HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

«Ազատագրված տարածքները երբեք չեն կարող դառնալ փոխզիջման առարկա»

Հարցազրույց ՀՅԴ Արցախի երիտասարդական միության ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանի հետ

Պրն Հովհաննիսյան, օրերս ձեր միության նախաձեռնությամբ Արցախի երիտասարդական կազմակերպություններն անցկացրին կլոր սեղան, ինչի արդյունքում դատապարտեցիք բոլոր այն հայտարարությունները եւ կոչերը, որոնք «կասկածի տակ են դնում հազարավոր հայորդիների արյամբ ստեղծված արդարությունն ու հաղթանակը»: Ինչի՞ մասին է խոսքը:

Արցախի երիտասարդությունը չի կարող անտարբեր մնալ այն շահարկումների նկատմամբ, որոնք վերջերս հնչում են թե´ մամուլում, թե´ որոշ քաղաքական գործիչների շուրթերից: Մեզ համար անընդունելի են այն տեսակետները, թե պետք է հայկական հողերը փոխանակենք հայկական հողերի հետ, ասենք` Աղդամը Շահումյանով: Առավել եւս, երբ խոսվում է ազատագրված տարածքները վերադարձնելու մասին: Դրանք պատմականորեն հայկական տարածքներ են, որի վկայությունն է նաեւ Տիգրանակերտ քաղաքի, իսկ վերջերս էլ Աղդամի շրջանում հին միջնադարյան խաչքարերի հայտնաբերումը: Բացի այդ, ազատագրված տարածքների հայկական լինելու մասին փաստում են նաեւ այլ աղբյուրներ:

Օրինակ` 18-րդ դարի պարսկական աղբյուրները կոնկրետ նշում են հայկական մելիքությունների սահմանները: Այնպես որ, միանգամայն դատապարտելի են բոլոր այն մոտեցումները, որոնք ենթադրում են ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված տարածքների ցանկացած փոփոխություն: Փառք Աստծո, որ մեր տեսակետը կիսում են նաեւ ԼՂՀ իշխանությունները: Եվ ինչպես վերջիններս, մենք էլ ենք վստահ, որ Արցախի հիմնահարցի շուրջ ցանկացած գործընթաց առանց ԼՂՀ-ի մասնակցության՝ դատապարտված է տապալման: Այսինքն` Արցախը պետք է լիարժեք մասնակցի բոլոր տեսակի գործընթացներին:

Այդ ուղղությամբ ակտիվորեն աշխատում է ԼՂՀ արտգործնախարարությունը: Դրա ապացույցն է նաեւ այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին այցելության ժամանակ Արցախի խորհրդարանում առաջին անգամ տեղի ունեցան փակ լսումներ` համանախագահների մասնակցությամբ: Սա ցույց է տալիս, որ Արցախի մասնակցության անհրաժեշտությունն արդեն զգացվում է:

Ձեր խոսքից կարո՞ղ ենք եզրակացնել, որ արցախցին չի համաձայնի որեւէ որոշման հետ, որը կենթադրի ինչ-որ տարածքի հանձնում:

Որպես ՀՅԴ ներկայացուցիչ՝ ասեմ, որ մեր կուսակցությունն ամենատարբեր մակարդակներով բազմիցս արտահայտել է իր տեսակետը. թե´ Արցախի կենտրոնական կոմիտեն, թե´ Հայաստանի Գերագույն մարմինը, եւ թե´ ՀՅԴ բյուրոն հայտարարել են, որ ազատագրված տարածքները վերադարձնելու մասին խոսք լինել չի կարող: Այս մասին միշտ բարձրաձայնել են նաեւ ԼՂՀ իշխանությունները:

Բայց հայկական կողմը միշտ էլ նշել է, որ արցախյան հիմնահարցը պետք է լուծվի փոխզիջման ճանապարհով: Այդ դեպքում ո՞րն է լինելու մեր զիջումը:

Մենք արդեն զիջել ենք: Նախ` 1994 թ. ընդունել ենք զինադադարի պայմանը, երկրորդ` Հայաստանի Հանրապետությունը մինչ օրս չի ճանաչել Արցախի անկախությունը: Ազատագրված տարածքները երբեք չեն կարող դառնալ փոխզիջման առարկա: Մենք վերադարձնելու բան չունենք: Ավելին` այսօր ԼՂՀ տարածքի մի մասը` Գետաշենի ենթաշրջանը, Շահումյանի շարջանը, Մարտունու շրջանի արեւելյան հատվածը, Մարտակերտի շրջանի հյուսիսարեւելյան հատվածի մի մասը, բռնազավթված է Ադրբեջանի կողմից: Բանակցությունների ժամանակ սեղանին պետք է դրվի այդ տարածքները վերադարձնելու հարցը:

Մենք պաշտոնապես կարծես թե նման պահանջներ չենք ներկայացնում: Միշտ էլ ավելի կոշտ, պահանջատեր դիրքերից հանդես է եկել Ադրբեջանը, ինչին ի հակադրություն` մեր իշխանությունները հայտարարել են, որ խնդրի լուծմանը պետք է հասնել երկկողմանի զիջումներով: Հիմա Ձեր ասածի համատեքստում արդյոք չի՞ ստացվում, որ տարիներով ընթացող բանակցություններն ավելորդ են:

Բանակցությունները միշտ էլ օգտակար են, եւ դրանք պետք է վարվեն առանց տարածքների վերադարձի մասին որեւէ ակնարկի: Բոլորս էլ գիտենք, որ եթե նման բան լինի, պատերազմի վտանգն է՛լ ավելի կմեծանա: Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ եթե այդ տարածքների թեկուզ մի մասը նույնիսկ հանձնենք Ադրբեջանին, դրա սահմանակից հայկական բնակավայրերը նորից չեն ենթարկվի ռմբակոծության: Այսինքն` տարածքների վերադաձով մեր դիրքերը բավականաչափ կթուլանան:

Իսկ միջազգային անվտանգության երեշխիքնե՞րը, որոնց մասին խոսվում է:

Անկախ ամեն ինչից, Արցախի անվտանգության միակ երաշխավորը մեր բանակն է, որի ապացույցն է նաեւ թե´ մարտին, թե´ վերջերս ադրբեջանցիների հարձակումների կասեցումը: Մեզ համար ընդունելի չէ որեւէ միջազգային ուժի ներթափանցումը ԼՂՀ տարածք: Այո, կարող են լինել նաեւ ճնշումներ, բայց մենք պետք է դիմակայենք դրանց եւ միասնաբար կերտենք մեր պետականությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter