Բնապահպանությո՞ւն, թե՞ բնաշահագործում

Վահրամ Թաթիկյան
Ներկայումս բնապահպանական հարցերի շուրջ հետզհետե ավելի ծավալվող քննարկումների ֆոնի վրա թերևս տարօրինակ թվա, եթե ասեմ, որ ես այդպես էլ չեմ հասկանում, թե ինչ բան է բնապահպանությունը: Այո, հասարակության մի փոքր, բայց վճռական տրամադրված մասը, իրոք, իրական պայքար է մղում բնությանը օրհասող տասնյակ խնդիրները բարձրաձայնելու և լուծման ուղիներ որոնելու համար:
Ասես մի վիշապի դեմ առասպելական պայքարի մասին լինի խոսքը, որի եթե մի գլուխը կտրում ես` մի քանիսն են աճում: Մինչ բողոքի ալիք բարձրացավ Թեղուտի անտառի` հանքարդյունաբերությանը զոհ տալու համար` համանման խնդիր առաջացավ Կապանում, ուր Լեռնաշենում որոշեցին սկսել ուրանի հանքերի որոնումները: Գրեթե զուգահեռաբար պարզվեց, որ Խոսրովի անտառի` Գառնիին հարող Բայբուրթի տարածքի կարգավիճակը արգելոցից իջեցրել են արգելավայրի, և այնտեղ ինչ-որ անհասկանալի օբյեկտների շինարարություն է սկսվել: Տագնապ հնչեցվեց նաև այն մասին, որ օտարալեզու էլիտային դպրոցի շինարարության համար Դիլիջանի պետական արգելոցի մի հսկա տարածք է առանձնացվելու, որը նախադեպ կարող է ծառայել այդ տարածքում նման այլ նախագծերի իրականացման համար` չէ՞ որ ոչ ավել, ոչ պակաս նախատեսվում է այդտեղ բիզնեսի միջազգային կենտրոն ստեղծել: Ու ոչ մեկի մտքով չի անցնում անգամ հարցնել, թե շվեյցարական մոդելի այդ ծաղրանմանակումը մեզ ուր կհասցնի:

Շվեյցարիան գործարարության իսկական և անմրցակից կենտրոն է վաղուց ի վեր, բայց ոչ այն պատճառով որ նա հարուստ ընդերք ունի, հզոր արդյունաբերություն, այլ պարզապես ալպյան այդ կոնֆեդերացիայի ժողովուրդներն առաջինը եկան այն եզրահանգմանը, որ քսաներորդ դարում ամենաթանկ հարստությունն անաղարտ բնական միջավայրն է: Ահա ինչու դավոսներում հավաքվում են այն երկրների քաղաքական ու տնտեսական ընտրախավի ներկայացուցիչները, որոնք, իրենց սեփական երկրների բնական միջավայրն անգթորեն շահագործելով, կարիք ունեն հովվերգական միջավայրում հանգստացնել իրենց նյարդերը, որոճելով նոր-նոր ծրագրեր իրենց երկրների տնտեսական բարգավաճման համար: Իսկ տնտեսական զարգացումը բնության համար գրեթե միշտ հղի է աղետներով: Արդ, ո՞րը պետք է լինի հայ հասարակության վերաբերմունքը բնության պահպանության հարցերի հանդեպ: Հայ հասարակություն ասելով` ես նկատի ունեմ հնագույն մի ժողովուրդ, որի ազգի ինքնակերտման դժվարին ճանապարհը պսակվել է անկախ պետականության ստեղծմամբ: Եվ միայն անկախության ժամանակ է, որ հնարավոր է դառնում քաղաքացիական հասարակության կայացումը, որն ինձ համար ենթադրում է գիտակցության մի մակարդակ, երբ առնավազն չորս և կես հազարամյակների կենսագրություն ունեցող մի ժողովուրդ համաշխարհայնացման գործընթացների այս ժամանակաշրջանում չի խոսում այն մասին, որ պետք է ունենալ ազգային գաղափարախոսություն: Այն ժամանակ, երբ այդ հարցը խորհրդային գաղափարախոսության մամլիչ գերակայության թելադրանքից հետո կարող էր և պետք է դրվեր նորանկախ Հայաստանի Հանրապետության կայացման հիմքում, ստեղծողի շուրթերով ստացավ սույն ձևակերպումը` ազգային գաղափարախոսությունը սուտ կատեգորիա է… Դա այն ժամանակ, իսկ ներկայումս, այո', դա այդպես է: Սուտ դարձավ, որովհետև այն ժամանակ, երբ այն պետք է դրվեր ազգային պետություն կերտելու մեր երազանքների հիմքում, մենք հանդիպեցինք երկրաշարժ, հետո էլ` պատերազմ ձևակերպումներին, իբրև վրեժ մի ժողովրդի նկատմամբ, որը որոշել է անկախանալով լուծել այն հիմնախնդիրները, որոնք այդպես էլ անլուծելի մնացին խորհրդային ժամանակներում, որը հաստատ հրահրվել էր հոգեվարքի մեջ գտնվող կենտրոնից` յոթանասուն տարի շարունակ բոլոր հնարավորություններն ունենալով այն արդարացիորեն լուծելու համար:

Արցախի հարցը բարձրացավ որպես բնության պաշտպանության համար ծավալվող հասարական պայքարի շարունակություն: Պարզապես` ժամանակի թելադրանքով նրանք իրենց տեղերը փոխեցին: Վերակառուցման կարգախոսներով սկսված ղարաբաղյանը վերաճեց անկախության շարժման: Պատերազմ, շրջափակում, համատարած գործազրկու-թյուն, սակայն ինչպես միշտ եղել է, երևան եկավ նաև մի խավ, որն սկսեց եռանդուն կերպով հարստանալ: Ի~նչ հրաշալի պատրվակ է` հաշված տարիների ընթացքում ոչնչացնել արդյունաբերությունը` դա բացատրելով էներգետիկ ճգմաժամով: Եվ այդտեղ է, որ սկսեցին բացահայտորեն շահագործվել բնապաշարները, որոնցից այստեղ կանդրադառնամ միայն Հայաստանի անտառների մի կարևոր հատվածին` Տավուշի Կիրանց գետի ավազանին: Այդ պատմությունը նոր չի սկսվել: Խորհրդային տարիներին, երբ անտառային մի քանի տեղանքների արգելավայրի կարգավիճակ տրվեց, բազմաթիվ անտառներ դուրս թողնվեցին այդ «փրկարար» ցուցակից: Դրանց թվում Տավուշի անտառներն էին` գրեթե ամբողջությամբ, բացառությամբ Դիլիջանի, որի սահմաններն էլ պարզ չէ, թե ինչպես են գծվել: Կիրանց գետի ավազանը հանձնվեց վայրի շահագործման: Այնտեղ բնակչություն գրեթե չկար, աչքից հեռու` սրտից հեռու: 60-ական թվականներին անտառահատումները մեծ ծավալների հասան` պայմանավորված նաև քաղաքների չհիմնավորված ուռճացման, արտադրության այսպես ասած` վերելքի հետ, ինչի հետևանքով արագորեն ամայանում էին գյուղերը, իսկ աղքատացած, զարգացման ոչ մի հեռանկար չտեսնող բնակչությունը համալրում էր բանվոր դասակարգի շարքերը: Կառուցվում էին բնակելի հսկայական զանգվածներ, իսկ դրանց համար ինչքան շինափայտ է պետք` բոլորի համար պարզ է: Ամենաարժեքավոր ծառատեսակները շինարարության ավարտի վերջին ակորդի հետ վերածվում էին մանրահատակի, կահույքի: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե որքան անորակ էր տեղական արտադրությունը. ունևոր խավն իր պատվից ցածր էր համարում տեղական «պարկետ» կամ «մեբել» ձեռք բերելը: Առաջին հայացքից կարող է թվալ, թե թվարկված պատճառները օբյեկտիվ են: Իհարկե, քաղաքները պիտի մեծանային, արդյունաբերության զարգացումն այլընտրանք չուներ, գյուղատնտեսական տեսանկյունից իրենց չարդարացնող գյուղերը պիտի քայքայվեին: Սակայն ամբողջ հարցն այն է, թե ովքեր և ինչ հաշվարկներից ելնելով էին ծրագրավորում այսպես ասած` սովետական տնտեսությունը, մի համակարգ, որի մի փոքրիկ օղակն էլ Հայաստանն էր: Տնտեսության բազմաճյուղությունը պատվի հարց էր համարվում: Տնտեսական քարտեզներում օգտագործված պայմանական գույնզգույն օղակներով ուրախանում էին բոլորը` դպրոցականներից սկսած մինչև գիտնականները, պաշտոնյաները: Ընդերքի օգտակար հանածոները ցուցադրող քարտեզը նույնպես աչք էր շոյում, էլ ինչ ասես չկար այնտեղ ցուցադրված` ուրանից ու մագնեզիումից բացի, հայ երկրաբանները գիտեին այդ հանքերի գոյության մասին, բայց, փաստորեն, ավելի ազգային էին, քան ներկայիս անկախ Հայաստանի քաղաքացիները: Չնայած այս ամենին, հայ ժողովրդի գիտակցության մեջ սերմանում էին այն գիտակցությունը, որ մեր հանրապետությունը ապրում է կենտրոնի հաշվին, ընդերք էլ առանձնապես չունենք: Իսկ, այ, անտառներ` կան: Թվում էր` երկաթուղու անխափան աշխատանքի պարագայում, երբ Ռուսաստանի դաշնությունից ներկրվում էր փայտանյութ, քարածուխ, հաշվի առնելով Հայաստանի ուրույն կլիմայական պայմանները, պետք է բոլոր անտառածածկ շրջաններին արգելավայրերի կարգավիճակ տրվեր, բայց, ավա~ղ… Ոչ մի բան այնքան չի տուժում անկախության բացակայությունից, որքան բնությունը: Հերիք է փորձես հիմնավորել Հայաստանի եզակիությունը, վրադ պարզապես կծիծաղեն կամ ազգայնամոլ կհամարեն: Կասեն` ումի՞ց եք լավ, տեսեք, անտառներ միլիոնավոր հեկտարներով հատվում են Խորհրդային Միության տարածքով մեկ, դուք էլ ձեր չափաբաժինն ունեք դրանցից: Չե՞ք ցանկանում մի փոքր թեթևացնել կենտրոնի բեռը… Ու թեթևացրեցին… Այնպես թեթևացրին լեռների բեռը, դրանք անտառներից ձերբազատելով, որ արդեն սովետի օրոք Իջևանի շրջանի հյուսիսը լերկ տեսք ստացավ, իսկ մեզ հետաքրքրող Կիրանց գետի ավազանում բուսականությունը բուտաֆորիայի է նման, այլևս զով չբերող… Կանաչեղենի տեսքը չիմացողների աչքից սքողում է դառն իրականությունը: Եթե անկեղծ ասեմ` քսանհինգ տարի չէի գնացել անկրկնելի պատմական հուշարձաններով լի այդ տարածք: Սոսկալի էր տեսնել շարունակական կանաչ եղեռնը, բարբարոսներին, որոնք օրական տասնյակ բարձված ավտոմեքենաներ էին քարշ տալիս անտառային ճանապարհազուրկ թավուտներից:

Մենք խոսում ենք լեռների ծառածածկույթի մասին, իսկ իսպառ մոռացել ենք հողը, որի վրա անտառներն աճում են: Հիրավի, հերոսներ են հայ վարորդները, որոնք լավագույնն են աշխարհում, բայց հերոս` հանուն իրենց և իրենց վարձողների գրպանի: Մանավանդ խոնավ եղանակին ավտոդողերն այնպիսի հուներ են փորում, որոնք հետո լցվում են ցեխաջրով: Ահա մեկ ամիս առաջ գնացի տեսնելու Դեղձնուտի վանքը, որի վարպետները մասնակցել են նաև Գանձասարի տաճարի շինարարությանը: Աչքի համար պարզապես հաճելի էր, որ «Վիվասելը» այդտեղ և Սամսոնի վանքի տեղը հուշող ցուցանակներ էր տեղադրել, բայց… պարոն Յիրիկյանին պարզապես խաբել են: Դեղձնուտի վանքի տեղը չիմացողները չեն կարող գտնել այն, քանի որ ցուցանակից հետո դեպի աջ ու ձախ թեքվող ավտոմեքենաների կողմից փորված մոտ 10 «ճանապարհներ» կան` լեցուն ցեխով, սղոցված ծառերի երկրորդական մնացուկներով, որոնք լցրել են, որպեսզի բեռնատարները ցեխում չմնան: (Ի դեպ` ե՞ր բ է Ազգային ժողովն առանձին օրենք ընդունելու Հայաստանի հողային ծածկույթի պահպանման մասին, որը կկանխեր շատ հանքերի վայրի շահագործումը: Հայասատնի նման երկրում հողն ավելի թանկ է, քան նրա տակից կորզվող պղինձն ու մոլիբդենը, մարդիկ ասել են` պաշտպանել մայրենի հողը, ոչ թե մայրենի պղինձը):

Էլ չեմ ասում, որ զվարճալի ցուցանակներ էլ կան, որոնք գովազդում են Հայաստանի բնությունը` հարուստ տարբեր տեսակի կենդանիներով, որոնցից վերջինները սպանվել են վերջին քսան տարում: Այսինքն` մոռացա. ինչ-որ բան, համենայնդեպս, մնացել է, քանի որ Աճարկուտ գյուղում նախորդ օրն արջը մի երեխայի էր անուշ արել: Դե` պե՞տք է կենդանին ինչ-որ բան ուտի, երբ նրա հիմնական որսը հանդիսացող կենդանիներն այլևս չկան: Ու բնականից խաղաղ արջը նմանվում է արյունարբու մարդակերպ որսորդների: Պարոն Յիրիկյան, սթափվե'ք, դուք Շվեյցարիայում չեք, ոչ էլ Լիբանանում, որտեղ չնայած երկար տարիների պատերազմին, անտառները մնացին անձեռնմխելի: Լավ կլիներ, որ այդ վանքերի մոտ տեղադրեք մուտքն արգելող ցուցանակներ: Ի՞նչ պետք է տեսնի խաբված զբոսաշրջիկը: Լավ, եթե նա անգամ էքստրեմալ ավտովազքերի սիրահար է ու հասնելու է տեղ, ապա տեսնելու է Կիրանց, Առաքելոց, Սամսոնի վանքերի որմնանկարների սրբապատկերները հայ «բնասերների» մակագրություններով: Այնինչ, ի դեմս այդ գետի ավազանի, մենք գործ ունենք հայկական մշակույթի տակավին չուսումնասիրված այնպիսի եզակի արտահայտության հետ, որը ես կոչել եմ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ: Դրա հնագույն հուշարձանները վերաբերում են դեռևս մ.թ.ա. երկրորդ հազարամյակին: Իսկ միջնադարում այստեղ իրար հետևից կառուցվեցին վանական համալիրներ, որոնք դարձան մանրանկարչության, քանդակագործության, իմաստասիրության ու քերականական և երաժշտական արվեստների կենտրոններ: Առաջին հայացքից զարմանալի է թվում, թե ինչու Հայաստանի հյուսիս-արևելքի այդ խուլ անտառները դարձան մշակույթի կենտրոններ: Դրա համար բազմաթիվ պատճառներ կան` թելադրված ինչպես պատմական ու քաղաքական, այնպես էլ բանաստեղծական հանգամանքներով. կուսական բնությունը պահպանել էր այն ոգեղենությունը, որը Արարիչ-Մարդ արարած առնչությունն էր ապահովում: Եվս մի դիտարկում. ի տարբերություն եվրոպական քաղաքների, որոնց քաղաքային միջավայրն ամբողջացնում էին նաև համալսարանները, հայկական իրականության մեջ հոգևոր կենտրոնները խուսափում էին քաղաքներից` ելնելով ոչ միայն անվտանգության նկատառումներից: Ոչ, Անի, Դվին, Վան քաղաքների շուրջը հզոր պարիսպներ կային, այդ քաղաքներն ունեին բազմաթիվ տաճարներ, բայց վերջիվերջո բոլորն էլ նվաճվեցին ու վերածվեցին փլատակների: Ինչու՞: Որովհետև նրանց մեջ բացակայում էին ազգային անվտանգության ամենակարևոր բաղադրիչները` գիտությունն ու մշակույթը: Քաղաքները միշտ էլ գտնվել են առևտրական ճանապարհների վրա, դրանցում կյանքը պայմանավորված է եղել հարստանալու անհագ ձգտմամբ: Ինքը` փողոցը, բառացիորեն նշանակում է փող շինելու տեղ: Ամեն ինչ ոսկու վերածող քաղաքացին մտահոգ չէր իր զավակներին կրթելու հարցերով: Քաղաքներում հայերի հետ համատեղ ապրում էին նաև այլազգիներ, որոնցից նրանք ընդօրինակում էին բարքերը. երևույթ, որ Հայաստանում դեռևս հելլենիստական դարաշրջանում էր սկզբնավորվել և հասել մինչ միջնադար:

Երբ տասներեքերորդ դարում Բագրատունիները սկիզբ դրեցին նոր պետականության, նրանք ստիպված էին հեռանալ կիսաարաբացած բնակչություն ունեցող Դվինից: Վերջիվերջո, հայոց նոր ու վերջին մայրաքաղաքը հանգրվանեց Անիի վայրի ձորերում, բայց այնտեղ էլ, չնայած կառուցված «հազար ու մի» եկեղեցիների, հոգևոր մթնոլորտ չստեղծվեց, ու մի օր էլ հայոց կաթողիկոս Պետրոս Գետադարձը թշնամի բյուզանդացիներին հանձնեց քաղաքի բանալիները: Բայց դրանով քաղաքային անբարոյության պատմությունը չի ավարտվում: Տասներեքերոդ դարում Անին, համենայնդեպս, կիսանկախ էր, վրացական պետության վասալ Զաքարյան իշխանության կազմում: Երբ այնտեղ սկիզբ առան կրոնադավաբանական, ազգային երկպառակտությունները, դրանք հարթելու խնդրանքով անեցիները դիմեցին ծերունազարդ Մխիթար Գոշին` Տավուշի իմաստուն զավակին, որը թաթախված էր իրեն ծնունդ տված անտառախիտ բնաշխարհի իմաստությամբ: Նա իր «ԴԱՏԱՍՏԱՆԱԳՐՔՈՒՄ» ընդգրկել է առ այսօր իր նմանը չունեցող բնապահպանական մի հոդված, որը սահմանում էր պատիժ անգամ մի ծառ կտրելու դեպքում: Այո, այդ հանճարեղ այրը, որին Մատենադարանը պահակող արձանների շարքում հազիվ թե ճանաչեն շատ բնապահպաններ, իմ կողմից «Անտառային քաղաքակրթություն» անունը ստացած երևույթի առաջին գիտակցողն ու հիմնավորողն էր: Կարդացեք նրա «Դատաստանագիրքն» ու առակների ժողովածուն, կգտնեք հայ ժողովրդի քաղաքակիրթ գոյության բանալին: Քաղաքակի՞րթ: Կարելի՞ է այդպես կոչել մեր ժողովրդին, որի հիմնական քանքարներն արմատներով ունեն գյուղական ծագում: Տեսնես ինչու՞: Որովհետև չէին ենթարկվել քաղաքների բնազուրկ միջավայրի ազդեցությանը ու կրում էին Մարդ-Բնություն-Աստված երրորդության հավերժական շղթան: Երբ վաթսունականներն էին, մեր սերունդն աշխարհ մտավ «հալոցք» կոչված ժամանակաշրջանում: «Անհատի պաշտամունքի մերկացում», ֆլան-ֆստան... Խրուշչովն էր, որ շարունակեց Ստալինի սկսած հայաթափումը, սակայն առանց բացահայտ քաղաքական ուղղորդման: Պետք է յուրացվեր խոպա՞նը, մարդկային ռեսուրսներ էին պետք: Գյուղերը ներքև իջեցնելու մասին որոշում ընդունվեց` «տնտեսական առումով ոչ շահավետ»: Հիմա որտե՞ղ են այդ գյուղերի բնակչության մեծամասնությունը: Ռուսատաններում, ուզբեկստաններում: Քանի որ անգամ ՀԽՍՀ-ում հայերեն կրթության խնդիր չկար, նրանք կոչված էին հարստացնելու սովետական աննկարագիր ժողովրդի գենոֆոնդը: Այնինչ, քեմալական ազգային պետության մեջ սկսվել էր ժողովրդագրական մի իսկական բում: Իսկ Հայաստանի բնակչությունը նվազագույն աճ էր տալիս, նույնն էր վիճակը նաև Արցախում: Դրա հետևանքով մենք միայն քանակ չէր, որ կորցրեցինք, այլև որակ: Հայ ժողովրդի մխիթարգոշյան գենը խաթարվեց, հայերը ենթարկվեցին գենետիկ մուտացիաների: Նրանք կորցրեցին իրենց սեփական հայրենիքում տիրոջ զգացումը` նմանվելով եկվոր մի ցեղի, որը գիտի, որ հեռանալու է այդ երկրից, իսկ այստեղ հարկադիր կերպով մնալու շրջանում հնարավորին չափ շատ օգուտ է ուզում կորզել բնությունից, սպառել այն մինչև վերջ: Քայլում էի հոշոտված անտառային ճանապարհներով, որոնց եզերքներին չէր մնացել և ոչ մի լիարժեք ծառ: Դիմացի տեսարանն անտառապատ կարող էր թվալ միայն մարդկանց, որոնք պատկերացում չունեն, թե ինչ է իսկական անտառը: Թփուտների վերածված կանաչ գույնի այդ զանգվածից զով չէր փչում, ավելորդ է անգամ ասել, որ նման տարածություն զբաղեցնող անտառի կլիմայական բարերար ազդեցությունը պիտի առնավազն Դիլիջանում էլ զգացվեր, բայց այնտեղ էլ էր շոգ: Ծառերը բազմապատկվելով են դառնում անտառ, անտառները միմյանց լրացնելով են ի վիճակի պայքարել Հայաստանը պատուհասող ամենամեծ չարիքի` անապատացման դեմ: Անտառ, որտեղ արդեն ցամաքել են աղբյուրները, իսկ մի երկու տեղ, որտեղ դրանք դեռ կան, ուտել-խմելու տեղեր են դարձել, անիմաստ խաչանշան հուշարձաններ` շուրջբոլորն աղբ: Այնինչ երկրորդ աշխարհամարտի ժամանակ անտառներն այնքան հարուստ են եղել բարիքներով, որ մարդիկ ապաստանել են ներկայումս անմարդաբնակ այդ տարածքին ու փրկվել սովամահությունից: Կիրանց վանքի մոտ անտառի պաշտամունքի մի յուրատեսակ հուշարձան կար, որտեղ այն քարանձավը, որն ապաստան էր տվել մարդկանց, հարդարված էր հնուց մնացած կահ-կարասիով, կարպետներով, ազգագրական աշխատանքային գործիքներով: Մի վանքի արժեք էլ դա ուներ, և զբոսաշրջիկներին շատ բան կարող էր պատմել բնություն-մարդ փրկարար դաշինքի մասին: Քսանչորս տարի էր անցել, և ես պարզապես վախեցա այցելել այդ վայրը: Թող այն իմ հուշերում մնա: Ներկան այս ուտել-խմելու օբյեկտն է, այն հոգեբանությունը, որով մենք ուտում ենք մեր երկիրը` նախքան այն հասցնենք իմաստավորել, նրան ազգային բովանդակություն հաղորդենք և անտառները չչափենք կուբամետրերով: «Անտառային քաղաքակրթությունը» Արևելյան Հայաստանում ունեցավ իր հիմնավորողները, որոնցից ամենաբնորոշները Հովհաննես Թումանյանը, Ակսել Բակունցը, Վախտանգ Անանյանն ու Հրանտ Մաթևոսյանն էին, մի դիտակետ, որն առ այսօր քննության չի արժանացել պետական մրցանակակիրներ կերտող հայ գրաքննադատների կողմից:

Հայ գրողը պիտի կանգներ յուրաքանչյուր ծառ հատող «ԴՐՈՒԺԲԱ»` սղոցող սարքի դիմաց, նա պետք է լիներ այն պատանիների կողքին, որոնք այսօր մեն մենակ կանգնել են հայ գրողների գրքերը հովանավորող նորահարուստների բնասպան գործունեության դեմ մղած պայքարի կողքին: Նրանց ներում են այն մեղքի համար, որ նրանք չեն գնում ու կարդում իրենց գրքերը, որոնցում ոչինչ չկա այսօր հայ հասարակությանը հուզող խնդիրների մասին: Իսկ դրանցից առաջնահերթը բնության փրկությունն է: Անգամ երկու անտառապատ շրջանները, որոնք կոչվում էին Տավուշ և Լոռի, առնավազն երկու նախագահ են տվել Հայաստանի գրողների միությանը:
Հ.Գ. Իմ նախնական հրապարակումից հետո, որը հրատարակեցին «Հետքը», «Էկոլուրը», արտատպեց «Առավոտը», «Հայանտառ» ոչ առևտրային ձեռնարկությունը հանդես եկավ պարզաբանմամբ, ինչի համար շնորհակալ եմ, որովհետև այն համեմված էր տեղեկություններով, որոնք միայն ամրապնդում էին իմ մտահոգությունները: Ավելին, այնտեղ ասված էր, որ տարեկան իջեցված պլանի մի չնչին մասն է միայն կատարված, կրակված էին թվեր, որոնք չափազանց հեռու են իրականությունից, որովհետև այդ թվերը ոչ արգելավայրային տարածքում ոչ մեկը չի կարող ստուգել: Հետաքրքիր է, որ ծառերի համար ոչ սրտացավ այդ հիմնարկությունն համարանիշներ չունեցող բեռնատարների առկայությունը բացատրում է դրանց չկեղտոտելու, չփչացնելու անհրաժեշտությամբ: Եթե դա այդպես է, ապա անցնեմ լոռեցու պատկերավոր ոճին ու ասեմ` ուրեմն համարները խփեք ձեր… ճակատներին: Էլ չեմ ասում, որ այնտեղ առանձնացված էին հատվող ծառերն ըստ իրենց որակական հատկանիշների` որոշները կահույքի և շինանյութի, մյուսները` սանիտարական հատման միջոցով ստացվող վառելանյութի համար: Ասեմ, որ մեր տեսած տասնմեկ մեքենաների մեջ վառելափայտ չտեսանք: Բայց միտք չունեմ քննարկել այդ անհեթեթ բացատրությունը, քանի որ այն չի համոզել անգամ Տավուշի ոստիկանությանը, որն իմ հրապարակումից հետո սկսել է քննություն, ինձ էլ առաջարկել ցուցմունք տալ այդ առթիվ: Այ դա էլ ինձ հույսեր է ներշնչում, որ այդտեղ ապրող մարդիկ արդեն հասկանում են իրենց շրջանի աղետված վիճակը, այն, որ իրենց փոքր հայրենիքը զրկում են իր միակ հարստությունից: Կցանկանայի, որ այս գիտակցությունն էլ գործ դառնա, և իբրև հետևանք` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՅՈՒՍԻՍԻ ԲՈԼՈՐ ԱՆՏԱՌՆԵՐԸ ԴԻՏՎԵՆ ԻԲՐԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆ, ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՏԱՆԱՆ ԱՐԳԵԼՈՑԻ, ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ: Հավատացնում եմ, որ դրա շնորհիվ ստացվող և' նյութական, և' բարոյահոգեբանական օգուտն անհամեմատ ավելին կլինի, որը չի սպառվի, այլ կբազմապատկվի` Հայաստանի հյուսիսը իրոք դարձնելով աշխարհի հետաքրքիր վայրերից մեկը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել