HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Մաթևոսյան

Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը փետրվարի քսանիննին ասեր...

Հերակլիտը կարծում էր, որ հնարավոր չէ մտնել նույն ջուրը երկու անգամ: Ինչպես հույն մտածողը, այնպես էլ յուրաքանչյուրս համոզված ենք, որ ցանկացած գործողություն նույն ակնթարթին վերածվում է արդեն կատարվածի, ուստի եւ այն, ինչ պետք է կատարվի, ապա կկատարվի նոր` արդեն այլ ժամանակի մեջ:

Ժամանակի տրոհվածությունն անհերքելի փաստ է` վեր այն վերահսկելու մեր ուժի սահմաններից: Եթե մենք ունենք շանսեր ինչ-որ բանի վրա ազդելու ներկայում կամ ինչ-որ կերպ նախապատրաստվել գալիքին, ապա անհուսալիորեն անուղղելի է մեզ համար անցյալը: Դրա համար է մարդը հակված անցյալում կատարվածը անպատասխանատու կամայականությամբ յուրովի խմբագրելուն ու վերապատմելուն: Սովորաբար, կատարվածը մարդը ներկայացնում է այնպես, ինչպիսին կուզենար, որ այն լիներ: Նպատակս մտածողի ասածը լուսաբանելը չէ, պարզապես այս նախաբանով ընթերցողին ուզում եմ բերել նրան, որ վերախմբագրելով անցյալը՝ մենք ոչ միայն չենք կարող մտնել ժամանակի նույն ջուրը, այլ խիստ սուբյեկտիվ մեր մեկնաբանություններով ապացուցում ենք, որ այդ ջուրը մտնել չենք էլ ուզում: 

Մանրանալով ասեմ, որ երբ լիներ նույն ջուրը մտնելու ցանկություն, ապա սեւեռուն ու ճշմարտացի ետհայացքը կտար հնարավորություն գոնե մտովի մտնել անցյալի մեջ: Ես համոզված եմ, որ ժամանակի ամբողջականությունը վերականգնելու միակ միջոցը լարված մտասեւեռումն է: Կարծես ստացվեց ձեւակերպել ասելիքս: Փիլիսոփայական այս նոտայի վրա ավարտում եմ հոդվածիս նախաբանը եւ անցնում վաղ անցյալի մի դրվագի վերհուշին: Ուզում եմ ընթերցողի հետ միասին ետ վերադառնալ 2008 թվականի փետրվարի 29-ի փակուղային օրվան: 

Ենթադրենք, որ Շարժման առաջնորդը հենց այդ օրը ասում եւ անում էր այն, ինչ նա արեց 2008 թ. հոկտեմբերի 17-ին: Ինչպե՞ս կդասավորվեին դեպքերը, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը փետրվարի 29-ին Ազատության հրապարակի հարթակից ասեր. «Հայրենակիցներ, իշխանությունները պատրաստվում են առավոտյան ժամը վեցին ցրել հանրահավաքը: Դիմադրության դեպքում կիրառվելու է հրազեն, ու մենք ունենալու ենք մարդկային զոհեր: Ես համոզվեցի, որ ոչ բռնի պայքարի միջոցները մեր երկրում չեն գործում: Մենք բռնել ենք ոչ բռնի պայքարի ուղին: Մենք բռնության դեմ դիմակայելու ուժ չունենք այս պահին: Այդպիսին չի եղել մեր պայքարի ռազմավարությունը: Զոհերից եւ արյունահեղությունից խուսափելու համար առաջարկում եմ այս պահից դադարեցնել հանրահավաքը, հրաժարվել ընտրված պայքարի ձեւից, կանգ առնել մի պահ եւ անշտապ նախապատրաստվել ուժային միջոցների դիմակայմանը: Մեր պայքարն այս պահից փոխում է իր մոտեցումները: Այստեղ՝ վրանային այս քաղաքի բրեզենտե տանիքի տակ, ծնվեց մարդու մի նոր տեսակ: Այդ մարդը թանկ է մեզ համար: Մենք դադարեցնում ենք պայքարը միայն մի մտադրությամբ, որպեսզի չընկճենք, չզոհաբերենք այդ մարդուն, այլ տանք նրան կազմակերպվելու ժամանակ: Վաղը՝ մարտի 1-ին, առաջին գարնանային օրը, ազատության շունչն առած հայը մտնում է նոր ժամանակի մեջ: Հեղափոխության ժամանակացույցը այս պահից միացված է»:

Ես կարծում եմ, որ դրանից հետո դեպքերը կզարգանային հետեւյալ կերպ.
տվյալ պահի նախագահը, նորընտիր նախագահը եւ ընտրությունների անխտիր բոլոր կեղծարարները, չունենալով լեգիտիմության ոչ մի պաշար, չունենալով հակազդեցության շարժիչ ուժը, ինչի դերը մեխանիկորեն ստանձնել էր համաժողովրդական շարժումը, արագ կդառնային ատելի ժողովրդի համար: Շատ ավելի ցայտուն կդրսեւորվեին իշխող էլիտայի հակասությունները: Վերին էշելոնները աթոռակռվի արդյունքում շատ ավելի կհեռանային ժողովրդից: 
Հակառակորդ շարժիչ ուժի բացակայության պայմաններում չէր կայանա իշխանական ուժերի այն համախմբումը, որի ականատեսը եղանք մենք մարտիմեկյան բախումից հետո: 

Կոալիցիան կունենար որակական այլ կազմ: Հնարավոր է, որ հանրապետականը միանձնյա վերցներ իշխանության ղեկն ու ձախողվեր կարճ ժամանակում: Ավելի հստակ կտարանջատվեին քաղաքական սպեկտրի դերակատարները: Ենթադրում եմ, որ եթե մինչ հիմա արդեն տեղի ունեցած չլիներ իշխող ռեժիմից ազատագրող սոցիալական ընդվզումը, ապա այս պահին կունենայինք մի վիճակ, որում «վերեւինները չեն կարողանում, իսկ ներքեւինները չեն ուզում»: Իհարկե, կատարվածը որպես իրողություն առաջինը բացահայտեց այն, որ ոչ բռնի պայքարի միջոցներով մեր երկրում այլեւս հնարավոր չէ սահմանադրական կարգ հաստատել, եւ երկրորդը` պարզ դարձավ վերջնականապես, որ ցույցերի միջոցով պայքարի ստրատեգիան անպտուղ է: 

Թերեւս, մենք անցանք ձախողված հեղափոխության միջով, ինչն իր առաջընթացի հետ միասին կունենա բացասական հետեւանք այն առումով, որ չհաջողված հեղափոխությունից հետո նոր պայքարի պատրաստվելը շարժիչ ուժերից պահանջում է ժամանակ, որն իր ձգվածքում երբեմն չի տեղավորվում մեկ սերնդի կյանքի տեւողության մեջ: 

Հերակլիտն ասում էր, որ հնարավոր չէ մտնել նույն ջուրը երկու անգամ: Օգտվելով տեւականությունն իր ամբողջականության մեջ ըմբռնելու դասականի փորձից՝ ուզում եմ ավարտուն մի եզրակացություն եւս անել. ապրելով անհասկանալիորեն ձգձգվող հեղափոխականության մեր այս օրերում, հետզհետե համոզվում եմ, որ նույն ջուրը մտնել հնարավոր չէ նույնիսկ մեկ անգամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter