HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Գայանե Բաբայանին վրաերթի ենթարկած վարորդը հրաժարվեց պատասխանել հարցերին

Գրող, հրապարակախոս, լրագրող Գայանե Բաբայանի մահվան պատճառ դարձած Վահան Եղիազարյանի ձեռքերը դողում էին: Նա հրաժարվեց պատասխանել դատավորի, մեղադրյալի եւ տուժողի ներկայացուցիչների հարցերին, միայն ասաց, որ պնդում է նախաքննության ժամանակ տված իր ցուցմունքները: 27-ամյա Վահանն ընդունեց իր մեղքը: Նա, ապրիլի 9-ին` ժամը 21-ի սահմաններում, հարբած վիճակում խախտելով երթեւեկության կանոնները, Դավիթ Անհաղթի փողոցում վրաերթի է ենթարկել Գայանե Բաբայանին:

«Քույրս տաղանդավոր գրող էր, համարձակ լրագրող, լավ քաղաքացի էր, նախընտրում էր ապրել իր ընկեր Հրանտ Մաթեւոսյանից ստացած հանրակացարանում, նա ընտանիքի միակ կերակրողն էր,- դատարանում Գայանե Բաբայանին ներկայացրեց քույրը` Աիդա Բաբայանը:- Այդ օրը նա աշխատավարձ էր ստացել, գնացել էր գնումների, որպեսզի տոնական ընթրիք կազմակերպի...»,- արցունքները խանգարեցին խոսքը շարունակել:

Աիդա Բաբայանը նշեց, որ ոչ մի պատիժ եւ դրամական փոխհատուցում չի կարող մեղմել Գայանեի ընտանիքի եւ հարազատների ցավը, սակայն Վահան Եղիազարյանից պահանջում են 5 միլիոն դրամ փոխհատուցում, որն անհրաժեշտ է Գայանեի դստեր ուսման ծախսերը հոգալու համար: Դատարան կանչված վկա Դավիթ Շահնազարյանը պատմեց, որ ինքը, սուպերմարկետից դուրս գալով, տեսել է Գայանե Բաբայանի շուրջ հավաքված մարդկանց, որոնք փորձել են շտապօգնություն զանգահարել: «Ես զանգեցի շտապօգնություն, բայց մինչեւ իմ զանգած մեքենան կգար, հանդիպակաց մայթով անցնում էր շտապօգնության մեկ այլ մեքենա: Դա կանգնեցրինք, եւ տեղափոխեցին հիվանդանոց»,- պատմեց վկան:

Դատարան կանչված մեկ այլ վկան` Դավիթ Հալաջյանը, ով մեղադրյալ Վահան Եղիազարյանի հորաքրոջ որդին է, այնքան հուզված էր, որ չէր կարողանում բարձրաձայն պատասխանել դատավորի հարցերին: Հալաջյանի վկայությամբ` ինքն ու Վահանը միասին օղի էին խմել, քանի որ ապրիլի 3-ին Վահանի առաջնեկն էր լույս աշխարհ եկել: Վկան նշեց, որ ինքը Վահանից շատ էր խմել: Դավիթ Հալաջյանի խոսքով` ինքը նստել է այն շտապօգնության մեքենան, որով Գայանե Բաբայանին տեղափոխել են հիվանդանոց:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Հակոբ Ճարոյանը, կասկածելով, որ Հալաջյանը ականատես չի եղել պատահարին, հարցրեց, թե ինչ էր այդ օրը Գայանե Բաբայանի հագին: Տղան երկար մտածելուց հետո ասաց. «Երկարաթեւ ժակետ եւ տրիկո»: Իսկ Գայանե Բաբայանի դուստրը` Լուիզան, «Հետքին» ասաց, որ մահվան օրը մայրը զգեստով է եղել:

Գայանեի քույրերը պնդում են, որ Դավիթ Հալաջյանը ստում է: Վահան Եղիազարյանի պաշտպան Կարինե Ավանեսյանը բողոքեց Աիդա Բաբայանի գործողությունների դեմ, որը, ըստ պաշտպանի, ճնշում է գործադրում վկայի նկատմամբ` նրան անվանելով ստախոս: Աիդա Բաբայանը նշեց, որ ինքը հուզված վիճակում վիրավորական բառեր է արտաբերել, սակայն դա ուղղված չի եղել վկային: Ողջ դատական նիստը անցնում էր բավականին լարված մթնոլորտում, դատավոր Լյովա Ավետիսյանը հաճախ դիտողություններ էր անում ներկաներին` ստիպելով նրանց ներողություն խնդրել կամ լքել դահլիճը: Երբեմն էլ սպառնում էր, որ տուգանքներ կնշանակի: Սա ավելի էր թեժացնում մթնոլորտը, որի արդյունքում դատական նիստը ընդհատվեց վիճաբանության պատճառով:

Ընդմիջման ժամանակ վկա Դավիթ Հալաջյանը նստել էր Վահան Եղիազարյանի պաշտպան Կարինե Ավանեսյանի կողքին: Սա նկատեցին Գայանե Բաբայանի հարազատները եւ ընդմիջումից հետո դատավորին տեղեկացրին, որ «պաշտպանը սովորեցնում է, թե վկան ինչ ցուցմունքներ տա»: Կարինե Ավանեսյանն էլ հայտարարեց, որ վկային ոչինչ չի տվել կարդալու, եւ որպեսզի կասկածները փարատվեն, հրաժարվեց վկային հարցեր տալու իր իրավունքից: Տուժողի իրավահաջորդ Աիդա Բաբայանը խնդրեց հետաձգել դատական նիստը, քանի որ ինքը երեխայի է սպասում, եւ ինքնազգացողությունը վատացել է: Դատական քննությունը կշարունակվի օգոստոսի 18-ին:

Հ.Գ. Վահան Եղիազարյանը նախաքննության մարմնին հայտնել է, թե աշխատում է «Բաբիկ» ՍՊԸ-ում որպես վարորդ, սակայն դատարանում հայտարարեց, որ ոչ թե աշխատում է, այլ երբեմն ընկերոջն է փոխարինել: Սա կասկած առաջացրեց տուժողի ներկայացուցիչների մոտ, եւ նրանք փորձեցին պարզել, թե Վահանն ինչու է թաքցնում իր աշխատելու հանգամանքը, սակայն տղան հրաժարվեց պատասխանել նրանց հարցերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter