ԱԺ դերի բարձրացման «երեսփոխանական» ընկալումները
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներն այս շաբաթ պարզորոշ ցույց տվեցին, թե ԱԺ նախագահի պաշտոնում Հովիկ Աբրահամյանին ընտրելուց հետո ինչքան է բարձրացել խորհրդարանի դերը քաղաքական որոշումներ կայացնելու գործընթացում։
Այդ «բացահայտումը» կատարվեց կառավարության կողմից իբրեւ հրատապ հարց ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված «ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» եւ «Դատախազության մասին» օրենքներում դատավորների եւ գլխավոր դատախազի աշխատավարձերի դրույքաչափերի փոփոխություններ նախատեսող օրինագծերի քննարկումներից եւ քվերարկության պատկերից։
Առանց բացառության բոլոր խմբակցությունները` թե' կոալիցիոն եւ թե' ընդդիմադիր, այդ նախագծերի քննարկման ժամանակ մեկ փաստ էին շեշտադրում. անտրամաբանական է դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի բարձրացումը՝ առանց իշխանության մյուս թեւերը հաշվի առնելու։ Ասել է թե` կառավարությունն անարդար է վարվում դատական իշխանության մարմինների համար վարձատրության արտոնյալ պայմաններ սահմանելով։ Եվ առանց բացառության բոլոր ելույթ ունեցող պատգամավորները, սկզբունքայնության բացառիկ միասնական դրսեւորմամբ, պահանջում էին կառավարությունից ետ վերցնել օրինագծերը եւ հաշվի առնել իրենց դիտողություններն ու առաջակությունները։ Մինչդեռ հաջորդ օրը՝ նախագծերի քվեարկության ժամանակ, կոկորդ պատռող նույն կոալիցիոն պատգամավորները կողմ քվեարկեցին կառավարության այս նախաձեռնությանը։ Եվ դա այն դեպքում, երբ կառավարությունը բացարձակապես անտեսել էր պատգամավորների ներկայացրած միակ ամենասկզբունքային դիտողությունը. իշխանության թեւերի միջեւ անհավասարություն չպետք է դրվի։
Ինչեւէ, այս քվեարկության արդյունքները երեք հիմնական իրողություն բացահայտեցին։ Առաջինն այն էր, որ պատգամավորները, փաստորեն, հիմնականում սեփական աշխատավարձերի բարձրացման խնդիրն էին ուզում լուծել։ Նրանք պարզապես առիթն օգտագործեցին` կառավարության կողմից իրենց անտեսելու առնչությամբ առաջացած վիրավորանքն արտահայտելու համար։ Իսկ դատավորների մոտ կաշառակերության նվազեցման կամ դրա ձեւականության մասին արվող դատողությունները պարզապես շղարշ էին՝ թաքցնելու իրենց անբավարարվածության իրական դրդապատճառները։ Հակառակ դեպքում նրանց զայրույթը չէր անցնի հենց այն բանից հետո, երբ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանը հայտարարեց, թե 2009 թ. կեսերին կառավարությունը խորհրդարանին է ներկայացնելու հանրային ծառայողների եւ իշխանության մյուս թեւերի մարմինների բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ հայեցակարգը։ Ոչ ոք այդպես էլ չանդրադարձավ այն հանգամանքին, որ եթե կառավարությունը որոշել է պետական կառավարման ոլորտի աշխատողների աշխատավարձը բարձրացնել հայեցակարգային լուծումներով, ապա ի՞նչն է խանգարում ետ վերցնել նախագծերը եւ դատական իշխանության ներկայացուցիչների վարձատրության հարցը եւս լուծել այդ հայեցակարգի շրջանակներում։
Երկրորդ՝ դատական համակարգում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու գործադիրի տրամադրվածության մասին հավաստիացումները, մեղմ ասած, տեղին չեն հնչում։ Խնդիրն այն է, որ այս նախագծերը բացարձակապես չեն վերաբերում համակարգի ողջ աշխատողների վարձատրությանը, այլ ընդամենը՝ «ղեկավար աշխատողների»։ Անհասկանալի է՝ եթե խնդիրը դիտարկվում եւ ներկայացվում է դատական իշխանության համակարգում բարեփոխումների եւ կոռեւպցիան կրճատելու համատեքստում, ապա ինչու՞ ավելի ցածր պաշտոններ զբաղեցնողների աշխատավարձերը եւս չեն բարձրանում. արդյոք նրանք ավելի քի՞չ կոռումպացված են, թե՞ սոցիալապես ավելի ապահովված։
Եվ, վերջապես, երրորդը՝ կառավարությունը շատ հստակ ցույց տվեց, որ, ինչպես նախկինում, խորհրդարանը շարունակելու է ընդունել բոլոր այն նախագծերը, որոնք հեղինակել է կառավարությունը։ Հակառակ դեպքում կառավարությունը չէր անտեսի իշխանության երեք թեւերի ղեկավար աշխատողների աշխատավարձերը վերանայելու եւ բարձրացնելու մասին օրինագիծը, որը, ըստ ՕԵԿ անդամ Հեղինե Բիշարյանի, շրջանառության մեջ է ԱԺ-ում։ Գործադիրն առնվազն պրտավոր էր կարծիք հայտնել այդ նախագծի վերաբերյալ եւ հիմնավորել, թե ինչու է այն, փաստորեն, անընդունելի իրենց համար։
Ընդամենը երկու ամիս առաջ ԱԺ նախագահի պաշտոնում Տիգրան Թորոսյանի հետագա պաշտոնավարումն աննպատակահարմար համարելու եւ այդ պաշտոնում Հովիկ Աբրահամյանին առաջարկելու մասին որոշումից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանրապետականի այդ որոշումը հետեւյալ կերպ բացատրեց. «Կարծում եմ, որ այդ որոշումն ինքն իր մասին արդեն խոսում է։ Երկու փորձառու քաղաքական գործիչներին գնահատելու դեպքում պետք է գալ եզրակացության, որ Հովիկ Աբրահամյանի պարագայում հնարավոր է Ազգային Ժողովի դերակատարության բարձրացում։ Ես համարում եմ, որ Հովիկ Աբրահամյանն իր կազմակերպչական ունակություններով կարող է այս խնդիրը լուծել...»։ Հովիկ Աբրահամյանը, սակայն, քննարկումների ժամանակ ոչ միայն որեւէ կարծիք չհայտնեց, այլեւ բացահայտ խանգարում էր ընդդիմադիր պատգամավորներին իրենց առարկությունները հայտնելիս։
Աբրահամյանի այս պահվածքը որոշակիորեն բացահայտեց նաեւ ԱԺ նախագահի պաշտոնը նրան վստահելու նպատակներից եւս մեկը. իրականացնել լոբբինգ կառավարության բոլոր նախագծերի օգտին։ Եվ դա ուրվագծեց նաեւ Տիգրան Թորոսյանի եւ Հովիկ Աբրահամյանի աշխատաոճերի հիմնական տարբերությունը։ Առաջինը ցանկացած իրավիճակում հենվում էր ԱԺ կանոնակարգ-օրենքի վրա՝ փորձելով դուրս չգալ դրա շրջանակներից։ Մինչդեռ Հովիկ Աբրահամյանն ավելի կոշտ մեթոդների կողմնակից է, ինչն արտահայտվում է պատգամավորների նկատմամբ անուղղակի ճնշումներ գործադրելու միջոցով։ Եվ դա շատ բնական է՝ հաշվի առնելով նրա անցած աշխատանքային ուղին։ Երկար ժամանակ տարբեր պաշտոններ զբաղեցնելով գործադիր իշխանությունում՝ ԱԺ ներկայիս նախագահը սովորել է վարչական լծակների գործադրմամբ խնդիրների լուծմանը, եւ նույն մեթոդը նա փորձում է կիրառել նաեւ խորհրդարանում։ Այդ մեթոդը լավագույն դեպքում կարող է կազուսային իրավիճակներ առաջացնել խորհրդարանում՝ մշտապես կասկածի տակ դնելով նրա գործողությունների համապատասխանությունը ԱԺ կանոնակարգին։ Իսկ վատագույն դեպքում այն կարող է հանգեցնել ԱԺ-ում նոր բեւեռացվածության մթնոլորտի ձեւավորմանը, ընդդիմադիր ուժերի եւ հակառակ կարծիքի մարգինալացման միտումներին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել