HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Արեւմուտքն ամեն առիթ պիտի օգտագործի` Թուրքիային հարվածելու համար»

«Մեր ռազմավարական դաշնակիցը եղել եւ մնում է Ռուսաստանը, բայց վերջին շրջանում Ադրբեջանի հետ մերձեցումը, բնականաբար, մտահոգիչ է,- այսօր հայտարարեց ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:- Մենք պիտի իմանանք, որ Ռուսաստանի համար, ցավոք սրտի, Ադրբեջանը բավականին լուրջ կշիռ է ներկայացնում, ու նավթային գործոնը հաշվի առնելով` Ռուսաստանը, հնարավոր է, ադրբեջանամետ լուրջ քայլեր կատարի: Ըստ այդմ` մենք պետք է կարողանանք մեր ռազմավարական դաշնակցի հետ շատ ու շատ հարցեր ճշտել: Խոսքը մասնավորապես ԱՊՀ որեւէ երկրի կողմից ՀԱՊԿ որեւէ երկրի վրա հարձակվելու մասին է: Այսինքն` ՀԱՊԿ համաձայնագրի մեջ հստակություն չկա, թե եթե ԱՊՀ որեւէ անդամ հարձակվի ՀԱՊԿ երկրներից մեկի վրա, ինչ պետք է լինի ՀԱՊԿ մյուս երկրների հաջորդ քաղաքական քայլը: Խոսվում է, որ երկրների ղեկավարների կողմից պիտի շտապ խորհրդակցություն հրավիրվի, բայց թե հաջորդ քայլն ինչ է լինելու, պարզ չէ: Մեր կողմից պետք է հստակեցվի, որ նման դեպքում ՀԱՊԿ երկները պիտի պաշտպանեն հարձակման ենթարկված երկրին: Որքան գիտեմ, այս ուղղությամբ աշխատանքներ տարվում են»: Սեւրի պայմանագրի 90-ամյակին նվիրված ասուլիսի բանախոսը նշեց, որ այսօր էլ տարբեր երկրներ Թուրքիայի հետ խնդիրներ ունենալու պարագայում անմիջապես հիշեցնում են 1920 թ. օգոստոսի 10-ը: «Դա նշանակում է, որ պայմանագրի վավերացման բացակայությունը չի նշանակում, թե փաստաթուղթը դարձել է առ ոչինչ,- նշեց Ա. Մելքոնայնը, ապա հավելեց,- մանավանդ որ գոյություն ունի 1920-ի նոյեմբերի 22-ի իրավարար վճիռը: Բանն այն է, որ Սեւրի դաշնագրում, ինչպես Արա Պապյանն է բազմիցս հայտարարել, այսպիսի հետաքրքիր կետ կա. Անտանտի երկրների կողմից ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնին հանձնարարվում է իրավարար վճռով գծել հայ-թուքրական սահմանագիծը: Եվ այն պահին, երբ նա այդ փաստաթուղթը կներկայացնի մեծ տերություններին, անմիջապես այն իրաավական ուժ է կստանա` անկախ նրանից, ամբողջ իրավական փաստաթուղթը վավերացվել է, թե ոչ: Այսինքն` իրավարար վճիռը նոյեմբերի 22-ից արդեն ուժի մեջ էր: Այլ հարց է, որ վիճակը փոխվել էր: Քեմալական Թուրքիան Ռուսաստանի օգնությամբ բավականին ուժեղացել էր եւ հայ-թուրքական պատերազմում հաջողություն էր ունեցել: Սեւրի դաշնագիրը կյանքի չկոչվեց մասնավորապես այն պատճառով , որ Արեւմուտքը գործուն ձեւով տեր չկանգնեց դրան: Բայց պահետ առիթի դեպքում այս փաստաթուղթը կարող է օգտագործվել, մանավանդ որ Թուրքիայում  դեպի իսլամ տանող վերջին զարգացումները ու այդ երկրի կողմից արաբական աշխարհում լիդեր դառնալու հավակնությունները կարող են հարուցել Արեւմուտքի դժգոհությունը : Ըստ սոցիոլոգիական հարցումների` թուրքական հասարակությունը գտնում է, որ իրենց առաջին թշնամին Միացյալ Նահանգներն է, որքան գիտեմ, մենք երկրորդ տեղում ենք: Դա նշանակում է, որ Արեւմուտքն ամեն առիթ պիտի օգտագործի` Թուրքիային հարվածելու համար, ինչպես եղել է դարեր շարունակ: Այլ հարց է` մենք դրանից կշահե՞նք , թե՞ ոչ: Բայց որ մենք պիտի պատրաստ լինենք, դա փաստ է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter