Արցախում հացի գինն առայժմ չի բարձրանա
ԼՂՀ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը հանրապետության ալյուր և հաց արտադրող խոշոր կազմակերպությունների պատասխանատուների մասնակցությամբ նախօրեին անցկացրել է խորհրդակցություն` կապված հանրապետությունում հացի գնի կտրուկ բարձրացման հետ:
Խորհրդակցությանը ներկա են եղել ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը և ԿԱ հարկային պետական ծառայության պետ Արտակ Բալայանը: Քննարկվել են թանկացման պատճառները: Դրանք, ըստ ալյուր արտադրող ընկերությունների ղեկավարների, պայմանավորված են տեղական շուկայում ցորենի բացակայությամբ, որն իր հերթին կապված է դրա գնի անորոշությամբ:
Ալյուր արտադրող կազմակերպությունների ղեկավարները կառավարությանը դիմել են հանրապետությունից հացահատիկի արտահանումը վերահսկելու խնդրանքով:
Հաց արտադրող կազմակերպությունների ղեկավարների խոսքերով` առաջին անհրաժեշտության սննդամթերքի թանկացումը ալյուրի գնից է կախված: Բարձրորակ հաց ստանալու համար նրանք այլուր են ներմուծում նաև Հայաստանից. գներն այնտեղ վերջին երկու օրվա ընթացքում բարձրացվել են: Սակայն փոխվարչապետի նկատամամբ, հացի արտադրությունն առայժմ իրականացվում է նախկին գներով ձեռքբերված ալյուրով, և կտրուկ բարձրացումներն այդքան էլ հիմնավորված չեն:
Ըստ Ս. Թևոսյանի` հացարտադրությունը, բացի բիզնես լինելուց, նաև սոցիալական և պետական անվտանգության հարց է, և կառավարությունը չի կարող անտարբեր մնալ: Բնագավառում ցանկացած փոփոխություններից առաջ նախ պետք է խորհրդակցել և համաձայնության գալ կառավարության հետ, որպեսզի գործադիրը կարողանա համապատասխան միջոցներ ձեռնարկել:
ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հ. Ղահրամանյանի ունեցած տվյաներով` հանրապետությունում առաջիկա 20-25 օրում հացի թանկացում չպետք է տեղի ունենար. թանկացումը հրատապ չէր: Ըստ նրա` հակամրցակցային պայմանավորվածություն է ձեռք բերվել հաց արտադրողների միջև, ինչը հղի է բացասական հետևանքներով:
ԿԱ հարկային պետական ծառայության պետ Ա. Բալայանն առաջարկել է հացահատիկի պաշարներն ուսումնասիրելու և ճշգրտելու, գնի հարցում հետևություններ անելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ:
Ինչպես հայտնում են ԼՂՀ կառավարության մամլո ծառայությունից, խորհրդակցության ընթացքում ալրաղացների ղեկավարներն ու հաց արտադրողներն եկել են ընդհանուր համաձայնության` առայժմ պահպանել նախկին գները: Ս. Թևոսյանը ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվողներին առաջարկել է հանդիպել նորից, համապատասխան առաջարկություններով և հիմնավորումներով փորձել գտնել ընդունելի լուծումը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել