HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Ավագյանի պատժաչափը պետք է ընդունելի լինի հասարակության կողմից»

Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին սան Հ. Ս.-ն դատավորի հարցին ի պատասխան ասաց, որ իր կարծիքով` «Լեւոն Ավագյանի նման մարդը պետք է դատապարտվի ցմահ ազատազրկման, քանի որ մանուկների է պղծել»: Վերաքննիչ քրեական դատարանը Մհեր Աղրամանյան, Արմեն Դանիելյան եւ Մասիս Ռեհանյան կազմով այսօր քննեց Հ.Ս.-ի բողոքը` ընդդեմ  Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռը, որով նույն դպրոցի նախկին ուսուցիչ Լեւոն Ավագյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման:

Ամբաստանյալ Լեւոն Ավագյանը դատարանից խնդրեց մերժել իր նախկին աշակերտուհու բողոքը, քանի որ «այն անհիմն է»: Որպես բողոքի հիմնավորում Հ.Ս.-ի փաստաբանները նշում էին, որ Ավագյանը բռնությամբ ուղեկցվող անառակաբարո գործողություններ է կատարել առնվազն 5 անչափահաս անօգնական աղջիկների նկատմամբ, այն էլ` մի քանի անգամ:

«Քրեական գործով ապացուցվել է, որ Լեւոն Ավագյանը 25 տարի շարունակ նման արարքներ է կատարել, սակայն ինչո՞ւ մինչեւ հիմա որեւէ աշակերտուհի չի բարձրաձայնել այդ մասին, ինչո՞ւ է այսօր միայն Հ.Ս.-ն այստեղ, որովհետեւ նա ծեծի միջոցով այնպես է վախեցրել սաներին, որ նրանք նույնիսկ իրենց ծնողներին չեն պատմել այդ մասին»,- հայտարարեց փաստաբան Ավագ Լալայանը:

Տիգրան Հայրապետյանն էլ ասաց, որ դատարանի որոշումը պետք է ընդունելի լինի հասարակության կողմից, քանի որ այս գործը կարեւոր նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար եւ ըստ էության նախադեպային է: Ավագ դատախազ Երիցյանը հայտարարեց, թե իր կարծիքով` ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռը արդարացի է եւ համապատասխանում է Ավագյանի կատարած հանցանքին: Փաստաբան Ավագ Լալայանը նրան հիշեցրեց, որ մեղադրող կողմը ընդհանուր իրավասության դատարանում պնդում էր, որ 1.5 տարին բավարար է որպես պատժաչափ, սակայն դատարանը չհամաձայնեց նրա հետ: «Իսկ հիմա Դուք ասում եք, որ այդ երկու տարին է բավարար»,- նշեց փաստաբանը:

Նա նաեւ անդրադարձավ Ավագյանի` որպես դրական անձնավորություն բնութագրվելուն:

«Որպես դրական բնութագրող հանգամանք հաշվի է առնվել դպրոցի տված տեղեկանքը, այն դպրոցի, որտեղ Ավագյանը 25 տարի շարունակ սեռական ոտնձգությունների է ենթարկել աշակերտուհիներին` մյուսների աչքի առաջ: Պարզ է, որ այդ դպրոցի անձնակազմը դրական պետք է բնութագրի նրան, եթե հանդուրժել է այդքանը»,- հայտարարեց Ավագ Լալայանը:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանն էլ նշեց, որ ՀՀ քրեական օրենսգրքի 142 հոդվածը («Անառակաբարո գործողություններ») բավականին մեղմ պատժաչափ է նախատեսում, իսկ դատարանն ու դատախազն էլ իրենց կողմից են փորձում էլ ավելի մեղմել այն: Դատական գործի քննությունն ավարտված է, որոշումը կհրապարակվի վաղը` ժամը 12:00-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter