
Երեկ առավոտյան երևանյան խանութներում կրկին արձանագրվեց հացի գնի աճ: Աճը բավականին զգալի է` մի քանի օր առաջ 120 դրամով վաճառվող «բուխանկա» տեսակի հացը երեկ դարձել էր 140 դրամ, 110 դրամանոց «մատնաքաշը»` 130 դրամ:
Մասնավորապես, բարձրացել են «Երիցյան և որդիներ» ընկերության մատակարարած հացի գները: Նշենք, որ այս ընկերությունն ավելի քիչ էր բարձրացրել հացի գինը, քան մյուս մատակարարները: Հանգստյան օրերին Հայաստանի մարզերից ստացվեցին տեղեկություններ, որ մարզկենտրոններում, մասնավորապես Արմավիր և Արարատ քաղաքների վաճառակետերում մեկ պարկ բարձր տեսակի ալյուրի գինն անցել է 14 հազար դրամից (մեկ ամիս առաջ 7 հազար 400 դրամ էր):
Հացահատիկի խոշորագույն ներկրողներից «Մանանա Գրեյն» ընկերության փոխտնօրեն Արմեն Մանուկյանը մեր թղթակցի հետ զրույցում գնի նման կտրուկ աճը բացատրել է արհեստականորեն ստեղծված խուճապով: Նա վստահեցրել է, որ այսօր Հայաստանում ցորենի և ալյուրի բավարար քանակություն կա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել