HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Գործարանատերը խոստանում է վտարել

Խաչատրյանների 8 եւ Վարդանյանների 15 հոգանոց ընտանիքներն ապրում են հարեւանությամբ` Շենգավիթ համայնքի Սեւանի 120 հասցեում: Նրանց անձնագրերում այս հասցեն է գրված: Բայց նույն տարածքը Սեւանի 116 հասեով սեփականաշնորհվել է «Երեւանի փորձարարական գործարանին»:

«Տանը հանգիստ նստած էինք, մեկ էլ դուռը ծեծեցին, թե՝ մենք դատական ակտերի հարկադիր կատարողներն ենք (ԴԱՀԿ), դուք վտարված եք, պետք է մեկ շաբաթվա ընթացքում բնակարանն ազատեք»,- հիշում է Սվետլանա Խաչատրյանը: 

2006 թ. մայիսի 4-ին Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանը, Նաիրա Հովսեփյանի նախագահությամբ, որոշում է Խաչատրյաններին եւ Վարդանյաններին վտարել Սեւանի փողոցի թիվ 116 շենքից: 

«Մենք ոչ մի բանից տեղյակ չէինք. դատն առանց մեզ են անցկացրել: Քանի որ հասցեների տարբերություն կա, դատարանը ծանուցագրերն ուղարկել է 116 հասցեով, բայց դրանք գործարանում են ստացել: Գնացինք դատավոր Հովսեփյանի մոտ, ասում է` ինչո՞ւ եք անհանգստանում, դուք 120-ում եք ապրում, տեղներդ հանգիստ մնացեք, ես 116-ից եմ վտարել»,- պատմում է Սվետլանա Խաչատրյանը:  

Վերջինս բնակարանը ժառանգել է հորից, որն էլ այն ստացել է 60 տարի առաջ` որպես «Երեւանի փորձարարական գործարանի» աշխատակից: Խաչատրյանների հարեւանը` Վաչագան Վարդանյանը, նույն գործարանում աշխատել է 1980 թվականից: Որպես բազմազավակ ընտանիք` գործարանն իր վարչական շենքի 1-ին հարկի շինության մի հատվածն էլ հատկացրել է Վարդանյաններին` իբրեւ բնակարանային ֆոնդի տուն: 

«Անկախությունից հետո, երբ ամեն ինչ մասնավորեցվում էր, դիմեցինք կադաստր, բայց մեզ պատասխանեցին, թե այդ կարգի բնակարանները սեփականաշնորհելու որոշում առայժմ չկա: Սակայն այդ նույն ընթացքում մեզնից գաղտնի գործարանը մեր բնակարանների հետ միասին սեփականաշնորհեցին»,- ասում է Վաչագան Վարդանյանը

1996 թ. Պետական ունեցվածքի հաշվառման եւ ապապետականացման վարչության ու «Երևանի փորձարարական գործարան» ԲԲԸ-ի միջև կնքվել է սեփականաշնորհման պայմանագիր: Սևանի 116 հասցեում գտնվող վարչական շենքի 1-ին հարկի շինությունը` Սեւանի 120 հասցեով գրանցված բնակարանները, ներառվել են ԲԲԸ-ի անվամբ տրված սեփականության իրավունքի վկայագրին կից հատակագծում: 

Գործարանի սեփականատերերն անընդհատ փոխվել են: 2004 թ. այն գնել է ԼՂՀ քաղաքացի Յուրի Ղազարյանը: Վերջինս Արցախում զբաղեցրել է բարձր պաշտոններ` պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, փոխվարչապետ, Ստեփանակերտի քաղաքապետ եւ այլն: Այժմ Յուրի Ղազարյանը Հայաստանում ԼՂՀ կառավարության ներկայացուցիչն է: Հենց նա էլ դիմել է դատարան` հիշյալ ընտանիքներին վտարելու պահանջով: 

«2004 թ. Ղազարյանը մոտեցավ մեզ, թե՝ 10 հազար դոլար եմ տալիս, դուրս եկեք: Չհամաձայնեցինք, որովհետեւ այդ ժամանակ մեր տան նման բնակարանն արժեր 25-30 հազար: Երեխաներիս ասել էր` գնացեք մոտիկ գյուղերում այդ գումարով տուն առեք, ապրեք: Բայց ինչո՞ւ, մենք ծնվել եւ մեծացել ենք այդ հասցեում, որ ինքը գա վերցնի՞»,- հարցնում է Ս. Խաչատրյանը: 

«Սկզբից Յուրան ինձ ավելի քիչ` 5000 դոլար առաջարկեց: Ասացի` ես դեմ չեմ դուրս գալուն, եթե կարող ես դրանով ինչ-որ բնակարան գնել, կգնամ, քեզ չեմ խանգարի: Արդեն այս տարվա սկզբին նա երկու հարեւաններիս կանչեց ու ամեն մեկիս առաջարկեց 20 հազար դոլար: Բայց հիմա էլ տան գինը դրանից մի քանի անգամ ավելի է: Ասում էր` չեք ուզում, դատարանով կհանեմ: Մենք էլ պատասխանեցինք, որ եթե օրենքի ուժն այդքան մեռած է, ուրեմն հանիր»,- շարունակում է Վ. Վարդանյանը:  

«Ես իրենց ոչ մի փոխհատուցում էլ չեմ առաջարկել: Էդ իրենք են այստեղ-այնտեղ նման բաներ խոսում: Ես ասել եմ՝ եթե դատարանը կորոշի փոխհատուցել, ուրեմն պարտավոր եմ դա անել,- նշում է Յուրի Ղազարյանը:- Երբ ես գործարանը գնեցի, պայմանագրում գրված էր, որ երրորդ անձ չկա: Ես իրենց հարցնում եմ` ինչո՞ւ չեք դուք գնել, ասում են, որ գումար չունեին: Բա եթե փող չունեն, էդ ո՞վ պետք է գնի, որ իրենք ապրեն»: 

Յ. Ղազարյանի խոսքերով` դատարանն անհարկի գործը ձգձգում է. «Դատավորներն ինչ ուզում, անում են: Իրենց ամեն ինչն անօրեն է, դատարանն էլ բան չի անում: Հիմա մեկ շաբաթ էլ եմ սպասելու, եթե նորից բան չարեցին, գրելու եմ նախագահի վերահսկողական ծառայություն: Բողոքելու եմ դատարանի դեմ, որովհետեւ 10 ամիս է` նիստ չի նշանակվում»: 

Հաշվի առնելով նույն տարածքում գտնվող տարբեր հասցեների առկայությունը` Վերաքննիչ դատարանը գործն ընդունել է վարույթ, իսկ առաջին ատյանի դատավոր Նաիրա Հովսեփյանը ԴԱՀԿ-ից հետ է պահանջել կատարողական ակտը: Սակայն վերաքննիչում գործի քննությունը կասեցվել է, քանի որ երկու ընտանիքները նոր հիմքով դիմել են առաջին ատյանի դատարան: 

«Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հողային և բնակարանային ֆոնդերի օբյեկտների սեփականաշնորհման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ օրենսդրության այլ ակտերով, մասնավորապես «ՀՀ պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» օրենքով: Այսինքն` պետական բնակարանային ֆոնդի մեջ մտնող այդ բնակարանները 1996 թ. անհիմն կերպով են սեփականության իրավունքով օտարվել «Երեւանի փորձարարական գործարանին»,- պարզաբանում է փաստաբան Կարեն Մեժլումյանը: Նա դատարանից խնդրել է անվավեր ճանաչել բնակարանների նկատմամբ կատարված պետական գրանցումները եւ ճանաչել բնակիչների սեփականության իրավունքը: 

«Այդ տարածքը բնակարանային ֆոնդ չէ, դա գործարանի ադմինիստրատիվ մասնաճյուղն է: Իրենք գրանցված են Սեւանի 120 հասցեում, որը հանրակացարան է: Հիմա երկու տարի է` նրանք ձգձգում են, տարբեր տեղեր են դիմում: Մեկ ա` անելու եմ,- վստահեցնում է Յուրի Ղազարյանը,- մայրս ասել է` թող իրենք օրենքով դուրս գան: Ես դրա համար եմ լռում, ուղղակի մորս խոսքը չեմ անցնում: Թե չէ՝ իրենք անօրեն են ապրում, եւ եթե ուզեի, նույն օրն իրենց կգցեի փողոց: Ուղղակի փոքր երեխաներ ունեն, ձեռք չտվի: Բայց հիմա, եթե ընկել են այս ու այն կողմ, 100 տոկոսով հանելու եմ»:  

Վերջինս հատուկ ընդգծում է, որ շենքը վթարային վիճակում է, ու եթե դժբախտ պատահար լինի, ինքն է պատասխան տալու. «Ես նախագիծ ունեմ. իրենց շենքը քանդելու եմ, բազմաֆունկցիոնալ շենք եմ կառուցելու. առաջին հարկում խանութներ են լինելու, երկրորդում` հանրակացարան, մեր ձեռնարկության համար ցուցասրահներ, մեքենաների կայանատեղ»:  

Այժմ հիշյալ տարածքում աշխատում է «Ջի սթայլ» ՓԲԸ-ն, որը զբաղվում է կահույքի, դուռ-լուսամուտ-պատուհանների արտադրությամբ: Յ. Ղազարյանը նշում է, որ ինքը «Ջի սթայլի» հետ կապ չունի, ուղղակի տարածքը վարձավճարով տվել է վերջինիս: Բայց իրականում ՓԲԸ-ի տնօրենը նրա որդին է` Մարատ Ղազարյանը: Մեր տեղեկություններով՝ այս ընկերության արտադրանքի առյուծի բաժինը պատվիրում է պաշտպանության նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter