: «Հուշարձանը պեղելուց հետո այն մնում է բաց երկնքի տակ եւ առաջանում են պրոբլեմններ դրա պահպանության հետ կապված»,- ասում է Վլադիմիր Ճաղարյանը: Մոտ 6 հա տարածքը շատ գայթակղիչ է ինչպես անհատների, այնպես էլ կազմակերպությունների համար: Այս տարի նրանց հաջողվել է կասեցնել մի քանի սեփականշնորհման դեպքեր: Առայժմ հաջողվել է Շենգավիթի ոստիկանության պահպանությանը տրամադրել այդ տարածքը: Տարածքն ունի պահպանության խնդիրներ: Կան ջրի, կոյուղու, լույսի հարցեր, որոնց հետ կապված բանակցում են թաղապետարանի հետ: Տարածքը պաշտպանված չէ նաեւ արտաքին աշխարհից, ով ուզում է` կարող է  մուտք գործել այնտեղ, մինչդեռ արտասահմանում նմանատիպ այցելությունները վճարովի են: Ինչ վերաբերում է գումարներին, ապա նրանք ծրագիր էին ներկայացրել ճապոնական դրամաշնորհի համար, սկզբից կարծես համաձայնել էին տրամադրել 50 մլն դոլարը, բայց հետո ծրագիրը չիրականացավ` կապված քաղաքական խնդիրների հետ: Հետազոտողները հույսը չեն կորցնում, ասում են` պետք է Շենգավիթը ոտքի կանգնեցնել թե արտասահմանյան, թե մեր կառավարության ներդրումների միջոցով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter