HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Քրոջս նեղացրել ես, ու հիմա այդ հարցը պիտի պարզենք»

Ոսկե շղթաներ կողոպտողները մի առանձնահատկություն ունեն` ծրագրած հանցագործությունը կատարելու համար երբեք պատրվակ չեն փնտրում. անսպասելի մոտենում են պարանոցին շղթա ունեցողին, կայծակնային արագությամբ քաշում-պոկում եւ ուժ տալիս ոտքերին: Որքան ավելի ճարպիկ վազորդ են, այնքան հեշտ են ճողոպրում թե կողոպտվողից, թե հնարավոր հետապնդողներից: Սակայն ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում քննված քրեական գործով մեղադրյալ անցնող երկու տղաները այլ սցենար էին մշակել` իրենց վերջնանպատակին հասնելու, այսինքն` շղթային տիրանալու համար նրանք պոտենցիալ զոհին մտացածին պատրվակով տանում էին կողմնակի աչքից հեռու մի վայր: Կատարած կողոպուտների հինգ դրվագներում պատրվակը նույնն է եղել`«Քրոջս նեղացրել ես, ու հիմա այդ հարցը պիտի պարզենք»: Նման պատրվակ, իհարկե, կարող էր մոգոնել միայն 18-20, ամենաշատը մինչեւ 25 տարեկան պատանին: Տարիքային հենց այդ տիրույթում էին նաեւ Արմենն ու Դավիթը, ավելին` Արմենը հանցագործությունները կատարելու ժամանակ դեռ չէր հատել չափահասության շեմը: Կողոպուտի առաջին դրվագը իրականացրին 2009-ի հունիսի 30-ին, ժամը 17-ի սահմաններում, անշուշտ` նախնական համաձայնության գալով, սակայն մինչ այդ, նույն օրը, ավելի վաղ` ժամը 12-ի սահմաններում Արմենն արդեն հասցրել էր փորձարկել իր մշակած սցենարը քննությամբ ինքնությունը չպարզված մեկ այլ անձի հետ: Իսահակյանի արձանի դիմաց գտնվող կանգառում ապագա տուժողը տրանսպորտի էր սպասում, երբ մոտեցավ Արմենն ու սկսեց հոխորտալ, թե` դու ո¯վ դառար, որ քրոջս նեղացնես: Անծանոթի հարձակումից հանկարծակիի եկած տղան շփոթվեց. չէր հիշում, որ որեւէ աղջկա նեղացրած լինի, բայց ընդառաջ գնաց սադրանքին ու Արմենի ուղեկցությամբ մտավ շենքերից մեկի բակը, որտեղ նրանց միացավ Արմենի ընկերը: Իբր քրոջն էին սպասում, որ ճշտեն` իրո՞ք այդ տղան է նեղացնողը: Իհարկե, ոչ մի քույր էլ չեկավ, իսկ տղան զրկվեց իր 25 հազար դրամանոց «Սամսունգ» հեռախոսից եւ պարանոցի 32 գրամ քաշով, 150 հազար դրամ արժողության շղթայից: Համոզվելով, որ սցենարը «աշխատող» է, ժամը 17-ին Արմենն արդեն Դավթի հետ այն գործադրեց Կենտրոն վարչական շրջանի մեկ այլ փողոցում: Տղայի պարանոցի 28 գրամանոց շղթան նրանց աչքից վրիպել չէր կարող: Մոտեցան, ներկայացան` Արմենն իր անունով, Դավիթը` «Դաժան» մականունով, ու... ինչպես նախորդ անգամ` Արմենը հանդես եկավ վիրավորված եղբոր դերում: Ապագա տուժողը քմծիծաղ տվեց` այդպիսի բան չի եղել, բայց նրա ասածը հաշվի մեջ չէր, պնդեցին, թե պիտի հանդիպի քրոջը, որն իր ներկայությամբ կասի, որ նեղացնողն ինքն է: Է, քանի որ համոզված էր, որ ով էլ լիներ տղայի քույրը, չէր կարող իրեն ճանաչել որպես նեղացնողի, հետեւեց նրանց: Մինչ Արմենը գնաց իբր քրոջը կանչելու, «Դաժանը» սկսեց հարցուփորձ անել նրա պարանոցի շղթայից, թե քանի՞ գրամ է, մոտավորապես ինչ կարժենա: Մի խոսքով, տղան կռահեց, որ սրանց նպատակը ամենեւին էլ քրոջ պատվի հարցը չէ, որ ուզում են իր շղթան հափշտակել, ու հանեց, որ գրպանը դնի, բայց Դավիթը կանխեց` մի հատ տուր նայեմ, սա էլ իր կամքից անկախ շղթան տվեց, չնայած հափշտակության բավական իրական վտանգն արդեն զգացել էր: Հենց այդ պահին հետ եկավ Արմենը ու հայտարարեց` քույրը հուզված է, չի կարող գալ: «Ոնց թե չի կարող,- միջամտեց Դավիթը,- միասին գնանք կանչենք»: Տղան, որ մինչ այդ էլ պահանջել էր վերադարձնել շղթան, զայրացած կրկնեց պահանջը, բայց Դավիթն անփութորեն նետեց. «Կվերադարձնեմ, երբ քրոջս հետ գամ»: Բնականաբար, հետ չէր գալու, ինչում համոզվեց նաեւ տուժողը` նրանց որոշ ժամանակ սպասելուց հետո: Մեկ օրվա ընթացքում երկու թանկարժեք շղթաների հափշտակությունը անչափահաս Արմենին յոթերորդ երկինք հասցրեց: Մտքի ծայրով իսկ չէր անցնում մտահոգվել բռնվելու, պատասխան տալու մասին, համոզված էր, որ նման արժեքի շղթա ունեցող տղաները հազիվ թե բողոքեն, ծնողները նորը կգնեն, իսկ իրենք էլ կշարունակեն անպատիժ գործել: Կյանքը ցույց տվեց, որ նրանք չարաչար սխալվում էին ու չնայած դեռ երեք դրվագ էլ էին հասցնելու իրագործել, բայց պատիժն արդեն կրկնկակոխ հետեւում էր նրանց: Տղաները, սակայն, դեպքերը կանխագուշակելու ունակությունից զուրկ էին, իրենց արածի հետեւանքների մասին մտածել էլ չէին ցանկանում, ուստի հաջորդ օրն իսկ` հուլիսի 1-ին, նոր թիրախ էին փնտրում ու գտան Վարդան Մամիկոնյանի արձանին հարակից կանգառում: Երթուղայինի սպասող տուժողին նախ մոտեցավ Արմենը ու նույն պատրվակով վեճ հրահրեց, ապա նրան ուղեկցեց դեպի «Վերնիսաժի» տարածք: Քիչ հետո նրանց միացավ Դավիթը, որ ներկայացավ որպես վիրավորված քրոջ ընկեր: Երբ եղբայր ներկայացած Արմենը գնաց քրոջը կանչելու, Դավիթն ակնդետ հայացքը տղայի պարանոցի շղթային` սկսեց զրույցը ոսկու շուրջ պտտել, գովաբանեց շղթան, ցանկացավ մոտիկից տեսնել: Սկզբում տղան հրաժարվեց տալ, հետո, չգիտես ինչու, տեղի տվեց եւ հանեց պարանոցից: Շղթան տնտղելով` Դավիթը տեղեկացրեց, թե շուտով քրոջ հարսանիքն է, եւ ցանկանում է իր համար նմանատիպ շղթա պատվիրել, ապա իբր զանգահարեց մի ոսկերչի, հետը զրուցեց հնարավոր պատվերի մասին: Երբ Արմենը վերադարձավ ու համաձայն անփոփոխ սցենարի` հայտարարեց, թե քույրը չի կարող գալ հուզված լինելու պատճառով, Դավիթն առաջարկեց միասին գնալ նրա մոտ, մինչեւ ոսկերիչն էլ կգա: Տուժողը հրաժարվեց` պահանջելով իր 200 հազար դրամանոց շղթան` ոսկե խաչով, բայց կողոպտիչները մի պահ առանձնացան, ինչ-որ բան խոսեցին ու ապշահար տուժողի աչքի առաջ անհետացան տարբեր ուղղություններով: Տղաները կանգ առնելու միտք չունեին եւ հուլիսի 4-ին կրկին Կենտրոնի փողոցներն էին չափչփում: Աբովյան փողոցում Արմենը Դավթին պատվիրեց սպասել շենքերից մեկի բակում, մինչեւ ինքը մեկին գտնի: Շուտով գտավ ու նույն պատրվակով տարավ շենքի բակ, սակայն զրույցը կրկին շրջվեց շղթայի ուղղությամբ եւ տուժողից այն, նաեւ «Նոկիա» հեռախոսը վերցնելով` նստեցին տաքսի` ոսկու շուկա գնալու ու իբր նմանատիպ շղթա պատվիրելու համար, սակայն ճանապարհին տղային իջեցրին` ասելով` 40 հազար դրամ կբերես ու ապրանքդ հետ կստանաս: Պատժի անխուսափելիության գիտակցումն ունենալու դեպքում տղաները հաջորդ օրն իսկ չէին նախաձեռնի վերջին` ճակատագրական դրվագը, երբ բռվելու էին հանցագործությունը դեռ ավարտին չհասցրած: Այդ օրը, ժամը 12-ի սահմաններում, Օղակաձեւ զբոսայգում նրանց հանդիպած տուժողը արագ կռահեց, թե որն է «քրոջ պատիվ պահող» տղաների բուն նպատակը եւ պարանոցի շղթան ժամանակին հասցրեց փոխանցել այգով պատահաբար անցնող քրոջը` մինչ այդ էլ հասցնելով զանգահարել ընկերոջը, որը բարեբախտաբար կրկեսի մոտակայքում էր եւ արագ օգնության հասավ: Բուռն վեճ ծագեց, ծեծկռտուք, որին միջամտեցին մոտակայքում շրջայց կատարող ոստիկանները եւ չորսին էլ բերման ենթարկեցին բաժին, որտեղ եւ ամեն ինչ բացահայտվեց: Կողոպտիչներից Արմենն իրեն լիովին մեղավոր ճանաչեց հինգ դրվագում էլ, սակայն հրաժարվեց մանրամասն ցուցմունքներ տալ, իսկ Դավիթը փորձեց նվազեցնել իր մեղքի ծավալը` իրեն մասնակի մեղավոր ճանաչելով միայն վերջին երկու դրվագում, սակայն բոլոր տուժողները նրան ճանաչել ու մատնացույց էին արել անձին ճանաչման ներկայացնելիս: Հետաքրքիր է, թե տղաներն ինչպես են ծախսել հանցավոր ճանապարհով ձեռք բերած փողը: Դավթի ցուցմունքի համաձայն, օրինակ, հուլիսի 4-ին, կողոպուտից անմիջապես հետո, մեկնել էին Սեւան ու մի լավ զվարճացել: Ինչպես երեւում է, հաջորդ օրն էլ դեմ չէին զվարճանալուն, սակայն բերման ենթարկվեցին ոստիկանություն, քանի որ կրնկակոխ հետեւող պատիժն արդեն նրանց աքցանի մեջ էր առել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter