HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջան. անպաշտպան կանայք` թրաֆիքինգի թիրախ

Վերադառնալով` թրաֆիքինգի նախկին զոհերը հաճախ արհամարհանքով մերժվում են իրենց հարազատների կողմից եւ կանգնում մարմնավաճառության ճանապարհին: Այնուր Մամեդովան մարմնավաճառությամբ է զբաղվում Բաքվի բարերում, սակայն երբ նա 16 տարեկան էր, կարծում էր, որ իրեն հնարավություն էր ընձեռվել խուսափել Ադրբեջանի հարավում անցկացրած աղքատ մանկությունից: Այնուրը Ջավադ անունով մի իրանցու էր հանդիպել, ով նրա ձեռքն էր խնդրել, եւ քանի որ ծնողներն Այնուրից բացի հազիվ էին կարողանում նրա երեք քույրերին եւ երկու եղբայրներին պահել, ուրախությամբ տվեցին իրենց համաձայնությունը: Զույգն ամուսնացավ մահմեդական ծիսական արարողությամբ, եւ չնայած քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում նրանց ամուսնությունն այդպես էլ չգրանցվեց, սա բավական էր նրա ընտանիքի համար: «Մեր ամուսնությունը նշեցինք Լենքորանում`այնտեղ մեկ շաբաթ անցկացնելով: Հետո Ջավադն ասաց, որ ինձ պատրաստվում էր տանել Միացյալ Արաբական Էմիրություններ`մեղրամիսն անցկացնելու: Ես ծնողներիս հրաժեշտ տվեցի, եւ մենք ճանապարհ ընկանք: Երբ մենք հասանք Դուբայ, նա ինձ մի տարօրինակ տեղ տարավ, որը, ինչպես պարզվեց, ավազակների որջ էր: Ամուսնուս այլեւս երբեք չտեսա»: Ընդամենը մի քանի ժամ հետո աղջիկը հասկացել էր, որ իրեն ստիպելու են մարմնավաճառությամբ զբաղվել: Ջավադը վերցրել էր նրա փաստաթղթերը, այդ պատճառով էլ անառականոցն իսկական ծուղակ էր դարձել նրա համար: Անհնազանդության դեպքում Այնուրին զրկում էին ուտելիքից եւ ջրից, իսկ օգնության ակնկալիքով հաճախորդներին դիմելու փորձերն ապարդյուն էին: Աղջիկն ազատության մեջ հայտնվեց միայն 18 ամիս անց, երբ ոստիկանությունը ստուգայց կատարեց անառականոց: Թրաֆիքինգի զոհ դարձած ադրբեջանցի կանանց հետ աշխատող ակտիվիստներն ասում են, որ նման դեպքերը ամենեւին էլ հազվադեպ չեն, սակայն դժվարանում են տվյալներ տրամադրել դրանց վերաբերյալ, քանի որ թրաֆիքինգի զոհերից շատերն այդպես էլ տուն չեն վերադառնում: Զոհերից շատերն արձագանքում են թերթերում տեղ գտած արտասահմանում մեծ հմտություններ չպահանջող`դայակի, տուն մաքրողների կամ մատուցողուհիների աշխատանքի վերաբերյալ հայտարարություններին, սակայն աշխատանքի վայր հասնելուց հետո, նրանց ստիպում են մարմնավաճառությամբ զբաղվել: Ներքին գործերի նախարարության մարդկանց թրաֆիքինգի հարցերով բաժանմունքի ղեկավար Ջավադ Շիխալիեւի խոսքերով`թրաֆիքինգի զոհ դարձած ադրբեջանցի կանանց մեծամասնությունը հայտնվում է Միացյալ Արաբական Էմիրություններում, Թուրքիայում, Իրանում եւ Պակիստանում: «Հիմնականում նրանց այլ կանայք են հավաքագրում: Մեր տվյալների համաձայն`մարդկանց թրաֆիքինգում ներգրավվածների 95 տոկոսը կանայք են», - նշում է նա: Շիխալիեւի խոսքերով`անցյալ տարի մարդկանց թրաֆիքինգի գործով 70 դատապարտման դեպք է տեղի ունեցել: Բացի այդ, թրաֆիքինգի 90 զոհի ինքնությունը պարզվել է եւ նրանցից 48-ին տեղավորել են ապաստաններում, որտեղ նրանց բժշկական օգնություն եւ իրավական խորհրդատվություն է տրամադրվել: «Սրանք տիպիկ թերուս, սահմանափակ մտահորիզոնով կանայք են: Հանցագործներն օգտվում են դրանից եւ նրանց ողջ աշխարհը խոստանում», - ասում է նա: Քրեական հետապնդում իրականացնող մարմիններում, սակայն, պնդում են, որ մարդկանց թրաֆիքինգով զբաղվողների հետ հեշտ չէ գործ ունենալը: Իրավաբան Ռամիլ Հասանովը նշում է, որ բավական դժվար է ապացուցել, որ կնոջը ստիպել են մարմնավաճառությամբ զբաղվել մեկ երկրում, էլ չխոսենք այն մասին, երբ նրանք մեկ կամ ավելի երկրների սահման են անցել`տարբեր իրավադատությունների շրջանակներում հայտնվելով: «Այս կանանց պաշտպանության հետ կապված բարդությունները սրվում են նաեւ այն հանգամանքով, որ հաճախ նրանց արտասահման ապօրինի միջոցներով են տեղափոխել: Բացի այդ, համարյա միշտ հանցագործները խլում են կանանց փաստաթղթերը սահմանն անցնելուց անմիջապես հետո», - նշում է նա: Ադրբեջանի Կանանց ճգնաժամային կենտրոնի տնօրեն Մաթանեթ Ազիզովան ասում է, որ տուն վերադառնալով`թրաֆիքինգի նախկին զոհերը, որպես կանոն, մերժվում են իրենց ընտանիքների կողմից: «Մի կնոջ, ով սեռական ստրկության զոհ էր դարձել եւ հրաշքով էր կարողացել տուն վերադառնալ, սեփական ամուսինն էր դանակահարել: Կա եւս մեկ տխուր պատմություն`մի կնոջ սեփական ընտանիքի անդամներն էին վնասվածքներ հասցրել: Այն, որ սխալ ճանապարհ ընտրած կանանց մերժում են օգնել սեփական հարազատները, մեծ խնդիր է», - համոզված է նա: Երբեմն հասարակության կողմից մերժված թրաֆիքինգի զոհերը, գոյատեւման այլ միջոցներից զուրկ լինելով, ստիպված են լինում աշխատանք փնտրել մարմնավաճառության տեղական բիզնեսում: Ազիզովայի խոսքերով`քաղաքի բարերում բազմաթիվ մարմնավաճառներ կան, ովքեր 50 կամ ավելի դոլար են վաստակում`գերազանցելով կանչով աղջիկներին եւ հասարակաց տան մարմնավաճառներին: Ահա թե ինչ պատահեց Մամեդովային, երբ Դուբայի իշխանությունները նրան արտաքսեցին ոստիկանության`անառականոց կատարած ստուգայցից հետո: Վերադարձը հայրենիք լի էր դժվարություններով: Աղջկան անընդհատ կանչում էին ոստիկանությունից, որտեղ նրան նվաստացուցիչ հարցեր էին տալիս, իսկ ընտանիքն էլ հրաժարվեց նրան հետ վերցնել: «Կարծում եմ`հայրս կնախընտրեր, որպեսզի ես մեռած լինեի: Երբ նա լսեց, թե ինչեր եմ ստիպված եղել անել, նա հարվածեց ինձ եւ տանից դուրս շպրտեց: Մայրս ինձ 200 դոլար տվեց. դա էր նրա հավաքած ողջ փողը: Այդ փողով հնարավոր չէ ապրել Բաքվում, այդ պատճառով էլ պետք է աշխատանք գտնեի», - պատմում է աղջիկը: Երեք օր շարունակ Մամեդովան շրջում էր Բաքվի բարերում`հաճախորդներ գտնելու ակնկալիքով: «Մենք`մարմնավաճառներս, մեր վաստակածի մի փոքր մասը տալիս ենք բարի ղեկավարությանը: Ժամանակ առ ժամանակ ստիպված ենք լինում կաշառել ոստիկանությանը: Այժմ մի քանի մշտական հաճախորդներ ունեմ. նրանք վստահելի են եւ խնդիրներ չեն առաջացնում: Բայց ժամանակին վատ հաճախորդներ էլ եմ ունեցել: Մի քանի անգամ ինձ սարսափելի ծեծի են ենթարկել, եղել են այնպիսիները, ովքեր չէին ուզում վճարել: Ամեն տեսակ էլ եղել են», - պատմում է Մամեդովան: Նիգյար Մուսաեւա, Ադրբեջան Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter