ՊԵԿ նախագահի մահափորձի գործով դատաքննությունը հետաձգվեց
Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է շարունակվեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ իրականացված մահափորձի գործով դատաքննությունը: Սակայն դատավոր Գագիկ Ավետիսյանը նիստը սկսելուն պես դատավարությունը հետաձգեց` փաստաբան Տիգրան Աթանեսյանի եւ ամբաստանյալների բացակայության պատճառով:
Հիշեցնենք, որ հանցագործությունը կատարելու եւ դրան մասնակցելու համար կալանավորվել են 8 անձ, այդ թվում, ըստ մեղադրանքի` հանցավոր խմբի պարագլուխ, «Մուսկուլ Գագո» մականվամբ Գագիկ Մաթևոսյանը: Վերջինս 1992-1997 թթ. ծառայել է ՆԳ նախարարության ներքին զորքերի «Չղջիկներ» անվանումը ստացած հատուկ նշանակության ստորաբաժանումում` որպես հրամանատարի տեղակալ: Նրա բնակարանի և ավտոտնակի խուզարկությամբ, բացի գործով անցնող իրեղեն ապացույցներից, հայտնաբերվել և առգրավվել է աննախադեպ քանակությամբ զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր, հեռակառավարվող պայթուցիկ սարքեր: Գ. Մաթևոսյանի տանը կից կառույցում հայտնաբերվել է նաև ընդհատակյա քիմիական լաբարատորիա, որտեղից առգրավված բազմատեսակ քիմիական նյութերն օգտագործվել են պայթուցիկ սարքեր և թունավոր նյութեր պատրաստելու համար:
Ըստ նախաքննական մարմնի` ամբաստանյալներն անցյալ տարվա մայիսի 23-ին Երևանի Տերյան փողոցի 19 շենքի բակում գտնվող կիսակառույց շենքի ամրանի վրա տեղադրել են ինքնաշեն հեռակառավարվող պայթուցիկ սարք` ուղղորդված պայթյուն իրականացնելու համար:
ԱԱԾ քննչական վարչությունը պարզել է, որ հանցագործության, այսինքն` ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին սպանելու պատվերը Ռաֆայել Մասումյանի միջոցով տվել է մաքսային կոմիտեի նախկին աշխատակից Ռոբերտ Երիցյանը` դրա դիմաց վճարելով 150 հազար ԱՄՆ դոլար: Ռոբերտ Երիցյանը Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանի որդին է: Նրա նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում:
Ռաֆայել Մասումյանին հայ իրավապահներն իրենց վրացի գործընկերների աջակցությամբ հայտնաբերել ու կալանավորել են Վրաստանում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել