Տունը տվել են, բա լո՞ւյսը
Վանաձոր համայնքի, «Առդա» բարեգործական հիմնադրամի և «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության համաֆինանսավորմամբ (համապատասխանաբար` 35% և 50% ներդրում և 15% անտոկոս փոխատվություն) Վանաձորի Տարոն 3 թաղամասում կառուցվել են 33 առանձնատներ և հանձնվել ոչ աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին:
Նորակառույց առանձնատների սեփականատերերն ընդհանրապես դժգոհելու առիթ չէին ունենա իրենց բնակարաններից, եթե շահագործման հանձնելիս դրանք ապահովված լինեին նաև գազով ու էլեկտրաէներգիայով: Սակայն տների գազիֆիկացումն ու էլեկտրաֆիկացումը թողնվել է անվճարունակ բնակիչներին:
«Մալինա ենք բերում ծախում, ապրում: Մալինա բերելով ո՞վ կարա ապրի, էդ ծախսերն էլ անի»,-բողոքում է բնակիչներից Լյովա Վանեսյանը:
Բնակիչները համոզված են, որ կոմունալ բարեկարգման խնդիրներն էլ պետք է կառուցապատողը լուծի: Ու վերջինիս այդ պարտավորությունն ապացուցում են մինչ տների շահագործումը «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» Վանաձորի գրասենյակի ղեկավար Ջիվան Ազարյանի կողմից բնակիչներից մեկին` Արևհատ Ներկարարյանին տրված տեղեկանքով: Համաձայն նշված փաստաթղթի` շինարարական աշխատանքներն ավարտված են, և բնակիչները կտեղափոխվեն նոր կացարան գազիֆիկացման և էլեկտրաէներգիայի աշխատանքերն ավարտելուց հետո:
Տեղափոխվելուց հետո, սակայն, ծրագրի առաջին փուլի շահառուները` թվով 16 ընտանիք, ստիպված էին իրենք լուծելու իրենց գազի խնդիրը: Տներից 50 սմ հեռավորությամբ գազի ընդհանուր խողովակից խողովակաշար ամրակցելու համար յուրաքանչյուր ընտանիքից պահանջվել է 90 հազար դրամ: Այդ նպատակով բնակիչները վարկով գումար են վերցրել կամ վաճառել իրենց տնակները, որոնցում ապրել են ավելի քան 20 տարի:
Իսկ էլեկտրաէներգիայի հարցը չեն կարողացել լուծել: Մի քանի ամիս առանց էլեկտրական հոսանքի մնալով` այնուհետև որպես ենթասպառողներ սկսել են իրենց հաշվիչներով էներգիա ստանալ «Ֆուլեր» կենտրոնից:
Համարյա մեկ տարի էլեկտրաէներգիա մատակարարելով` «Ֆուլերն» այժմ նախազգուշացրել է բնակիչներին, որ լուծեն իրենց էլեկտրականության խնդիրը, քանի որ այլևս չի պատրաստվում ընդառաջել նրանց և ոչ էլ առավել ևս ծրագրի երկրորդ բաղադրիչով Առդա թաղամասում բնակություն հաստատած 17 նոր ընտանիքներին, որոնք դարձյալ գազի և էլեկտրաէներգիայի չլուծված խնդիրներ ունեն և այս պահին մոմի լույսով են լուսավորում բնակարանները:
Առդայի առանձնատների էլեկտրաֆիկացումը ոչ կառուցապատողին է հետաքրքիր, ոչ համայնքապետարանին, ոչ էլ Էլցանցին, այն թողնված է բնակիչների վրա:
Կառուցապատողն արդեն իսկ շատ մեծ նվիրատվություն է համարում առանձնատների կառուցումը: Համայնքն էլ բավարարվում է իր 35% ներդրումով:
Վանաձորի քաղաքապետարանի համատիրությունների և բնակարանային տնտեսության բաժնի պետ Գ. Պառավյանը պնդում է, որ հոսանքի միացման խնդիրը պարտավոր են բնակիչները հոգալ, համայնքն այս հարցում պարտավորություն չունի:
«Եթե տուն է կառուցվել, տունը հոսանքով միացնելու համար մեր երկրի օրենքով, հանրային ծառայության կողմից հաստատված կարգով վճարում կատարում է բաժանորդն ինքը, ոչ թե կառուցապատողը»,-ասում է: Շեշտում է, որ բացի ֆինանսական ներդրումից համայնքը ջրագիծ-կոյուղագծի անցկացման և ճանապարհի կառուցման աշխատանքներն է իրականացրել:
Գ. Պառավյանը նաև հայտնեց, որ նկատի ունենալով այդ ընտանիքների ծայրահեղ սոցիալական վիճակը` Վանաձորի քաղաքապետը դիմել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրինությանը ու նաև ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռ. Նազարյանին` խնդրելով վերջինիս միջնորդությունը նշված առանձնատների բնակիչներին` որպես անվճար էլեկտրասպառողներ հաշվառելու և նրանց բնակարաններում անվճար էլեկտրական հոսանք անցկացնելու համար:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի Դեբեդ մասնաճյուղից տեղեկացանք, որ վերադասի կողմից որևէ գրություն չի ստացվել: Էլցանցի բաժանորդ դառնալու համար բնակիչները պետք է 53 հազար դրամ վճարեն: Նրանց բացատրվել է, որ կա նոր սնուցման օրենք և սահմանվել են նոր սակագներ: Նոր սնուցման կամ սնուցման տեղի փոփոխության դեպքում բնակիչը պետք է նոր պայմանագիր կնքի մատակարարի հետ: Եվ վկայակոչում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թ. N 658-Ն և N 659-Ն որոշումները` նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացնելու և միացման վճարները հաստատելու մասին:
Էլցանցը բնակիչների շահերից է խոսում. «Ինչու պիտի բնակիչը մութ տեղը նստի»,-ասում է «Հայաստանի էլցանցեր» ՓԲԸ-ի Դեբեդ մասնաճյուղի ԱՏԲ-ի պետ Արամ Ասլանյանը:
Ըստ Էլցանցի տնօրինության` խնդիրը պետք է լուծի կառուցապատողը կամ բնակիչը: Նրա համար կարևոր չէ` ով է կատարում վճարումը, բայց ինքն, ամեն դեպքում, չի պատրաստվում նվիրատվություն անել:
«Էլեկտրացանցն ասում ա` մենք բարեգործ չենք, մենք նվիրատվություն չենք անում, մեր լույսի գինը էս ա, իմ փողը մուծեք, ես էլ էներգիա տամ»,-ասում է բնակիչներից տիկին Լաուրան:
Վերոնշյալ` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ընդունված 2007 թ. դեկտեմբերի 12-ի N 658-Ն որոշման 2-րդ գլխի 13 կետով սահմանվում է` նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման ծախսերը (ներառյալ նախագծանախահաշվային, շինհավաքակցման, կարգաբերման-թողարկման աշխատանքները), այդ թվում` այլ անձանց էլեկտրատեղակայանքներում բջիջների տեղակայման աշխատանքների ֆինանսավորումը կատարում է մատակարարը:
Ապա նույն որոշմանը կից N2 հավելվածում բերվող նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման պայմանագրի ձևանմուշում սահմանվում են պայմանագիրը կնքող կողմերի իրավունքներն ու պարտավորությունները` մատակարարն իրականացնում է պատվիրատուի սպառման համակարգի միացումը էլեկտրական ցանցին, իսկ պատվիրատուն պարտավորվում է ամբողջությամբ վճարել իր սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելու համար:
Բայցև նույն հավելվածում պայմանագիրը կնքող կողմեր են սահմանվում մի կողմից` մատակարարը, մյուս կողմից` պատվիրատուն` նոր սպառողը, սպառման համակարգը վերակառուցող սպառողը կամ կառուցապատողը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել