Խաղողի բերքը մոտ 7000 տոննայով ավելի կլինի
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելել է Արարատի մարզ եւ մարզպետարանում համայնքների ղեկավարների մասնակցությամբ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն:
Փոխվարչապետին ներկայացվել է տեղեկատվություն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում արտադրված գյուղատնտեսական ապրանքների եւ դրանց իրացման ծավալների վերաբերյալ: Քննարկվել են Արարատի մարզում խաղողի բերքի ակնկալվող քանակի եւ մթերման գործընթացի կազմակերպման հետ կապված հարցեր: Անդրադարձ է կատարվել մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման առաջին կիսամյակի արդյունքներին:
Ինչպես հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, Ա. Գեւորգյանն ընդհանուր առմամբ դրական է գնահատել մարզում սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը, սակայն ներկաների ուշադրությունը հրավիրել է այն համայնքների ցուցանիշների վրա, որոնք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ այս տարի ավելի ցածր կատարողական են ապահովել` հորդորելով առավելագույն ջանքեր գործադրել ցուցանիշները բարձրացնելու ուղղությամբ:
Այնուհետեւ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Տավուշի, Վայոց Ձորի մարզպետների, ՏԿ փոխնախարար Ա. Բախշյանի, գյուղատնտեսության փոխնախարար Ս. Գալստյանի մասնակցությամբ քննարկվել է նշված մարզերում խաղողի ակնկալվող բերքի, ինչպես նաեւ մթերման գործընթացներն առավելագույն արդյունավետ կազմակերպելու հետ կապված հարցեր: Մասնավորապես` հանձնարարվել է, որ մարզպետարանները գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ մթերող կազմակերպությունների հետ ակտիվ աշխատանքներ տանեն` 2010 թ. խաղողի բերքի մթերման քանակի եւ ժամկետների վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները հստակեցնելու ուղղությամբ:
Մարզպետարանների եւ գյուղատնտեսության նախարարության ներկայացրած տեղեկատվության համաձայն` նախորդ տարվա համեմատ այս տարի շուրջ 7000 տոննայով ավելի խաղողի բերք է ակնկալվում:
Փոխվարչապետը ներկաներին հանձնարարել է օգտագործել մթերման բոլոր հնարավորությունները` գյուղացու բերքի իրացումն անխափան եւ արդյունավետ կազմակերպելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել