HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աննախադեպ որոշում. սենատորները խափանում են

Ադրբեջանում և Թուրքիայում ԱՄՆ դեսպանների նշանակումը Հարութ Սասունյան Անցյալ շաբաթ, երբ սենատորներն իրենց աննախադեպ որոշմամբ խափանեցին Նախագահի կողմից առաջադրված դեսպանների թեկնածությունը ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Թուրքիայում, Բարաք Օբամայի վարչակազմը շատ անհարմար վիճակի մեջ հայտնվեց: Անտեսելով բոլոր նախազգուշացումները, որ Սենատում Բաքվի և Անկարայի համար առաջադրված թեկնածուներ Մեթյու Բրայզան և Ֆրենսիս Ռիկիարդոնեն լուրջ ընդդիմության են հանդիպելու, վարչակազմը դրսևորեց փորձառության և առողջ դատողության իսպառ բացակայություն: Սպիտակ տունը, Պետքարտուղարությունը և Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նախօրոք համաձայնվել էին այդ երկու թեկնածուներին արագորեն դեսպան նշանակել՝ նախքան Սենատի անդամների ամառային արձակուրդի մեկնելը, մինչև սեպտեմբերի կեսերը: Բրայզան այնքան ինքնավստահ էր, որ ստանձնելու էր Բաքվում իր նոր պաշտոնը օգոստոսի սկզբներին, որ անգամ պատրաստություններ էր տեսել Վաշինգտոնում իր բնակարանը վարձակալության տալու համար: Ի տարբերություն հրապարակված զեկույցների, ամերիկահայ համայնքը Բրայզայի թեկնածությանը չընդդիմացավ՝ ելնելով զուտ իր շահադիտական նկատառումներից: Հիմնական հարցը, որը բարձրացվեց Հայ Դատի հանձնախմբի կողմից այն էր, թե արդյոք Բրայզան կարող է Միացյալ Նահանգների շահերը պատշաճորեն ներկայացնել Բաքվում: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում թեկնածուի սուր քննադատությունը պայմանավորված էր ինչպես նրա, այնպես էլ նրա` թուրքական ծագում ունեցող, Հուդսոնի ինստիտուտի աշխատակից կնոջ կողմից պաշտոնական դիրքի չարաշահման բազմաթիվ մեղադրանքների առկայությամբ: Բրայզա ամուսիններին քննադատեցին ադրբեջանցի և թուրք պաշտոնյաների հետ ունեցած «չափազանց ջերմ» կապերի և Ստամբուլում կայացած նրանց հարսանիքի առիթով այդ անձանցից ստացած նվերների համար: Մեթյու Բրայզայի հաստատման համար անցկացված լսումների ժամանակ նրա խուսափողական և անբավարար պատասխանները դրդեցին սենատոր Բարբարա Բոքսերին, հանձնաժողովի նախագահ սենատոր Ջոն Քերիից խնդրել մինչև սեպտեմբերի կեսերը հետաձգել նրա հաստատումը: Այդ ընթացքում, Միացյալ Նահանգների պաշտոնյաները և ուրիշներ հնարավորություն կունենան հանգամանորեն ուսումնասիրել հանձնաժողովում լսումների ժամանակ ծագած հարցերը: Եթե սենատորները գտնեն, որ Բրայզային ներկայացված մեղադրանքները բավարար հիմնավորում չունեն նրա թեկնածությունը մերժելու համար, ապա նա կարող է հաստատվել որպես ԱՄՆ հաջորդ դեսպան Ադրբեջանում: Սակայն, եթե խախտումներն առկա են, ապա ավելի լավ է, որ դրանք ի հայտ գան այժմ, այլ ոչ թե նրան Բաքվում նշանակելուց հետո` Օբամայի վարչակազմը զերծ պահելով սկանդալային բացահայտումներից և դժվարություններից: Մյուս կողմից, Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածու Ֆրենսիս Ռիկիարդոնեի ընտրությունը «թղթի վրա» թվում էր կատարյալ: Նա արտաքին ծառայությունների գծով 32 տարվա մեծ փորձառություն ունի, աշխատել է որպես փոխդեսպան Աֆղանստանում, ինչպես նաև Թուրքիայում և վարժ տիրապետում է թուրքերենին: Ցավոք, Ռիկիարդոնեի դեմ մի կարևոր մեղադրանք կա, որը Օբամայի վարչակազմի կողմից անխոհեմաբար անտեսվեց: Նեոպահպանողականների կողմից սուր բողոքներ հնչեցին, որ 2005-2008 թվականներին Ռիկիարդոնեն Եգիպտոսում դեսպանի պաշտոնում աշխատելու ժամանակ չի կարողացել աջակցել Բուշի վարչակազմի՝ այդ երկրում ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանությանը նպաստելու թույլ ջանքերին: Նեոպահպանողականները գիտակցելով, որ վարչակազմը ականջալուր չէ իրենց առարկություններին, փորձեցին խափանել նրա թեկնածությունը: Սենատոր Սեմ Բրաունբակը Ռիկիարդոնեի թեկնածության վրա «կասեցում» (hold) դրեց, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից նրա հաստատումից հետո՝ խափանելով նրա նշանակումը Սենատի լիագումար նիստի կողմից: Foreign Policy ամսագիրը հայտնել է, որ Ռիկիարդոնեի քննադատները կարծում են, որ «նրա ուժեղ անհատականությունը և հաճախ կոպիտ խոսելաոճը վատ խառնուրդ են իրեն առաջարկված նոր պաշտոնի համար, միաժամանակ նա հակված է շատ մտերմանալու օտար թիմակիցների հետ»: Ամսագիրը նաև մեջբերել է American Enterprise Institute-ի փոխնախագահ Դանիելա Պլետկայի խոսքերը. «Այժմ, մեզ համար այն պահը չէ մի այնպիսի դեսպան ունենալ Թուրքիայում, որն ավելի շատ շահագրգռված է տեղական բռնակալներին ծառայել, քան ներկայացնել իր վարչակազմի շահերը»: Ադրբեջանում և Թուրքիայում ԱՄՆ դեսպանների հաստատման խափանումը գրավել է Վաշինգտոնի, Բաքվի և Անկարայի ուշադրությունը: Ամերիկյան, ադրբեջանական և թուրքական խոշոր թերթերը մեղադրել են ամերիկահայ համայնքին և Հայ Դատի հանձնախմբին` Բրայզայի թեկնածությունը ձախողելու համար: Վաշինգտոնում լույս տեսնող հեղինակավոր Politico ամսագիրը հաղորդում է, որ Բրայզան բախվել է «Հայ Դատի հանձնախմբի` լոբբիստական խմբի դիմադրությանը»: AzerNews Weekly-ն Բրայզայի հարցով մեղադրում է «հայկական Սփյուռքին», իսկ Թուրքիայի խոշորագույն Hurriyet թերթը հաղորդում է, որ Բրայզայի թեկնածությունը հետաձգվել է «ի պատասխան հայկական լոբբիստական խմբերի ճնշումների»: Ըստ որոշ լրատվամիջոցների, Օբամայի վարչակազմը չի ցանկանա իր քաղաքական կապիտալն օգտագործել այս թեկնածուներին փրկելու համար: Կոլումբիայի համալսարանի Հարավային Կովկասի գծով փորձագետ Լինքոլն Միտչելը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ չի կարծում, թե Օբամայի վարչակազմը պատրաստվում է պայքարել ընդդեմ իր (դեմոկրատական) կուսակցության սենատորների` Բրայզային փրկելու համար: Foreign Policy ամսագրում, վարչակազմի կողմից Ռիկարդիոնեին փրկելու դժկամության մասին նման գնահատական էր տվել նաև Հանրապետական սենատորի մի օգնական: Բաքվում և Անկարայում ԱՄՆ դեսպանների երկարատև բացակայությունը համընկնում է այս երկու մայրաքաղաքների և Վաշինգտոնի միջև լարված հարաբերությունների ժամանակաշրջանի հետ: Հաշվի առնելով նոյեմբերին կայանալիք վճռորոշ ընտրությունների նախաշեմին Օբամայի վարչակազմի ներքին և արտաքին բազմաթիվ ճգնաժամերը, հազիվ թե նա կարողանա եռանդուն կերպով հետամուտ լինել իր դեսպանների նշանակմանը Ադրբեջանում և Թուրքիայում: Հարութ Սասունյան` «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Թարգմ.՝ Ռ.Ավագյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter