
«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» շարժման նախաձեռնող խմբի հերթական հանդիպում-քննարկումը Գյումրիում էր: Խմբի անդամ Ավետիք Իշխանյանը հիշեցրեց խորհրդային տարիներին եղած խտրականությունը հայկական եւ ռուսական դպրոցներում սովորողների նկատմամբ: Ըստ նրա` անցյալում դրսեւորված վերաբերմունքն առավել սրված կարտահայտվի, եթե Հայաստանում բացվեն օտարալեզու դպրոցներ:
«Սա ընդամենը սկիզբն է լինելու: Ասում են` 10 դպրոց, բայց հավատացեք` վաղը դրանք 50-ն են լինելու. կարեւորը, որ պատը ճեղքվի»,- հայտարարեց Խմբի անդամ Արմեն Հովհաննիսյանը: «Մի գաղտնիք էլ ես ձեզ ասեմ,- Հովհաննիսյանին լրացնելու կարգով շարունակեց Ավետիք Իշխանյանը,- սա ներքին կարգով է եղել: Խորհրդակցություններից մեկի ժամանակ Կրթության նախարարը հենց էդպես էլ ասել է` «Ինձ տվեք մի փոքր ճեղք, մնացածն ինքն իրեն կլինի»: Ես չէի ուզում ասել, բայց արդեն անհնար է այս մասին չբարձրաձայնել: Դա կնշանակի, որ ապագայում մենք պատրաստելու ենք կրթված սերունդ, ասենք, Նորվեգիայի, Չինաստանի, Անգլիայի կամ էլ նույն Ռուսաստանի համար»:
Հանդիպում-քննարկմանը մասնակցող հասարակական կազմակերպություններից մեկի ներկայացուցիչ Սերգեյ Գաբրիելյանն էլ մտավախություն հայտնեց, որ օտարալեզու դպրոցների վերաբացումով նոր թափ կստանա կոռուպցիան. «Ես առիթ եմ ունեցել սովորելու Գյումրիի 2-րդ ռուսական դպրոցում, եւ մայրս պատմում էր, որ դրա համար «մաղարիչ» գումար են տվել: Այնպես որ, հենց այդ նշված դպրոցները բացվեցին, երեխաներին ընդունելու հայերի մոլուցքը բերելու է կոռուպցիայի, բերելու է կաշառակերության, ու դրանից հաստատ չենք ազատվելու»:
Որոշվեց Գյումրիում ստեղծել «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությանն աջակցող խումբ: «Երբ սեպտեմբերին վերսկսվի հիմնական պատերազմը, իմանանք, որ Գյումրիում էլ ունենք համախոհներ եւ մտածենք, թե ինչ աշխատանքներ տանել»,- առաջարկեց Ավետիք Իշխանյանը:
Հանդիպման կազմակերպիչներից «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Վահան Թումասյանը տեղեկացրեց, որ կազմվել է բաց նամակ Ռուբեն Վարդանյանի` Հանրային խորհրդին ուղղված նամակի կապակցությամբ:
«Ասպարեզ» ակումբը համարում է, որ Հանրային խորհուրդը նախագահականի կույր աղիքն է. նա ունակ չէ ինքնուրույն որոշումներ կայացնելու եւ որեւէ լուրջ դերակատարում ունենալու: Ռուբեն Վարդանյանն էլ իր նամակով շեղում է այս շարժումը հիմնական ուղղությունից:

«Մենք կարծում ենք, որ բաց նամակը պիտի լինի պատասխան Ռուբեն Վարդանյանին եւ չպետք է ուղղված լինի Հանրային խորհրդին,- ասաց «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն ու հավելեց,- «Ասպարեզ» ակումբը պատրաստ է կոշտ միջոցառումների մասնակցել: Մենք պատարաստ ենք պայքարելու, որպեսզի այդ նախագիծը կյանքի չկոչվի»:
Նախաձեռնող խմբի անդամ Արմեն Հովհաննիսյանը ներկաներին հավաստիացրեց, որ իրենց միակ նպատակն է ստիպել նախագծի հեղինակներին հետ կանգնել իրենց ծրագրերից: «Այս պահին նրանք բավականին նահանջել են,- ասաց նա,- եթե բոլորս համախմբված գործեք, ապա անպայման կհաղթենք: Հայաստանում օտարալեզու դպրոց չի գործելու, սա է մեր նպատակը»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել