HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ո՞ւմ Հայրենիքն է Հայաստանը - 1

Հայրենիքն ըմբռնելու համար պետք է այն բաղադրել։ Բաղադրիչներն էլ պետք է դասդասել ուղղահայաց հերթականությամբ։ Ողջամտորեն այս գործը կատարելու դեպքում առաջին հորիզոնականում կլինի լեզուն, որի նշանակությունը բոլոր ազգերի համար գրեթե նույնն է։

«Հայրենիքի» ըմբռնման մեջ լեզվի կարեւորագույն նշանակությունը շեշտելու համար բավական է հիշել հնագույն ժողովուրդներից երկուսի՝ հրեաների եւ բասկերի պատմությունը։

Տասնութ հարյուրամյակ մեռած համարվող եբրայերենի կամ, ինչպես ասում են, իվրիտի վերածնման գաղափարը սիոնիզմի անքակտելի մասն էր։ Հրեաները դեռեւս 1904 թվականին Երուսաղեմում հիմնել էին իվրիտի ուսուցիչների պատրաստման սեմինարիա, իսկ արդեն 1905-ին բացել դպրոց, որտեղ ուսուցումը կատարվում էր այդ լեզվով։ Իսրայելի ստեղծումից տասներեք տարի առաջ հրեական պետության ապագա առաջին նախագահ Խայիմ Վայցմանն ասում էր. «Մենք եկել ենք Իսրայել ոչ նրա համար, որ պատճենենք Վարշավայի կամ Լոնդոնի կյանքը»։ Այսինքն, ըստ Վայցմանի` չկա Հայրենիք առանց մայրենի լեզվի։

Նույնն է նաեւ բասկերի դեպքում։ Տասնիններորդ դարի երկրորդ կեսին, երբ ձեւավորվում էր բասկյան ազգայնականությունը, հավաքականության եւ ինքնության գիտակցման գլխավոր խթան էր դիտվում լեզուն։

Բարեբախտաբար, մենք՝ հայերս, լեզուն վերածնելու խնդիր չենք ունեցել, քանի որ մեր բնաշխարհում եւ բնակության հարակից վայրերում (Արեւելյան Հայաստան, Արեւմտյան Հայաստան, Կովկասի քաղաքներ) հայերենը չէր մոռացվել գոնե որպես խոսակցական լեզու։

Հիմա հայերենը Հայաստանի Հանրապետության պետական լեզուն է, բայց, իրավական նման բարձր կարգավիճակ ունենալով, տեղավորվո՞ւմ է, արդյոք, Հայրենիքի մեր ըմբռնման մեջ։

Հայերենն, իմ կարծիքով, Հայաստանում դիտվում է որպես հաղորդակցության միջոց կամ, ավելի ճիշտ, հաղորդակցության միջոցներից մեկը։ Այսինքն՝ լինելով Չարենցի ասած «ճկուն ու բարբարոս»` այն հաճախ չի դիմանում նորություններն արագորեն մարսող եւ առավել գործնական ռուսերենի ու անգլերենի մրցակցությանը։ Բայց դա այդպես է ոչ այն պատճառով, որ մարդն առհասարակ նախընտրում է հեշտն ու պարզը, այլ որովհետեւ լեզուն չի բարձրանում հաղորդակցության միջոցի մակարդակից եւ չի ընկալվում որպես պարտադիր արժեք։

-Պահո՜,- կբացականչեն որոշ ընդդիմախոսներ՝ հատկապես նկատի ունենալով «արժեք»-ից առաջ դրված բավական տհաճ «պարտադիր» բառը։ Բայց պարտադրանքը ոչ միայն ու ոչ անպայման ուրիշի՝ ավելի ուժեղի, ավելի ազդեցիկի նշած ճանապարհն է։ Պարտադրանք կա նաեւ ներսում՝ բարոյականության կամ ինքնագնահատականի տեսքով։

Տարիներ առաջ բավական համակրելի մի տիկին հանդիպել էր ինձ, որպեսզի հեռուստատեսային նախագիծ առաջարկի։ Հանդիպման ամբողջ ընթացքում տիկինը հայերեն որեւէ բառ չարտասանեց։ Եւ ի՞նչ եք կարծում, ի՞նչ նախագիծ էր առաջարկում նա։ Ռուսերենի հեռուստատեսային արագուսո՞ւյց։ Ո՛չ։ Ռուս գրականությունն ու մշակույթը ներկայացնող հաղորդաշա՞ր։ Ո՛չ։ Ռուսախոս տիկինն առաջարկում էր ստեղծել ֆիլմաշար հայ ազգի բացառիկության մասին։ Հասկացա՞ք։

Եթե սա հասկացաք, կհասկանաք նաեւ, թե ինչո՞ւ են իրենց երեխաների հետ բացառապես ռուսերեն խոսող, անգլերենի պարապմունքների վրա ոչինչ չխնայող, բայց հայերենը փողոցի ու «տիլիվիզըրի» հույսին թողած մեր բազմաթիվ հայրենակիցներ ցնցումներ ունենում, երբ խոսք է գնում ադրբեջանական շրջանները հանձնելու մասին եւ երկար-բարակ բացատրում, որ դրանք «իստորիչեսկիե առմյանսկիե զեմլի»։

Իմ տեսած ոչ մի երկրում այսքան եւ այսպես նվաստացած չէ մայրենի լեզուն, որքան եւ ինչպես Հայաստանում։ Մեր ցուցանակներին, լուսագիր անվանումներին ու գովազդային վահանակներին նայելիս տպավորություն ես ստանում, որ սա ոչ թե ինչ-որ հանրույթի հայրենիքն է, այլ՝ նույն հանրույթի իղձերի խտացումը։ Իղձերն էլ ոչ այլ ինչ են, քան «ստեղից թռնելու» տափակ երազանք։ Այլ կերպ չես բացատրի «Նյու Յորք», «Բելաջիո», «Մալիբու» ու նմանատիպ անունների շարքը մեր քաղաքի փողոցներում։ Այլ կերպ չես բացատրի նաեւ լատինական շրիֆտի ճնշող մեծությունը մեսրոպյան տառերի համեմատ։

Ասում են՝ հայկական տառատեսակները լավը չեն, հայկական տառերի գրաֆիկան դիզայնի համար հարմար չէ։ Լավը ստեղծենք, հարմարեցնենք դիզայնին, գնանք Վրաստան ու Թիֆլիսի փողոցներում տեսնենք, թե վրացիները լատինականից գրաֆիկայով շատ ավելի տարբերվող իրենց տառերը ո՞նց են մշակել ու հարմարեցրել։

Բայց չէ, ստեղծելու, մշակելու, աշխարհին ներդաշնակվելու փոխարեն մենք նախընտրում ենք հայրենասիրության ամենապարզունակ ձեւը՝ պոռոտախոսությունը, որն ավելի մեղմ ձեւակերպմամբ կարելի է կոչել ունայնախոսություն։

Ունայնախոսությունն է, որ չի ենթադրում ոչ մի պատասխանատվություն։ Ունայնախոսությունն է, որ երբեք չի ստուգվում հակադարձ հարցով։ Ու երբ, օրինակ, ասում ենք, թե հայերենն աշխարհի հնագույն լեզուներից մեկն է, չենք էլ ջանում ստուգել «հետո՞ ինչ» պարզունակ հակադարձումով, որպեսզի, հետեւաբար, եզրակացություն անենք ու մեր ասածը «պլակատից» իջեցնելով` դնենք ճիշտ տեղում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter