HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որդին չի ամուսնանում, որովհետև նորահարսի համար տանը տեղ չկա

Ջաղացաձոր գյուղում ապրող Մեժլումյանների որդին արդեն 25 տարեկան է: Ծնողներն ուզում են ամուսնացնել նրան, բայց քանի որ տանը տեղ չկա նորահարսի համար, որդին դեռ չի ամուսնանում:

Գեղարքունքի մարզի Վարդենիսի շրջանի հեռավոր գյուղերում երիտասարդները «տանը մնացած» են համարվում, եթե հատել են 20 տարին և չեն ամուսնացել: Հարևան տրետուքցի աղջիկները պատմում են, որ իրենց գյուղում էլ աղջիկներն ամուսնանում են դպրոցն ավարտելուց հետո, իսկ տղաները` բանակից վերադառնալուց հետո: Եթե աղջիկը դպրոցից հետո սովորելու չի գնում, «տանը մնացած» է համարվում, նույնն էլ բանակից վերադարձած երիտասարդը:

«Մտեք, մեր քռչոտ սենյակները նայեք,-ասում է Մեժլումյանների տան տիկինը` Սվետա Մեժլումյանը և ուղեկցում մեզ դեպի տան մյուս մասերը: -Հիմա ստեղ հարս բերես կմնա՞, պարզ է` չէ: Տենց էլ վախտը անցնում է, հիասթափվում ես, էլ ի՞նչ»:

Ջաղացաձորը 127 բնակիչ ունի, հիմնականում` փախստականներ: Ջաղացաձորում Մեժլումյանները հաստատվել են 1980-ականների վերջերին: Փախել են Շահումյանի շրջանից: 8-հոգանոց ընտանիքը` հայրը, մայրը, երկու դուստրերը, որդին և ամուսնալուծված դուստրը` Վեներան իր երկու անչափահաս երեխաներով, ապրում են երկսենյականոց կիսափուլ տան մեջ: Վեներան հնարավորություն չունի, որ երեխաների հետ այլ տուն տեղափոխվի:

Գիշերները մի սենյակում հայրական ընտանիքն է տեղավորվում, մյուսում` Վեներան իր երեխաների հետ: Այդ նույն սենյակը նաև խոհանոցի դեր է կատարում. «Մի տեղ և' քնում ենք, և' ուտելիքն է»,-ասում է նա:

Գյուղում նորակառույց տներ կամ շինություններ չկան: Ձաղացաձորի գյուղապետարանի քարտուղար Գագիկ Մարտոյանն ասում է, որ ջաղացաձորցիներն իրենց տներն էլ չեն կարողանում վերանորոգել, ինչպես բնակեցման ժամանակ էին, այդպես էլ մնացել են, ոչինչ չեն ավելացրել:

«Դիմել եմ գյուղապետին, ասել է` տենց դատարկ տուն չունեմ: Դատարկը մենակ մեր կողքի տունն ա, մի հատ պառավ կին ա, ինքը Երևանում է, բայց տան վիճակը շատ ահավոր ա, գոմ ա, որ հնարավոր չի դրա մեջ ապրելը, ինքն էլ ասում ա` փող տուր, ինչի՞ փող տամ: Ինքը էդ տան վրա գրանցված էլ չի, Երևանում է ապրում, բայց ես գրանցված եմ գյուղում, երկու հատ էլ երեխա ունեմ, փախստական եմ, ինձ ոչ մի բան չի՞ հասնում: Ուղղակի ես հնարավորություններ չունեմ, որ գնամ Երևան, դիմեմ էնտեղ, կարող է ինձ մի օգուտ տան, մի քիչ իրանք օգնեն: Մի հատ «Փարոս» եմ ստանում, էդ է, չունեմ հնարավորություններ»,- անկեղծանում է Վեներան:

«Մի հատ «Փարոս»»-ը 25 500 դրամ նպաստն է, բայց շուտով Վեներայի որդին բանակ է գնալու, այդ նպաստից էլ կզրեն նրանց: Վեներայի դուստրը` Անժելան ավարտական դասարանում է: Եթե «կյանքները» բարելավվի, աղջկան մի ուսում կտան, եթե ոչ` աշխատանք չկա, ոչինչ անել չեն կարող:

Մեժլումյանների որդին հոր հետ ուրիշների անասուններն է պահում: Կանայք գնում են կարտոֆիլ հավաքելու, քաղհան անելու, դա էլ մի քանի օր է տևում` օրական 3000 հազար դրամ օրավճարով: «Պեսոկը 450  է խանութում, դրանով ինչ անես»,-միջամտում է Վեներան:

Մեժլումյանների կրտսեր դուստրն էլ` Լուսինեն արդեն 26 տարեկան է: Նա էլ դեռ չի ամուսնացել: «Մեր գյուղում ջահել չկա, որ ամուսնանան, մի քանի հոգի են»,-ասում է Լուսինեն:

Մյուս դուստրը` Վերան մեկնել է Ռուսաստան, այնտեղ է աշխատում: Վերադարձել է անձնագրի հարցերը կարգավորելու, իսկ այդ ընթացքում ստիպված Վարդենիսի ռեստորաններից մեկում է տեղավորվել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter