
Սահմանամերձ Բաղանիսում 56-ամյա Սարգիս Ղուզանյանի կացարանը վերապահումներով կարելի է տուն կոչել. կիսանկուղային համեստ երկու սենյակ, որտեղ ապրում է կնոջ, տղայի, հարսի եւ երկու թոռների հետ: 2004թ. նոյեմբերի լույս 26-ի գիշերվա հրդեհից նախկին տնից միայն մերկ պատերն են մնացել:Կրակը տան տանիքում է բռնկվել: Երբ Նոյեմբերյանից հրշեջները եկել են, ամեն ինչ վերջացած է եղել: Սարգիս Ղուզանյանը չգիտի հրդեհի պատճառը, կարծում է, որ էլեկտրական հոսանքի կարճ միացումից է եղել:
«Ամբողջ կահույքը, մեր ունեցած-չունեցածն այրվեց, հազիվ հեռուստացույցն ու մի երկու շոր հանեցինք»,-վերհիշում է Սարգիսը:
Մինչեւ 1999թ.-ը Ղուզանյանների ընտանիքը գյուղի մանկապարտեզի շենքում էր ապրում: 1999թ. պաշտպանության նախարարությունը հաշմանդամության երկրորդ կարգ ունեցող ազատամարտիկին, որպես բնակպայմանները բարելավելու աջակցություն, 2600 դոլար, է տվել, որով նա գնել է համագյուղացի Հարություն Քոչարյանի տունը:
Տան այրվելուց հետո Նոյեմբերյանի նախկին քաղաքապետ Սերյոժա Ամիրաղյանն է քաղաքապետարանի հաշվից 100.000 դրամ հատկացրել, Նոյեմբերյանի անտառտնտեսության տնօրեն Վասիլ Չիլինգարյանն աջակցել է շինափայտով, համագյուղացի Նվեր Հակոբյանն օգնել` 10.000 դրամով:
Սարգիսը օգնության ակնկալիքով այն ժամանակ Բաղանիս համայնքը ղեկավարող Էմիլ Էդիգարյանի հետ եղել է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի մոտ: Մարզպետն ասել է, որ օգնության ֆոնդ չունեն, որ ունենան` կօգնեն: Հրդեհից հետո Ս.Ղուզանյանը դիմել է նաեւ ՀՀ պաշտպանության նախարարություն:
«Ասացին ` փաստաթղթերդ թող, քեզ օժանդակելու հարցը կքննարկենք, մինչեւ հիմա քննարկում են: Նախարարության սոցվարչությունում հայտնեցին` քեզ մի անգամ օգնել ենք, պետք է օգնության «երկրորդ պատոկ» լինի, որ տեսնենք`ինչպե՞ս կարող ենք քեզ օգնել»,-ասում է Սարգիսը:

Հաշմանդամ ազատամարտիկի 6 հոգանոց ընտանիքն ընդամենը մի կով ունի եւ 1200 քառակուսի մետր տնամերձ հողամաս: Նրա կինը` 50-ամյա Հռիփսիմեն , տղան`31-ամյա Աշոտը եւ հարսը`26-ամյա Աննան աշխատանք չունեն: Ինչու՞ հաշմանդամ եւ մանկահասակ երկու երեխա ունեցող ընտանիքը ընտանեկան նպաստ չի ստանում:
Նոյեմբերյանի սոցիալական ծառայությունից հայտնեցին,, որ ընտանիքը դրա համար ծառայություն անհրաժեշտ փաստաթղթերը չի ներկայացրել, մինչդեռ Սարգիսը հավաստիացնում է, որ միշտ էլ փաստաթղթերը ներկայացրել են: Նրա ստացած 60 հազար դրամ հաշմանդամության կենսաթոշակով է ընտանիքը գոյատեւում:
Սարգիս Ղուզանյանը երեք անգամ վիրավորվելուց հետո շարունակում էր որպես պայմանագրային զինծառայող, որպես վարորդ, ծառայել Նոյեմբերյանի սահմանապահ զորամասում:
Երեք տարի առաջ պայմանագիրը խզել են, քանի որ նրա տարիքը 50-ից անց էր: Սարգիսը 1990թ. կամավորագրվել է ազգային ազատամարտին: Մարտնչել է մայրաքաղաքային գնդի կազմում, մասնակցել Գանձասարում եւ Լաչինում մղված մարտերին: 1992թ. ամռանը Վազգեն Սարգսյանի հանրահայտ կոչից հետո նա դարձել է մահապարտ: 1992թ. օգոստոսի 29-ին Եռաբլուրում մեկ այլ նոյեմբերյանցի մահապարտ` Գարեգին Շարոյանը մոմի լույսի տակ կարդացել է մահապարտների երդման տեքստը, շարքում մահապարտներն կրկնել են:
Գարեգին Շարոյանը մահապարտների «Արծիվ-4» գումարտակի հրամանատարն էր: 1992թ. սեպտեմբերին ( օրը չի հիշում. գլխից վիրավորվելուց հետո Սարգսի հիշողությունը վատացել է) Գանձասար գյուղի մոտ, Քաչալ սարի գլխին հակառակորդի ականանետի կրակից կապիտան Գարեգին Շարոյանը զոհվել է, նրա կողքին գտնվող Սարգիսը` գլխից, դեմքից ծանր վիրավորվել: Այդ ականից ազատամարտիկներից 4-ը զոհվել է, 6-ը` վիրավորվել:
Ամսուկես բուժվել է, մի շաբաթ ` Ստեփանակերտի հոսպիտալում, հետո տեղափոխել են Երեւան, հանրապետական հիվանդանոց: Բուժում ստանալուց հետո նա նորից ռազմաճակատ է մեկնել, Մարտակերտի Չայլու, Լենինավան գյուղեր: 1993թ. Ղուբաթլուում վիրավորվել է աջ ձեռքըից եւ ոտքից: Դաշտային հոսպիտալում վիրակապվելուց հետո Ս.Ղուզանյանը նորից ռազմաճակատ է մեկնել:
«Քանի անգամ հոսպիտալներից փախել եմ», -ծիծաղում է Սարգիսը: 1993թ. մասնակցել է Օմարի լեռնանցքի պաշտպանությանը: Երրորդ անգամ վիրավորվել է 1994թ. ապրիլի 24-ին Թալիշ գյուղում` գնդացրի կրակից: Ձախ թոքը հեռացրել են, այնտեղ 5 գնդակ էր մտել, այժմ երկուսը մարմնի մեջ է:
«Ֆիզիկապես ծանր գործ չեմ անում, ինձ արգելված է: Երբ ծանրություն եմ բարձրացնում , բերանիցս արյուն է հասում: Անասնակեր խոտը բերել են, ես եղան չեմ բարձրացրել, եղբայրս` Սենիկն է օգնել»,-վկայում է հաշմանդամ ազատամարտիկը:
Հարցնում եմ մարտական ընկերների հետագա ճակատագրի մասին: Նրա խոսքերով` մեկը անշարժ գույքի գործակալության տեր է դարձել, ոմանք էլ անտուն ու անգործ են:
Վազգեն Սարգսյանն անձամբ ճանաչել է Սարգսին, նրա մականունը «Լոռեցի գիժ Սաքո» է դրել: 1992թ. Գանձասարում վիրավորվելուց հետո, նա Սարգսին Հայաստան վերադառնալուց հետո ոսկե ատամներ էր խոստացել` արկի բեկորներից վնասված ատամների փոխարեն :1994թ. վիրավորվելուց հետո Վազգենը նրան Երեւանի հոսպիտալում է հանդիպել: «Դու դեռ կենդանի ե՞ս»- զարմացել է Վազզենը:
«Մինչեւ ատամներս չգցես, չեմ մեռնելու»,-կես կատակ, կես լուրջ պատասխանել է Սարգիսը:
Սարգիս Ղուզանյանն ասում է, որ պաշտպանության նախարարությունում հավաքի ժամանակ Վազգենն իրեն ամբիոն է կանչել, դրվատել, հետո աշխատանք առաջարկել ոստիկանության 6-րդ վարչությունում, ռազմական ոստիկանությունում: «Ես կրթություն չունեմ, գոնե 10-ը չեմ ավարտել, ոնց պիտի աշխատեի , ամբողջ կյանքում շոֆեր եմ եղել»,-ասում է Սարգիսը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել