«Արմավիան» ինքնաթիռ չունի՞
Այսօր 100-ավոր ուղևորներ «Զվարթնոց» օդանավակայանում դարձել են «Արմավիա» ընկերության «պատանդը»: Առավոտյան Երևան-Կրասնոդար, Երևան-Սոչի չվերթներն անորոշ ժամանակով հետաձգվել էին: Ուղևորներին առանց որևէ պատճառաբանության հաշվառումն անցնելուց հետո ետ են բերել, և առավոտվանից նրանք օդանավակայանում սպասել են, չնայած նրանց տեղեկացրել են, որ ոչ ՌԴ –ի հրդեհները, և ոչ էլ եղանակային պայմանները չեն խոչընդոտում թռիչքին:
Մեր հարցմանը, թե ինչու այդ դեպքում ինքնաթիռն օդ չի բարձրացել, տեղեկատուից պատասխանեցին, որ պատճառը ինքնաթիռ չլինելն է: Իսկ թե երբ ինքնաթիռ կլինի` չգիտեն: Երևան-Կրասնոդար թռիչքի ուղևորներին ասել են, որ եթե մինչև կեսգիշեր թռիչքը չկայանա, «ուրեմն թռիչք չի լինի»: Ուղևորները բողոքել են, որ իրենց տեղավորեն ինչ-որ տեղում, սակայն օդանավակայանում «Արմավիայի» ներկայացուցիչը նրանց ասել է, որ իրենք ուղևորներին տեղավորել չեն կարող, և ինչպես և որտեղ կարող են ուղևորներն իրենք տեղավորվեն:
Մինչև վաղը` ժամը 02:00 հետաձգվել է նաև «Արմավիայի» Երևան-Հալեպ չվերթը, որը նախատեսված էր 18:00-ին, ինչպես նաև Երևան-Խարկով չվերթը, որը նախատեսված է 22:45-ին, մեկնելու է` վաղը, 03:40-ին:
Հետաքրքիր է, թե ինչու է «Արմավիան» տոմսեր վաճառում հարյուրավոր ուղևորների, եթե ինքնաթիռ չունի: Մանրամասներ ճշտել դեռևս չի հաջողվում, պարզաբանումներ կփորձենք ստանալ վաղը` աշխատանքային օրվա սկզբում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել