HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Խոզանոցի մեջ քաղաքի կենտրոնում ապրում ենք` տուրի՞զմ ենք զարգացնում»

Սայաթ-Նովա 10 շենքի բնակչուհին իր երկու երեխաների հետ մոտ 10 րոպե որոշում էր, թե ինչպես կարող է շրջանցել մուտքում առաջացած կոյուղաջրի լճակը և մտնել վերելակ: Սկզբից որոշեց ամուսնուն զանգահարել, որպեսզի գոնե մանկասայլակը կարողանա մեքենայի մեջ թողնել, իսկ ինքը երկու երեխաների հետ բարձրանա տուն: Ի վերջո, նրան հարևաններից մեկն օգնեց, մանկասայլակը առաջացած լճակից անցկացրեց, իսկ մայրը գրկեց իր փոքր երեխային և մյուսի հետ անցկացրեց մինչև վերելակ: Այսօր առավոտյան Սայաթ-Նովա 10 հասցեի առաջին մուտքի բնակիչները «Հետքին» ահազանգեցին, որ իրենց մուտքի կոյուղու խողովակից արտահոսք կա, և կոյուղաջրերը լցվում են անմիջապես շենքի մուտք, ինչի հետևանքով անհնար է ներս մտնել: Բնակիչները տեղեկացրին, որ այս իրավիճակն արդեն երրորդ օրն է` շարունակվում է, և ոչ ոք չի գալիս վերանորոգելու: «3 օր է` փորձում եմ զանգել, քաղաքապետարանի հետադարձ կապին մեյլ եմ գրում, չի տանում նամակը, զանգում եմ նշված համարով` ոչ ոք չի վերցնում, ԱԻՆ-ում մեկը վերցնում են` ասում են դա արտակարգի իրավիճակ չէ և իրենք դրանով չեն զբաղվում, զանգում եմ ջրմուղկոյուղի` ասում են` մերը չէ, համատիրություն ասում ենք` չեն գալիս, զանգում եմ կառավարության վերահսկողական ծառայություն, ասում են պետը ՀՀ-ում չէ»,- պատմում է բնակիչներից մեկը: Արդեն երեք օր է` մուտքի բնակիչները շնչառական օրգանները փակելով են  մտնում ներս: Ավելին, ըստ մուտքի բնակիչների, ամիսը մոտ 3 անգամ կոյուղին փչանում է: Վերեկալի վրա կոյուղաջուր է կաթում, ինչը, ըստ բնակիչների, վտանգավոր է վերելակից օգտվողների կյանքի համար: Կենտրոն համատիրության աշխատակիցները մեր այցելության ժամանակ արդեն մաքրել էին կոյուղին: Պարզվեց` բնակիչների անբարեխիղճ վերաբերմունքն է եղել կոյուղու արտահոսքի պատճառ. համատիրության աշխատակիցները կոյուղուց շորերի կտորներ են հանել, ինչը կոյուղու խցանման պատճառ է դարձել: «Կոյուղին նորմալ է, պետք է խնամքով օգտագործեն, ինչ ասես չեն քցում»,- ասում է համատիրության աշխատակից Սամվելը: «Ես ողջ կյանքս այստեղ եմ ապրել, սենց բան չի եղել, վերջին տարին է, որ անընդհատ խցանվում է: Գալիս են սարքում են, հիմնովին չեն սարքում, կիսատ-պռատ են սարքում ու նորից փչանում է»,- հակառակում է բնակիչը: «4 դյույմանոց տրուբա է, 4-ից փոխվում է 6, մեծ տրուբա է, բայց ինչ աղբ ասես չեն գցում, 100 տարի աշխատել է, 100 էլ կաշխատի»,- նշում է Սամվելը: Թե ինչու են երրորդ օրը եկել կոյուղին նորոգելու, ըստ աշխատակցի, պատճառը ոչ աշխատանքային կիրակին է եղել. «Շաբաթ օրը եկել բացել ենք, նորից են գցել: Շատ փնթի շենք է: Ինչ ասես չեն գցում, ես էլ եմ զզվում, վրես դուրս է տալիս»»,- ասում է մյուս աշխատակիցը: Շենքի բարձիթողի վիճակից նույնպես դժգոհ են բնակիչները:  «Պարզվում է, որ հարկերի մաքրության համար համատիրությունները պատասխանատու չէն, իսկ ով է մաքրելու այդ հարկերը, այս վերելակի մոտ աղբ է լցված,- հարցում է բնակիչը,- ոչ մեկի ֆունկցիայի մեջ չէ, բա ո՞վ պետք է մաքրի»: Աղբի համար նախատեսված հատվածն առանձնացված չի եղել, և մուտքում մշտապես աղբահոտ է եղել: Առանձնացման պատը բնակիչների բազմաթիվ բողոքների արդյունքում, մի կերպ շարել են, սակայն` ոչ որակյալ: «Կառավարման էլեմենտար խնդիր է, 6000 տարվա քաղաքակրթություն ունենք, խոզանոցի մեջ քաղաքի կենտրոնում ապրում ենք, տուրիզ ենք զարգացնո՞ւմ: Դիմացն էլ սիմվոլիկ` «Լևոն- Թրավել» տուրիստական կազմակերպությունն է»,- զայրացած ասում է բնակիչը: Բնակիչները սա լուրջ խնդիր են համարում և նշում, որ դրանով ղեկավարները պետք է լուրջ զբաղվեն, քանի որ ոչ մի օտարերկրացի, մտնելով այս և նմանատիպ այլ մուտքեր, հայերի մասին լավ կարծիք կազմել չի կարող:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter