«Հայկական շուկան այսօր ամենաթանկ, ամենաաղքատիկ շուկաներից մեկ է»
«Քանի՞ գյուղացի եք ճանաչում, որը կարտոֆիլի արտադրությամբ է զբաղված և կարող է իրեն թույլ տալ լավ ապրել, ավտոմեքենա գնել: Ես ասե՞մ` քանի: Կամ ոչ մի, կամ մի 3 հոգի: Այսինքն` ամենաթանկ կարտոֆիլը ունենալով` արտադրողը չի կարողանում իր ապրուստը նորմալ ապահովել»,- օգոստոսի 6-ի ասուլիսի ժամանակ ասաց Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:
Գյուղում աշխատողների թիվն այսօր կազմում է մոտ 500-550 հզ. մարդ, որոնք 2009 թ.-ի տվյալներով արտադրել են 550 մլրդ դրամի ապրանք: Այսինքն` մեկ աշխատողը գյուղում արտադրում է 1 մլն դրամի ապրանք: «Դուք պատկերացնո՞ւմ եք` ինչ եկամուտ նա պետք է ստանա, ինչպես նա պետք է ապրի: Հայտնի է, որ գյուղատնտեսությունում եկամտաբերությունը լավագույն դեպքում 10-15 % է կազմում: Հաշվեք` աշխատող գյուղացու միջին եկամուտը ինչքան է լինում»,- ասաց Բագրատ Ասատրյանը:
Նա նշեց, որ Հայաստանում հիմնական գյուղմթերքների (կարտոֆիլ, սոխ, մսամթերք) գներն արդեն ավելի բարձր են, քան եվրոպական և շատ ավելի բարձր են, քան ամերիկյան գները: Օրինակ` Հայաստանն արտադրում է այնքան կարտոֆիլ, որ կարողանում է 100 %-ով բավարարել իր ներքին պահանջարկը, սակայն կարտոֆիլի գնի մակարդակը Հայաստանում համարժեք է եվրոպական գներին (այլ հարց է, որ գյուղ-քաղաք մատակարարման սխեմաները այնպիսին են, որ արտադրողը համարյա ոչինչ չի ստանում): «Հայկական շուկան, ունենալով որոշակի զարգացման հսկայական հնարավորություն, այսօր ամենաթանկ, ամենաաղքատիկ շուկաներից մեկ է»,- ասաց ԿԲ նախկին նախագահը: Հայաստանում նկատվում է նաև վարելահողերի կրճատում: 2005 թ. ցորենի վարելահողերը կազմել են 132,7 հզ. հա, իսկ վերջին` 2008 թ. տվյալներով, կրճատվել են 1/4-ով` կազմելով 93 հզ. հա: Վերջին շաբաթների ընթացքում Բագրատ Ասատրյանը եղել է ավանդական հացահատիկային շրջաններից մեկում` Սիսիանում, և տեսել, որ Սիսիանի հողատարածքների զգալի մասը չի օգտագործվում: Ըստ բանախոսի` 2 պատճառ կա: Առաջին` գյուղատնտեսությունը փորձում է այլ ապրանքատեսակներ արտադրել, այլ կուլտուրաներ մշակել:
«Բայց կա նաև հիմնարար պրոբլեմը, որ մեր գյուղատնտեսության պրոբլեմն է: Մեր գյուղատնտեսությունը ծայրաստիճան անարդյունավետ է: Այն ավանդական սերմատեսակները, այն ավանդական տեխնոլոգիաները, որ կիրառվում են, արդյունք չեն տալիս: Ըստ էության, 17-րդ դ-ից դեսը ոչ մի բան համարյա չի փոխվել: Մի 2 հատ տրակտոր է ընդամենը ավելացել: Ոչ մի բան Հայաստանում չի կատարվել: Կամ այնքան դանդաղ է կատարվում, որ մենք առաջ չենք գնում»,- ասաց Բագրատ Ասատրյանը: Գյուղատնտեսության ոլորտում միակ բարեփոխումը ԿԲ նախկին նախագահը համարում է 90 թվին հողի սեփականաշնորհումը: Իսկ խնդիրները գնալով կուտակվում են: «Մեր երկիրը ունի գյուղատնտեսության պրոբլեմ: Հացը առիթներից մեկն է: Վաղը, մյուս օրը մենք կարտոֆիլի պրոբլեմ ենք ունենալու: Էսօր մենք ունենք ոչ պակաս սուր շաքարավազի պրոբլեմը»,- ասաց նա:
Մեկնաբանել