Մարզպետարաններում «ջիպեր» ու «մերսեդեսներ» չկա՞ն
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ծառայողական ավտոմեքենան 1995 թ.-ի արտադրության «Մերսեդես» մակնիշի է: Այսօրվա նիստում կառավարությունը որոշել է Արագածոտնի եւ Արարատի մարզպետարաններին հատկացնել 12-ական միլիոն դրամ` մարզպետներին սպասարկող ծառայողական մաշված ավտոմեքենաները նորերով փոխարինելու համար:
Բարվոք վիճակում չեն նաև մարզպետարանների վարչություններին սպասարկող մեքենաները: Արագածոտնի մարզպետարանի տրանսպորտի բաժնի պետ Խուդո Ալիյանը «Հետքին» տեղեկացրեց, որ մարզպետարանը սկզբում ունեցել է 9 ծառայողական ավտոմեքենա, դրանից 2-ը ապրիլին աճուրդով վաճառվել են, քանի որ այլեւս հնարավոր չի եղել շահագործել: Մեքենաներից մեկը `1988թ. արտադրության «Վազ 21063» մակնիշի ավտոմեքենան, վաճառվել է 73 926 դրամով, իսկ մյուսը` 1996թ. «Վազ 2107»-ը` 259 786 դրամով:
Մնացած 7-ից 2-ի համար եւս մարզպետարանը դիմել է կառավարությունը, որպեսզի աճուրդ կազմակերպվի եւ ավտոմեքենաները դուրս գրվեն, քանի որ շահագործման համար արդեն պիտանի չեն: Խ. Ալիյանը նշեց, որ մարզպետարանի նոր ավտոմեքենան «Վազ 2106»-ն է, որն արտադրվել է 2004թ.:
Բաժնի պետը առայժմ չգիտեր կառավարության որոշման մասին, երբ տեղեկացավ նշեց, որ գումարը ճիշտ ժամանակին է հատկացվել, քանի որ մնացած ավտոմեքենաները եւս շարքից դուրս են եկել:
Արարատի նորանշանակ մարզպետ Էդիկ Բարսեղյանը այս պահին ծառայողական ավտոմեքենա չունի, նա երթեւեկում է իր անձնական ավտոմեքենայով: Պատճառն այն է, որ 1991 թվականի արտադրության «420 Mercedes-Benz S-420» մակնիշի ավտոմեքենան 3 ամիս առաջ հանվել է շահագործումից եւ ներկայացվել է կառավարությանը, որպեսզի այն օտարելու համար աճուրդ կազմակերպվի:
Արարատի մարզպետարանին սպասարկում է 8 ավտոմեքենա: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Մարգարյանը նշեց, որ այս պահին 2-3 ավտոմեքենա մի կողմում կանգնած են, քանի որ «ջարդ ու փշուր» են եղել:
«Բայց աչքիս քեզ ուրիշ բան է պետք, քեզ ավտոմեքենաների հարցը այնքան էլ չի հետաքրքրում: Ի՞նչ ես ուզում իմանալ, մտքինդ ասա»,- հետաքրքրվեց աշխատակազմի ղեկավարը: Երբ պատասխանեցի, որ միայն ավտոմեքենաների հարցն է հետաքրքրում ասաց. «Այդ դեպքում ասեմ, որ մարզպետարանի ավտոմեքենաները տարբեր ժամանակների արտադրության են, կոնկրետ տարեթվերով չեմ կարող ասել, բայց բավականին հին են: Օրինակ` իմ ծառայողական ավտոմեքենան 2004 թվականի արտադրության «Վազ 2106» է, կան ավելի հները»,- ավելացրեց Ա. Մարգարյանը:
Ըստ մարզպետարանի պաշտոնյայի`Արարատի մարզպետարանում «ջիպեր» ու «մերսեդեսներ» չկան, բոլորն էլ Վազ 2106, Վազ 2107 եւ Գազ 3110 մակնիշի ավտոմեքենաներ են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել