Դատավորները նույնպես ընկել են վարկային «կարուսելի» մեջ
Մամիկոն Դրմեյանը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր է նշանակվել 2009 թ. հունվարի 15-ին: Մինչ այդ նա եղել է Երեւանի քաղաքացիական դատարանի դատավոր: Ուսումնասիրելով նրա գույքի եւ եկամուտի 2008 եւ 2009 թվականների հայտարարագրերը` պարզվեց, որ դատավորը որպես անշարժ գույք 2008թ. ունեցել է մեկ տուն եւ մեկ բնակարան` Գրիբոյեդով եւ Կուրղինյան փողոցներում, երկու ավտոտնակ եւ Արագածոտնի մարզի Արալեռ գյուղում մեկ հողամաս:
Մ. Դրմեյանը մեզ հետ չհանդիպեց` պատճառաբանելով, թե շատ զբաղված է: Փոխարենն օգնականին էր հանձնարարել, որպեսզի վերջինս պարզաբաներ իր ներկայացրած հայտարարագրի բովանդակությունը: Օգնականի ասելով` Կուրղինյան փողոցի տունը եղել է դատավորի աներոջ տունը: Դատավորը ծնունդով Գյումրիից է եւ ամուսնանալով` «տնփեսա» է եկել, իսկ վերջերս բնակարանը դարձել է Մ. Դրմեյանի եւ նրա կնոջ համատեղ սեփականությունը:
Ինչ վերաբերում է Գրիբոյեդով փողոցի տանը, այն սեփականության իրավունքով պատկանում է հենց դատավորին: Ավտոտնակներից մեկը նույնպես համատեղ սեփականություն է. դատավորն այն օգտագործում է հարեւաններից մեկի հետ:
Արալեռ գյուղի հողամասը, որի մակերեսը հայտարարագրում նշված չէ, դատավորի տիկնոջը` Սուսաննա Հակոբյանին է հատկացվել դեռեւս խորհրդային տարիներին` գյուղսովետի որոշմամբ: Այս տարիների ընթացքում դատավորի ընտանիքի անդամները ոչ մի հետաքրքրություն չեն ցուցաբերել այդ հողի նկատմամբ, նույնիսկ չեն էլ հետաքրքրվել դրանով, սակայն 2008թ. որոշել են տեր կանգնել հողին եւ Անշարժ գույքի կադաստրում այն գրանցել են որպես սեփականություն եւ վկայական ստացել:
Քանի որ հայտարարագրում անհասկանալի գրառումներ կար, զանգահարեցինք դատավոր Մ. Դրմեյանին: Նա բացատրեց, որ 2003թ. բարձր տոկոսով վարկ է վերցրել բանկերից մեկից, այդ գումարով գնել է Գրիբոյեդով փողոցի տունը, հետո ընթացքում դժվարություններ են առաջացել ու վարկը փակելու համար ստիպված մեկ այլ` «Էյչ-Էս-Բի-Սի» բանկից է վարկ վերցրել, որպեսզի նախորդ բանկի նկատմամբ ունեցած պարտավորությունները կատարի:
«Աշխատավարձս էլ ծախսում եմ ու քիչ-քիչ վարկի գումարներն եմ փակում»,- «Հետքին» պարզաբանում է դատավորը: Մամիկոն Դրմեյանի 2008թ. հայտարարագրում որպես շարժական գույք նշվում է «Գազ-3110» մակնիշի ավտոմեքենա: Հայտարարագրի «Դրամական միջոցներ» էջում տարվա սկզբին դատավորն ունեցել է 2 մլն 600 հազար դրամ: Տարվա վերջում այդ գումարից 600 հազարը ծախսվել է, իսկ արտարժույթով հայտրարագրված է 1500 ԱՄՆ դոլար:
Գումարի մնացորդը պետք է հայտարարագրվեր նաեւ 2009 թ. հայտարարագրում, սակայն դատավորն այն չի հայտարարագրել: «Դրանք, կոպիտ ասած, իմ աշխատավարձից հետ ընկած գումարներն են, նաեւ վարկեր եմ վերցրել, դրանց մնացորդն է: 2009թ. հայտարարագրում չեմ նշել, որովհետեւ դրամի փոփոխություն չի եղել: Այդ գումարները ծախսում եմ ու նորից տեղը դնում: Պարզապես հայտարարագրի պահանջն է, թե կոնկետ այդ տարի ինչքան գումար ունես տանը, ես էլ դա նշել եմ»,- ավելացրեց Մ. Դրմեյանը:
Ինչ վերաբերում է «եկամուտներ» էջին, ապա այստեղ դատավորը հայտարարագրել է Երեւանի քաղաքացիական դատարանից ստացած 3 մլն 607 հազար 105 դրամ աշխատավարձը եւ «Էյչ-Էս-Բի-Սի» բանկից վերցրած 7.5 միլիոն դրամի վարկի գումարը: Մ. Դրմեյանը հայտարարագրել է նաեւ Վիեննա գործուղման գնացած օրապահիկի գումարը` 700 եվրո:
Ուշագրավ է, որ լրատվամիջոցներին տրվող «Պաշտոնատար անձի գույքի եւ եկամուտների հայտարարագրում ներառված տվյալների վերաբերյալ» տեղեկանքում չի նշվում պաշտոնյայի «դրամական միջոցներ» էջի տվյալները: Դա պարզվեց Մամիկոն Դրմեյանի հայտարարագրի բնօրինակի ուսումնասիրությունից հետո: Որպես տարվա եկամուտ` ՊԵԿ-ի տրամադրած տեղեկանքում Մ. Դրմեյանը 2008-ին ունեցել է 11 միլիոն 107 հազար 105 դրամ եւ 700 եվրո, սակայն դատավորի ՊԵԿ ներկայացրած հայտարարագրում դրամական միջոցներն իրականում եղել են 13 մլն 707 հազար 105 դրամ, 700 եվրո եւ 1500 ԱՄՆ դոլար: Ինչ վերաբերում է 2009 թվականին, ապա այդ տարի դատավորը վաճառել է իր միակ «Գազ-3110» մակնիշի ավտոմեքենան` 1 մլն 746 հազար դրամով, իսկ որպես եկամուտ հայտարարագրել է Երեւանի քաղաքացիական դատարանից ստացած 639 հազար 581 դրամն ու Վճռաբեկ դատարանից ստացած աշխատավարձը` 8 միլիոն 743 հազար 992 դրամ:
Մամիկոն Դրմեյանից հետաքրքրվեցինք, արդյոք 2009 թվականի դատավորների աշխատավարձի բարձրացումն իրեն բավարարո՞ւմ է: «Աշխատավարձը բարձրացել է, կոպիտ ասած` դատավորները դրանով կարող են ապրել, բայց, իմ կարծիքով, լիարժեք չի եւ դատավորների աշխատավարձը պետք է ավելի բարձրացնել: Մեր աշխատանքային գործունեության ընթացքում վեճեր են լինում հարյուրավոր, միլիոնավոր անշարժ գույքի եւ ամեն ինչի հետ, ու դատավորը պետք է կոռուպցիոն ռիսկերից հեռու մնա»,- ասում է դատավորը:
Նա պատմեց, որ տարիներ առաջ դատավարական կողմերից մեկը դատավորներից մեկին ինքնաբացարկ էր հայտնել` պատճառաբանելով, որ դատական նիստին գալու ժամանակ տեսել է, որ իր գործը քննող դատավորը երթուղային տաքսուց է իջել: Նա դատարանում ասել է, որ իր վեճը մի քանի միլիոն դոլարի հետ է կապված, եթե գործը քննող դատավորը երթուղային տաքսով է գնում-գալիս, էլ ինչպե՞ս կարող է այդ վեճն անաչառ լուծել: Մ. Դրմեյանը նշեց, որ իր պատմածի մեջ հումոր կա, բայց դատավորը ինքնաբացարկի միջնորդությունը բավարարել է:
Վճռաբեկ դատարանի դատավորին այդ եղանակով ինքնաբացարկ չի սպառնում: Ճիշտ է` նա վաճառել է ավտոմեքենան, սակայն երթուղային տաքսով էլ չի երթեւեկում` աշխատանքի գնում-գալիս է որդու ավտոմեքենայով: «Եթե մենք պայքարում ենք կոռուպցիայի դեմ, ճիշտ է` երկիրը տնտեսական ճգնաժամի հետ կապված խնդիրներ ունի, բայց դատավորի կենցաղը պետք է ապահովված լինի»,-ավելացրեց դատավորը:
Նա գտնում է, որ դատավորների աշխատավարձի բարձրացումը կոռուպցիայի դեմ պայքարի առաջնահերթ քայլերից մեկն է, սակայն բոլոր քայլերը պետք է լինեն համալիր, նաեւ պետք է դատավորների որակավորումը, ինքնագիտակցությունը բարձրանա, որ «հանուն արդարադատության, նաեւ Աստվածաշնչյան թեզերը հաշվի առնելով` արդար որոշում կայացնի»:
Մամիկոն Դրմեյանն ամսական ստանում է 735 հազար դրամ աշխատավարձ: «Եթե այսօր վարկեր չփակեի, դա բավականին գումար է: Փառք Աստծո, ընտանիքիս անդամներն էլ աշխատում են, նորմալ է, չդժգոհենք»,- ավելացնում է Վճռաբեկի դատավորը:
Քանի որ նա շատ էր խոսում դատավորների աշխատավարձի բարձրացումից, հետաքրքրվեցինք, թե որքա՞ն գումար է պետք դատավորին, որ նա անկախ լինի եւ կոռուպցիոն ռիսկերից հեռու մնա: «Դա հարաբերական է: Եթե 1999 թվականին ասեին, որ դատավորի աշխատավարձն այսքան բարձր է լինելու, կասեինք` սրանից այն կողմ էլ ոչինչ չկա: Եթե չեմ սխալվում, այդ տարիներին 50 հազար դրամ աշխատավարձ էինք ստանում: Բայց կյանքը գնալով թանկանում է»,- պատասխանեց դատավորը:
«Իսկ գիտե՞ք, որ նպաստառու ընտանիքներն ընդամենը մոտ 20 հազար դրամ են պետությունից աջակցություն ստանում, դրան ի՞նչ կասեք» հարցին էլ պատասխանեց. «Այդ խնդիրն էլ կա: Չեմ ուզում համեմատել. իրոք անհամեմատելի է, բայց ամբողջ աշխարհը գտել է, որ պետք է դատավորների աշխատավարձերը բարձրացվեն, որ արդար վճիռներ կայացվեն, որպեսզի իշխանության թեւերից մեկը` երրորդ իշխանությունը, կարողանա կանոնակարգել կոռուպցիոն եւ մյուս-մյուս ռիսկերը: Ճիշտ է` այսօր էլի բարձր է դատավորի աշխատավարձը, բայց սխալ կլինի, եթե ասեմ, որ դա բավարար է: Միտումը, որ պիտի ավելի բարձրացվի, դա միանշանակ է»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել