Սենատոր Բոկսերի ջանքերով հետաձգվել է Բրայզայի թեկնածության քվեարկությունը
Ռիկարդոնեի թեկնածությունը հավանություն է ստացել Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում
Այսօր ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հետաձգել է Մեթյու Բրայզայի` Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան նշանակվելու քվեարկությունը, սակայն հաստատել է նախագահ Օբամայի կողմից ընտրված Ֆրենսիս Ռիկարդոնեի թեկնածությունը` որպես Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան:
Ինչպես հաղորդում են Ամերիկայի Հայկական Համագումարից,
Մ. Բրայզայի թեկնածության քվեարկությունը հետաձգվել է առնվազն մինչ սեպտեմբեր, երբ Կոնգրեսը կվերադառնա մեկամսյա հանգստից:
«Մենք երախտապարտ ենք սենատոր Բարբարա Բոքսերին` կարևոր քաղաքական խնդիրների շուրջ վճռականություն ցուցադրելու համար»,- ասում է Համագումարի հասարակության հետ աշխատանքների ղեկավար Դանիել Քուշակջյանը, ով ներկա է եղել հանձնաժողովի այսօրվա լսումներին:
Անցյալ ամիս Մ. Բրայզան հարցաքննվել է հանձնաժողովի կողմից: Սենատոր Բոքսերը հարցեր է ուղղել մի շարք կարևոր խնդիրների շուրջ, որոնք նշված էին մայիսի 27-ին հանձնաժողովին ուղղված Համագումարի նամակում: Այդ հարցերի շարքում էին Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները և սպառազինության կտրուկ ավելացումը, հունիսի 18-ի ադրբեջանական հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա, որի արդյունքում զոհվեցին չորս հայ զինվորներ, Ազատության պաշտպանության ակտի 907-րդ շտկման կարևորությունը և Ջուլֆայի հայկական գերեզմանոցի ավիրումն ադրբեջանական զինվորների կողմից:
Սենատոր Բոքսերի ջանքերով թեկնածության քվեարկության հետաձգումն անցած ամսվա լսումների արդյունքն էին, որտեղ ակնհայտ դարձավ, որ սենատորի հարցերին Մ. Բրայզան տալիս էր ոչ լիարժեք պատասխաններ: Դրանք էին Ադրբեջանին հատկացվելիք ամերիկյան օգնությունը սահմանափակող Ազատության պաշտպանության ակտի 907-րդ շտկմանը վերաբերող հարցերը:
Սպասվում է, որ հինգշաբթի օրը` մինչ օգոստոսյան հանգստին անցնելը, Սենատն ամբողջական կազմով կանդրադառնա բոլոր չհաստատված թեկնածությունների խնդրին, ներառյալ Ֆ. Ռիկարդոնեի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել