HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ըստ պաշտոնյայի` գյուղացին «մի կերպ» կապրի

Ամռան այս ամիսներին հատկապես հովտային շրջաններում գյուղացիների մոտ ակտիվ աշխատանքի շրջան է. նրանք հավաքում են գարնանը ցանած բերքը: Այս տարին սովորականից տարբերվում է, քանի որ վաղ գարնան ցրտահարությունը, տեղատարափ անձրեւները, հետո էլ գերխոնավությունից տարածված հիվանդությունները բերքն ամբողջությամբ փչացրին: Վայոց Ձորում այս տարի պտուղ` դեղձ, տանձ, խնձոր, ընկույզ կա, սակայն նախորդ տարիների համեմատ բերքը մի քանի անգամ պակաս է: Առատ է միայն անասնակերը, ինչն անձրեւների արդյունքն է: Արդեն կիսով չափ սկսվել է հացահատիկի բերքահավաքը, սակայն բերքը սպասվածից քիչ է: 1 հա ոռոգվող ցանքատարածությունից հավաքվում է մոտ 2,3 տոննա հացահատիկ, իսկ անջրդի տարածքներում, որտեղ ամեն ինչ թողնված է բնության հույսին, հացահատիկի բերքը, բնականաբար, ավելի քիչ կլինի: Մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Բաբկեն Մկրտչյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ հացահատիկի ցածր բերքատվությունը պայմանավորված է նաեւ հողերի չպարարտացմամբ. «Հիմա ամեն ինչ մասնավոր է. գյուղացիներն իրենք են որոշում ինչպես անեն: Բայց չեմ ժխտում, որ պարարտանյութը թանկ է, գյուղացիների մի մասը կարողանում է գնել, մի մասը` ոչ: Ցանկացած տեղ էլ այդպես է, եթե թանկացում եղավ, ուրեմն ոլորտը տուժում է»: Վայոց Ձորում կա մոտ 650 հա խաղողի այգի, որից բերքատու է 540 հա-ն: Այս տարի ակնկալում են ստանալ մոտ 3500 տոննա խաղող: Մարզում գործում է 10 վերամշակող ձեռրակություն եւ վարչության պետի հավաստմամբ` խաղողի իրացման խնդիր չեն ունենա: Դեռ պարզ չէ, թե վերամշակող ձեռնարկություններն ինչ գնով են այս տարի խաղողը մթերելու: Ամեն ինչ պարզ կլինի օգոստոսի վերջին, երբ մարզային պաշտոնյաները խորհրդակցություն կանցկացնեն ձեռնարկությունների սեփականատերերի հետ: «Պարզ է, որ ձեռնարկությունները ցանկանում են հնարավորինս էժան մթերում իրականացնել: Բայց բիզնեսը մնում է բիզնես, ու դրանից գյուղացին չպիտի տուժի»,- ավելացնում է Բ. Մկրտչյանը: Ըստ նրա` խորհրդակցության ժամանակ մթերողներին ներկայացվելու է գյուղացու կատարած ծախսերը, նաեւ այն, որ այս տարի ոռոգման ջուրն է թանկացել: Ուստի, մթերման գինը պետք է հաշվարկվի հիշյալ հանգամանքները հաշվի առնելով: Բ. Մկրտչյանը վստահ է, որ աշնանը թեկուզ մեկ կիլոգրամ խաղող գետնին չի մնա. բոլորը մթերվելու է: Գրեթե նույն վիճակն է Տավուշի մարզում: Մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Ռազմիկ Մելիքջանյանը հաշվել է, որ գարնան ամիսներին ուղիղ 51 օր անձրեւ է տեղացել, ինչի հետեւանքով էլ փչացել է գյուղացու բերքը: Հունիսի 8-ին եւ 24-ին էլ ուժեղ կարկուտ է եկել մարզի 25 գյուղերում` պատճառելով 1 միլիարդ դրամի վնաս: Վնասի չափը ներկայացվել է գյուղատնտեսության նախարարություն, սակայն բոլորն էլ գիտեն, որ փոխհատուցում չի լինելու: Այստեղ գյուղացին արդեն հնձել է հացահատիկը ու ստացված բերքի շավալն ավելի քան մտահոգիչ է, քանի, որ նույնիսկ կատարված ծախսերը չեն փակվել` 1 հեկտարից հավաքվել է միջինը 1,5 տոննա ցորեն: Ինչպես Վայոց Ձորում, այնպես էլ Տավուշում բարձր է միայն խաղողի բերքատվությունը (նախորդ տարվա համեմատ` 15-20 տոկոսով ավել): Պտուղներից շատ թե քիչ դեղձն է պահպանվել, սակայն այն գրեթե կիսով չափ պակաս է նախորդ տարվա համեմատ: «Եթե գյուղացին ոչ մի եկամուտ չի ստացել, ինչպե՞ս է ապրելու» հարցին ի պատասխան` Ռ. Մելիքջանյանն ասաց. «Մի կերպ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter