
Գյումրու «Քաղաքային ուսումնասիրությունների կենտրոն» հասարակական կազամկերպությունն ու Անկարայի «Կոզա վիզուալ» ֆիլմարտադրությամբ զբաղվող կազմակերպությունը համատեղ Կարսում եւ Գյումրիում փոքրաբյուջե ֆիլմերի նկարահանման ծրագիր են իրականացնում: Ծրագիրը կոչվում է «բերաբեր», որ թուրքերենից թարգմանաբար նշանակում է «միասին»: Այն կյանքի է կոչվել 2 տարվա համառ ու հետեւողական աշխատանքի շնորհիվ:
Կարսում մեկ շաբաթ աշխատելուց հետո նկարահանող խմբերը ժամանել են Գյումրի, որտեղ պիտի շարունակվեն նկարահանումները: «Մեր նպատակն է ֆիլմերի միջոցով մերձեցնել Կարսի եւ Գյումրիի համայնքները,- «Ասպարեզ» լրագրողների ակումբում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ծրագրի հայկական կողմի կոորդինատոր Արմինե Ավետիսյանը,- սա ամենաազդեցիկ միջոցն է եւ լայն մասսաներին հասցնելու խնդիր էլ կա, որ էս դեպքում հեշտ կլինի լուծել: Նկարահանված ֆիլմերը մենք կտեղադրենք համացանցում: Հեռուստադիտողը հնարավորություն կունենա ծանոթանալու երկու տարբեր ժողովուրդների մշակույթների նմանությանը: Մենք շեշտը դրել ենք հենց նմանությունների վրա»:
Ֆիլմերում արտացոլված սյուժեների նպատակն է ցույց տալ, որ փակ սահմանները արգելք չեն մարդկային շփման համար: Թուրք վավերագրող, ռեժիսոր Ինջե Օքթայը Մեջլի քաղաքից է: Թե Գյումրիում, թե Կարսում լինում է առաջին անգամ: Հայ ռեժիսոր Արմեն Վարդանյանի հետ նրանք նկարահանելու են մի ֆիլմ, որ կոչվելու է «Ցավի հետքերով»: Ֆիլմերից մեկը նվիրվելու է Եղիշե Չարենցին: Կլինի ֆիլմ նաեւ Գյումրիից Կարս գաղթած եւ Կարսից Գյումրի գաղթած երկու գերդաստանների ժառանգների մասին եւ այլն:
«Երկար ժամանակ մտածել եմ հայ-թուրքական հարաբերությունների շուրջ:

Հրանտ Դինքը մեզ համար շատ կարեւոր անձ է եղել: Նրա գրվածքները կարդալով` փորձում էինք հասկանալ հայ-թուրքական հարաբերությունները եւ Դինքի կորուստը շատ մեծ ցավ էր մեզ համար,- ասաց «Կոզա վիզուալի» ղեկավար
Օզգե Չելիք Ասլանը,- Եվ շատ կարեւոր մի բան է ասել Հրանտը, որ հայ-թուրքական հարաբերությունները դրանք միայն քաղաքականություն չեն եւ երկու հասարակությունների միջեւ կապերը շատ կարեւոր են: Այս ծրագրով մենք քայլ են անում հենց այդ հասարակությունների մերձեցմանը»:
Ոչ պրոֆեսիոնալ, վավերագրական ֆիլմերի արտադրության մեջ ներգրավված են նաեւ դերասաններ եւ ուսանողներ: Նկարահանվող ֆիլմերում կբացակայի քաղաքականությունը: Ուղիղ իմաստով չի շոշափվի նաեւ ցեղասպանության հարցը: «Մեր միջեւ անջրպետը բավական երկար է եղել, պիտի փորձենք հաղորդակցվել թեկուզ մշակույթներով, փորձենք պարզել` ունե՞նք նմանություններ եւ արդյոք դրանք կտանե՞ն դեպի խաղաղություն»,- ասաց Ինջե Օքթայը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել