HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Վճռաբեկ դատարանը չի կիրառում իր իսկ ստեղծած նախադեպերը

ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի Էրեբունու բաժինը խարդախություն կատարելու համար 2009 թ. հոկտեմբերի 16-ին քրեական գործ է հարուցել Երեւան քաղաքի բնակիչ Հրանտ Գյուրջյանի նկատմամբ:

Մեղադրյալին հետախուզում է հայտարարվել եւ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, քանի որ Հրանտ Գյուրջյանն արդեն վաճառել էր բնակարանը` այլոց պատճառված վնասը վերականգնելու համար եւ անտեղյակ է եղել իր հետախուզման գտնվելու մասին: Մեղադրյալը 2009 թ. դեկտեմբերի 26-ին հայտնաբերվել է ու տեղափոխվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ եւ մինչեւ 2010 թ. հունվարի 25-ը դատավորի մոտ չի տարվել, այսինքն` անօրինական պահվել է անազատության մեջ:

Հ. Գյուրջյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.օր.-ի 178 հ. 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով (խարդախությունը, որը կատարվել է` խոշոր չափերով, կրկին անգամ` պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով), եւ առաջադրված մեղադրանքում նա իրեն լիովին մեղավոր է ճանաչել:

Ոստիկանության Էրեբունու քննչական բաժնի ավագ քննիչ Հ. Ավագյանը միայն 2010 թ. հունվարի 19-ին է միջնորդություն ներկայացրել Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու մասին:

Վերջինիս պաշտպան Ամալյա Ավագյանը դատարանին միջնորդել է մերժել նախաքննության մարմնի միջնորդությունը, նկատի ունենալով, որ քննիչը թույլ է տվել Քրեական դատավարության օրենսգրքի կոպիտ խախտում` հետախուզման մեջ գտնվող անձը հայտնաբերվելուց հետո պետք է անհապաղ (72 ժամվա ընթացքում) տարվեր դատավորի մոտ, ընտրված խափանման միջոցը կրկնակի քննարկելու նպատակով: Բացի այդ, պաշտպանը դատարանին միջնորդել է նաեւ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել գրավը, հաշվի առնելով, որ մեղադրյալը տուժողների պարտքը մասնակի մարել է եւ կշարունակի մարել, եթե ազատության մեջ գտնվի:

Դատարանը համամիտ է եղել պաշտպանի ներկայացրած առարկություններին, նաեւ հղում է կատարել ՀՀ Վճռաբեկ դատարանի 26.12.2008 թ.-ին ԼԴ/97/06/08 գործով կայացված որոշմանը, որով ամրագրված է պաշտպանի ներկայացրած հիմնավորումները, սակայն բավարարել է քննիչի ներկայացրած միջնորդությունը եւ վերահաստատել Հ. Գյուրջյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը 2 ամիս ժամկետով: Վերաքննիչ քրեական դատարանը նույնպես մերժել է հանրային պաշտպանի բողոքը` մեղադրյալին կալանքից գրավով ազատելը անթույլատրելի է համարել, պատճառաբանելով, որ Հ. Գյուրջյանը ընտանիքով վարձով է բնակվում եւ մինչեւ կալանավորումը գտնվել է հետախուզման մեջ:

Դատարանը հաշվի չի առել պաշտպանի ներկայացրած անձը բնութագրող եւ պատիժը մեղմացնող հանգամանքները: Պաշտպանը փաստաթղթերով հիմնավորել է, որ վերաքննիչ դատարանում գործի քննության ընթացքում իր պաշտպանյալը լիովին մարել է տուժողների պարտքը, նախաքննության մարմնին արդեն հայտնի է նրա բնակության վայրը, նա նախկինում դատապարտված չի եղել, խնամքին ունի 3 անչափահաս երեխա, իրեն մեղավոր է ճանաչել, ազատության մեջ մնալով չի խոչնդոտի քննությանը, հետեւաբար վերացել է նրան կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը:

«Ու՞մից պետք է Հ. Գյուրջյանը խուսափեր, երբ ամբողջությամբ վերականգնվել էր տուժողների նյութական վնասը, դատարանը կարող էր այլընտրանքային խափանման միջոց ընտրել, ի՞նչ անհրաժեշտություն կա նրան անազատության մեջ պահելու»,- հարցնում է պաշտպան Ամալյա Ավագյանը` շեշտելով, որ ինչպես ընդհանուր իրավասության, այնպես էլ վերաքննիչ դատարանը կալանքի ժամկետը երկարացնելով` սկսած քննիչից անձին անօրինական ազատության մեջ պահելու իրավունքի խախտումը դարձրել են շարունակական»:

Վերաքննիչ դատարանի որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքում հանրային պաշտպան Ամալյա Ավագյանը նշել է, որ ստորադաս երկու դատարանները չեն կատարել օրենքի պահանջը, անհապաղ չեն ազատել իր պաշտպանյալին, որը ՄԻԵԿ-ի 5-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջն է. «Ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատավորի կամ այն պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն եւ ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչեւ դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք: Ազատ արձակվելը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով»:

Ինչպես վերաքննիչ, այնպես էլ Վճռաբեկ դատարան (ՎԴ) ներկայացված բողոքում պաշտպանը իր տեսակետը հիմնավորվել է ՎԴ-ի նախադեպային որոշումներով, որոնք պարտադիր կիրառման ենթակա են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ»:

Պաշտպանը հիմնավորել է, որ այս գործի փաստական հանգամանքները նույնն են ՀՀ ՎԴ-ի 26.10.2007 թ. որոշմամբ Թամարա Տեր-Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի հետ, որով ՎԴ-ն հետեւյալ մոտեցումն է ամրագրել. «Վճռաբեկ դատարանը հաշվի առնելով հանցավորի անձը եւ նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, այդ թվում հանցագործությամբ պատճառված նյութական վնասն ամբողջությամբ վերականգնած լինելը, ինչը էականորեն նվազեցնում է հանցագործության հասարակական վտանգավորության աստիճանը, ինչպես նաեւ պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, հանգում է հետեւության, որ դատապարտյալ Թամարա Տեր-Գրիգորյանի նկատմամբ ազատազրկման ձեւով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով տվյալ գործով հնարավոր է հասնել Քր. օր.-ի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը եւ հանցագործությունների կանխմանը»:

Բացի այդ, «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված է, որ անձի կալանավորման հարցը լուծելիս ՀՀ իրավասու դատարանները լիազորված են քննարկել դատաքննությանը մեղադրյալի ներկայանալը երաշխավորող այլընտրանքային խափանման միջոցների կիրառման հնարավորությունը, իսկ այդպիսի միջոց է գրավը:

Այս մոտեցումը նույնպես Վճռաբեկ դատարանն ամրագրել է Տարոն Ռազմիկի Հակոբյանի վերաբերյալ 2007 թ. հուլիսի 13-ի որոշման մեջ, որը մատնացույց է անում իբրեւ նախադեպ: Հետաքրքիր է, որ Վճռաբեկ դատարանը բողոքը ընդունել է վարույթ, սակայն մերժել է այն` դարձյալ չկիրառելով իր իսկ կայացրած նախադեպային որոշումները: ՎԴ-ն անփոփոխ է թողել վերաքննիչ քրեական դատարանի դատական ակտը` մերժելով Հ. Գյուրջյանին անհապաղ ազատ արձակելը կամ գրավի կիրառումը թույլատրելը:

«Հ. Գյուրջյանին կալանավայր ուղարկելով արդյոք դատարանը նպաստե՞ց սոցիալական արդարության վերականգնմանը, երբ կլանավայրում նրա գոյատեւման ծախսերը թողեց պետությանը, իսկ նրա խնամքին գտնվող 4 անձանց թողնեց նյութապես անապահով վիճակում»,- ասում է պաշտպանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter