HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշակերտի էջը հասու է լինելու միայն ծնողին

Կրթության տարբեր աստիճաններում ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության կարևոր բաղադրիչներից է և այդ համատեքստում այսօր տեղի է ունեցել «Dasaran.am» կայքի շնորհանդեսը, որին մասնակցել է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Անդրադառնալով կրթական ոլորտում նորարական տեխնոլոգիաների օգտագործման և կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված գործընթացներին` նախարարը նշել է, որ բազմաթիվ նախագծեր կան, որոնք արդեն իրականացվել են, իսկ մի մասն էլ իրականություն կդառնա մոտակա 1-2 տարիների ընթացքում: «Վերջին ժամանակահատվածում նախարարությունը խիստ կարևորում է կրթական ոլորտի բարեփոխումներում հասարակական և մասնավոր այն նախաձեռնությունները, որոնք միտված են կրթության որակի բարձրացմանը, վարչարարության թափանցիկությանը, ունեն հակակոռուպցիոն բաղադրիչ»,- նշել է նախարարը և հավելել, որ նախարարությունը խրախուսում է հասարակության ներգրավումը կրթական գործընթացների կազմակերպման, վերահսկման, մշտադիտարկման գործընթացում: Ինչպես հայտնում են ԿԳՆ մամլո ծառայությունից, նախարարն ընդգծել է նաև, որ կայքը հնարավորություն է տալու նախարարությանը ծանոթանալ դպրոցների գործունեության ընդհանուր վիճակագրությանն ու կուտակվող ամենօրյա տեղեկատվությանը, որն էլ իր հերթին կբացառի դպրոցներում կոռուպցիոն ռիսկերի դրսևորմանը` կապված հետին թվով գնահատականներ դնելու, գնահատականներ բարձրացնելու և այլ տեսակի տհաճ երևություներից: «Dasaran.am» կայքի տնօրեն Պ. Հովհաննիսյանը նշել է, որ 2009-2010 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակից Երևանի թիվ 114 և 177 դպրոցներում ներդրվել է աշակերտների վիրտուալ օրագրերի համակարգը: Ինտերնետային կայքի նպատակն է ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով ամրապնդել դպրոց-ընտանիք համագործակցությունը` բարձրացնելով կրթադաստիարակչական գործընթացի արդյունավետությունը: Համակարգի ներդրումը միաժամանակ շահեկան է ինչպես ծնողների, այնպես էլ ուսուցիչների և տնօրենների համար: Այն հնարավորություն է տալիս ծնողին ամենօրյա տեղեկություններ ստանալ իր երեխայի առաջադիմության, վարքի, օրվա հանձնարարությունների, ինչպես նաև հաճախումների վերաբերյալ և բացահայտված խնդիրներին հրատապ լուծումներ տալ: Ինտերնետային կայքն ուսուցչի աշխատանքը դարձնում է առավել թափանցիկ` ուսուցիչ-ծնող համագործակցությունն առավել դյուրին: Ինտերնետային կայքը հնարավորություն է տալիս դպրոցի տնօրենին բարձրացնել դպրոցի կառավարման և ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետությունը, ապահովում առաջադիմության և կարգապահության վերաբերյալ ամենօրյա տեղեկատվություն ինչպես ամբողջ դպրոցի, այնպես էլ դասարանի ու յուրաքանչյուր աշակերտի առումով: Յուրաքանչյուր աշակերտի էջը հասու է լինելու միայն տվյալ ծնողին, ով դրանից օգտվելու է համապատասխան ծածկագիրը մուտքագրելուց հետո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter